Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի

Մայիս 11,2001 00:00

ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԴԱՇՏԸ ՓԽՐՈՒՆ ԷՐ Հոկտեմբերի 27-ի նախօրեին «Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննությունից բացակայում էին ամբաստանյալ Դերենիկ Բեջանովի պաշտպանն ու Սարգսյանների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ա. Յունոշեւը։ Վերջինս գտնվում է Մոսկվայում։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանն այս անգամ էլ դատարկաձեռն չէր. երեկ դատարանին նա ներկայացրեց իր 60 էջանոց «ժողովածուն»՝ «Դարի վերջի հայն ու Հայաստանը»։ Ես չեմ ուզում կանխակալ մոտեցում ցուցաբերել նմանօրինակ դրկից «ժողովածուների» մասին, բայց, քանի որ այն առայժմ հասու չէ գործով ներգրավված փաստաբաններին, տուժողների իրավահաջորդներին, ինչ երաշխիք, թե գրական-գեղարվեստական «ժողովածուների» բովանդակության տակ այլ բան չի թաքնված… Ամբաստանյալը երեկ անդրադարձավ հոկտեմբերի 25-ի, 26-ի եւ 27-ի իրենց քայլերին մինչեւ ԱԺ մտնելը։ Նա ցուցմունք տվեց նաեւ Դերենիկ Բեջանովին իրենց խմբում ընդգրկելու մասին, թե ինչպես դեռ հոկտեմբերի 24-ի երեկոյան ինքը խոսակցություն է ունեցել ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանի հետ։ Վերջինիս ասելով՝ Դերենիկի հետ «ընդհանուր գծերով կարելի է խոսել», քանի որ ցանկալի կլիներ իմանալ «նա ինչ տրամադրություն կդրսեւորի»։ Ամբաստանյալը Դերենիկին ճանաչել է 1999թ. աշնանից «պատահաբար, գործով ամբաստանյալ Աշոտ Կնյազյանի բնակարանում։ Վերջին երկուսը հարեւաններ էին՝ նույն հարկում են բնակվում»։ Հանդիպման ժամանակ ինքը, ինչպես միշտ, խոսել է երկրի վիճակի մասին։ Աշոտն, իր հերթին, Դերենիկին բնութագրել է որպես ազնիվ եւ հայրենասեր մարդու։ Ամբաստանյալը չթաքցրեց, որ զենքի հետ կապված կասկածներ է ունեցել Աշոտի նկատմամբ եւ իր մոտ «կարծիք էր ձեւավորվել, որ այդ երեք ինքնաձիգերը, որ գտել էր Աշոտը մեզ համար՝ Դերոյինն էր»։ Եվ որոշել էր այդ իսկ պատճառով «մի փոքր բաց խոսել» նրա հետ։ Այդ բաց խոսելուց հետո ամբաստանյալը մտածել է, որ «լրացուցիչ զենքերի ձեռքբերումն էլ կհեշտանա, որովհետեւ գնելու դրամ չկար…»։ Բաց խոսելու մեջ մտնում էր նաեւ Դերենիկից համաձայնություն ստանալը իրենց «ապստամբությանը» միանալու առումով եւս։ Ամբաստանյալը հայտնեց, որ հոկտեմբերի 25-ին չի գտնում Դերենիկին եւ բաց խոսակցությունը թողնում է հաջորդ օրվան։ Փոխարենը՝ հոկտեմբերի 25-ին նա խոսել է լրագրող Տիգրան Նազարյանի հետ (ի դեպ, վկան այսօր գտնվում է ԱՄՆ-ում, գործով այլ վկաներ շարունակում են ծանուցագրեր ստանալ քաղաքից չբացակայելու մասին) եւ տեղեկացել նրանից, որ նույն օրը նա գնալու է ԱԺ. «Խնդրել եմ, որ անցագիր իջեցնել տա»։ Անցագիրն իջեցվել է, որն, ըստ ամբաստանյալի հովվերգական նկարագրության, տարվել է նկարահանման, որպեսզի, ինչպես նա ասաց, երբ որոշվի ապստամբության վերջնական օրը, անցագրի հարցով որեւէ մեկին չդիմի եւ եղածն էլ լրացնելով մուտք գործի ԱԺ։ Հետագայում ամբաստանյալը չհիշատակեց այդ պատճենների մասին։ Հոկտեմբերի 25-ին նա «թռուցիկ նկատել է» Մուշեղ Մովսիսյանին, ապա քիչ անց ուղղեց իրեն ասելով. «10-15 րոպեի չափ տեսել եմ Մուշեղ Մովսիսյանին… նրան բարեւել եմ եւ որեւէ խոսակցություն չեմ ունեցել»։ Այդ օրը ժամը 18։00-ից հետո տանն էր եւ «հիմնականում խոսել եմ Վռամ Գալստյանի հետ, որպեսզի նրան համոզեմ ինձ հետ գալ»։ Տրված երաշխիքների դաշտը փխրուն էր։ Ամբաստանյալն ասաց, թե «նրա հետ խոսելիս եւ համոզելու ժամանակ, նրան որեւէ խոստում չեմ տվել (պաշտոն, փող կամ այլ բան), այլ միայն ասել եմ, որ զոհվելու հավանականությունը շատ բարձր է»։ Երաշխիքներ «մեռնելու» տրվել էր Էդիկին, Կարենին։ Իսկ ահա առարկայական երաշխիք, ի տարբերություն մյուսների, տրվում է Դերենիկ Բեջանովին, որին, ինչպես ամբաստանյալն ասաց, գրեթե չէր ճանաչել. «Դերենիկին նաեւ պաշտոններ կամ փող խոսք չի տրվել, քանի որ, իմ ծրագրի համաձայն, նոր ժամանակավոր կառավարություն ստեղծելուց հետո, անմիջապես պետք է կազմավորվեր ազգային գվարդիա։ Ես Կարենին ասացի, որ Դերենիկին այդպես էլ ասի, այսինքն՝ որ այս պահից իրեն հաշվի ապագա գվարդիայի զինվոր»։ Հետաքրքիր է, որ ամբաստանյալ-խմբի անդամներից ոչ ոք չի հարցնում, եթե զոհվելն է երաշխիքը, ապա ի՞նչ է սպասվում իրենց, եթե չզոհվեն… Հոկտեմբերի 26-ի երեկոյան, երբ ինքն ու Կարենը ճանապարհում էին իրենց հյուրին՝ Կամո Բեգլարյանին, վերջինս հետաքրքրվում է, թե ինչ կա ԱԺ-ում, որ ուզում ես գնալ։ Ամբաստանյալը հայտնում է՝ «կառավարությունն է գալիս այնտեղ, պատգամավորների հետ հարցուպատասխանի։ Կարծեմ ասացի. կուզե՞ս, դու էլ արի»։ Ամբաստանյալը, երբ արդեն պետք է ներկայացներ հոկտեմբերի 27-ի առավոտը, միջնորդեց, որ ժամանակ տան իրեն, քանի որ նշումներ չի արել՝ ոչինչ չի հիշում։ Խորհուրդ տրվեց ասել այն, ինչ հիշում է… Այնուամենայնիվ հիշեց, որ այդ օրը «բավական երկար ժամանակ» եղել է լոգարանում, որ Էդիկը, Կարենը, Վռամը ժամը 14։00-ի սահմաններում կրկին խոսել են ԱԺ գնալու իրենց գործողության ծրագրի մասին եւ այդ գործողության ժամանակ Էդիկը «գծագիր արեց՝ նշելով դահլիճը եւ միջանցքները»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել