ՍԵՐ Է ՍԵՐՄԱՆՈՒՄ ՍՐՏԵՐՈՒՄ Ոչ ոք չգիտի, թե ի՞նչ է նրա ազգանունը։ Պարզապես՝ քույր Արուսյակ։ Այդ անունը անչափ հարազատ է գյումրեցիներին, առավել եւս՝ երկրաշարժի տառապանքի բովով անցած ծնողազուրկ երեխաներին։ Այդ անունը շատ ծանոթ է նաեւ տեղական ու կենտրոնական իշխանություններին։ Այդ անունը տալիս են ակնածանքով, սիրով։ Իր 56 սաները սիրում են նրան, չորս քույրերը հնազանդվում, օգնում, տասնյակ կազմակերպություններ, բարերարներ խորհրդակցում, դիմում են նրա օգնությանը։ Հնարավոր չէ չանսալ նրա խոսքին, խորհրդին։ Այդ փոքրամարմին, ժրաջան կնոջ մեջ այնքան առաքինություններ կան՝ եռանդ, աշխատասիրություն, սթափ դատողություն, համոզելու կարողություն, իսկ նախեւառաջ հավատք, սեր, նվիրվածություն եւ խոնարհություն։ «Ով իր անձը կը խոնարհեցնի՝ պիտի բարձրանա (Ղուկ. ժը 14)»։ Կաթոլիկ քրիստոնյա միանձնուհու առջեւ բաց են բոլոր դռները։ Տիրոջ խոսքին համաձայն՝ «բախիր եւ կբացվի» եւ ինչպես Քրիստոսն է ասում՝ «մանանեխի հատիկի չափ հավատքը կարող է սարեր շրջել»։ Քույր Արուսյակը շրջել է չկամության, խոչընդոտների, բյուրոկրատական արգելքների սարեր։ «Ռոբերտ Պողոսյան եւ որդիք» հիմնադրամի միջոցներով քույր Արուսյակը Գյումրիի Անի թաղամասում կառուցեց «Տիրամայր Հայաստանի» Պողոսյան կրթահամալիրի նոր շենքը, «Պողոսյան պուրակը»։ Եվ դա բոլորը չէ։ Դրանք իր աշխատանքի տեսանելի կողմերն են։ Իսկ անտեսանելին տեսնում է միայն նա, ում քույր Արուսյակը նվիրել է իր ողջ կյանքը։ Փոքր պարտքից հոգեւոր կոչում ընդունելով, որպես «Անարատ հղիության, հայ քույրերի միաբանության» անդամ (հիմն. 1847թ. Կ. Պոլիս, եղեռնից հետո մայրավանքը փոխադրվել է Հռոմ), նա երկար տարիներ ծառայել է իր ժողովրդին։ Թողնելով Ֆիլադելֆիայի կաթոլիկ հոգեւոր դպրոցի տնօրինությունը՝ 1988-ին եկել է Հայաստան, Գյումրի, ուր մինչեւ հիմա աշխատում է օրն ի բուն։ Փողը չնչին նյութ է։ Այն դառնում է արժեք, երբ հոգի ես դնում գործի մեջ, այն վերածելու բարիքի, աշխատանքի, ապաստանի։ Սփյուռքահայ բարերարների գումարները քույր Արուսյակի միջոցով ուղղորդվում են դեպի ճշգրիտ նպատակ. այնտեղ, ուր կարիքն է թագավորում, այն դառնում է հաց, դպրոց, ճամբար, այգի։ Հայաստանում գործող բոլոր միջազգային կազմակերպությունների համագործակցությունն ապահովելու համար, հավանաբար, մի քանի մասնագետ մենեջերներ էին պետք, համակարգիչներ ու բիզնես-պլաններ։ Այդ բոլորը քույր Արուսյակն է անում, շնորհիվ իրեն տրված խելքի ու իմաստնության, աշխատանքի բովում ձեռք բերված հարուստ փորձի, իր կրթության (կատարելապես տիրապետում է հայերենին, ֆրանսերենին եւ անգլերենին), իր հոգեւոր դաստիրակության եւ իր անսասան հավատքի։ Քույր Արուսյակը Ծաղկաձորում ձեռնարկել է իր սաների եւ, ընդհանրապես, հայ մանուկների համար կառուցել ճամբար, որը պիտի դառնա ամառային հանգստի գոտի։ Շինարարական աշխատանքների ծավալը մեծ է։ Այն ֆինանսավորում է «Ֆոնդասիոն Ալիանս Արմինյեն» հայ բիզնեսմենների միությունը։ Քույր Արուսյակը մի քանի խոսքով պատմեց իր աշխատանքի մասին. «Տիրամայր Հայաստանի» կրթական համալիրը ամենեն առաջ երեխաներին տալիս է հայկական, բարոյական դաստիարակություն, որ մեր երեխաները սովորեն այն, ինչ հայուն այնքան թանկագին է, մեր նախնիների հավատքը, բարոյական արժեքները, աշխատասիրությունը եւ այն լավն ու բարին, որն արժեքավորել են մեր նախնիները։ Սա մեր առաջնակարգ նպատակն է։ Քանի որ դեռ մեր ժողովուրդը խեղճ ու կարոտ վիճակի մեջ է, դպրոց ենք ընդունում որբերի եւ չափազանց կարիքավոր ընտանիքի երեխաների։ Ունենք նաեւ մի քանի երիտասարդ աղջիկներ, որոնք ցանկություն ունեն մեր օրինակին հետեւելու, նվիրվելու մեր ժողովրդին, մեր նոր սերնդի դաստիարակությանը։ Ունենք նաեւ մի քանի երեխաներ, որոնք աշխարհում ազգական չունեն, դրանց էլ ընդգրկել ենք տարբեր տեղերից։ Նրանք մնալու են մեզ հետ։ Եթե կարողացանք՝ կամուսնացնենք, եթե ոչ՝ իրենց տուն կտանք, արդեն մի բարերար այդ ուղղությամբ աշխատում է։ Եվ կապահովենք կենտրոնում նրանց ապրուստը, այստեղ կարող են սովորել, զարգանալ, որքան որ իրենք ցանկություն ունեն։ Բայց եթե լավ տղաների հանդիպեն, ուզում ենք անպայման ամուսնացնել։ Մեր կենտրոնի աշխատանքներն այժմ կենտրոնանում են որբ, կարիքավոր երեխաների վրա։ Մենք օգնում ենք նաեւ միայնակ մայրերին, մի քանիսին տվել ենք հարկաբաժին եւ ապահովում ենք սնունդով։ Մենք ցանկություն ունենք ոչ որբ, բայց հոգեւոր սնունդի կարոտյալներին եւս ընդգրկել արտադպրոցական դասընթացներին։ Հաջորդ սեպտեմբերին, հուսով ենք, դասընթացներ պիտի ունենանք։ Մեր ծրագրերը շա՜տ-շատ են՝ միայնակ ծերերին հասնել, տներում այցելել ժողովրդին։ Առայժմ պիտի սահմանափակվենք, որովհետեւ մեր ուժերը սահմանափակ են»։ Մայր Թերեզան եկավ սփոփելու մեր ժողովրդի անամոք ցավը եւ գնաց։ Քույր Արուսյակը եկավ եւ մնաց։ Տերն ընդ Ձեզ։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ