Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի

Մայիս 11,2001 00:00

Ուրիշ տարածք չի ուզում Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի 10.10.2000թ. թիվ 1352 որոշման համաձայն՝ ապամոնտաժվեցին ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության «Սարիկո» ՊՓԲ-ը թիվ 10 դուստր ձեռնարկությանը հատկացված տարածքում տեղակայված ժամանակավոր շինությունները։ Շենգավիթ համայնքի Բագրատունյաց 41 հասցեում, «Ունիվերսամի» (այժմ՝ տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառքի կենտրոն) տարածքում էր գտնվում նաեւ Մանթաշյան փողոցի 4/2 շենքի թիվ 9 բնակարանի բնակիչ Շողիկ Առաքելյանի կրպակը, որը հանդիսանում էր այդ կրպակի օրինական սեփականատերը։ «Մեզ պատկանող կրպակը, որը գործում էր 1980թ. եւ, որպես կոլեկտիվի անդամ, սեփականաշնորհվել էր ինձ, մարտի 7-ին (2001թ.) տեխնիկայի օգնությամբ բարբարոսաբար ջարդուփշուր արեցին, ոչնչացվեց շուրջ 500 հազար դրամի սննդամթերք, ջարդվեց չորս սառնարան»,- պատմում է Շ. Առաքելյանը։ Վերջինիս տվյալներով, այդ գործողությունները կատարվել են «Ունիվերսամի» տնօրեն Արտակ Դավթյանի եւ նրա տարածքում գտնվող ապօրինի կրպակատիրոջ՝ Կարինե Բաբայանի նախաձեռնությամբ՝ «որպեսզի տարածքը տրվի Կարինեին՝ իր 3-րդ անօրինական կրպակը կառուցելու համար»։ Ըստ Շ. Առաքելյանի, այդ կրպակում աշխատում էին յոթ հոգի. «Շրջապատի բնակիչները մեզանից գնումներ էին կատարում ոչ կանխիկ դրամով եւ այժմ կրպակին պարտք են 1 մլն 170 հազար դրամ, որի կապակցությամբ շուրջ 200 ընտանիք ստորագրություններով դիմում ներկայացրին թաղապետարան՝ մեր կրպակը չապամոնտաժելու կապակցությամբ, սակայն՝ անարդյունք»։ Շ. Առաքելյանը կրպակի համար նոր տեղ հատկացնելու խնդրանքով դիմում է ներկայացնում քաղաքապետարան։ Քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Լ. Հարությունյանը դիմումին ի պատասխան հայտնում է, որ Շ. Առաքելյանը կարող է դիմել Շենգավիթի թաղապետարան՝ կրպակը այլ վայր տեղափոխելու թույլտվություն ստանալու համար։ Ըստ Շ. Առաքելյանի, արդեն մեկ ամիս է, զրկված են մի կտոր հացից։ Դիմումն ուղղելով նաեւ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վ. Դալլաքյանին՝ նա խնդրում է իրենց չզրկել սեփական քրտինքով ապրելու միջոցից. «Մենք այդ տաղավարով գոյատեւել ենք շուրջ 20 տարի, ինչո՞ւ եւ ո՞վ մեզ զրկեց այդ իրավունքից»։ Շ. Առաքելյանը նշեց, որ հարցը անարդար լուծում ստանալու դեպքում պատրաստվում են հացադուլ անել։ «Ունիվերսամի» տնօրեն Ա. Դավթյանը հերքեց տիկին Շողիկի ասածները։ Ըստ տնօրենի, կրպակների ապամոնտաժումը եղել է պետական որոշում եւ ոչ ոք ոչինչ չէր կարող անել։ Նրա կարծիքով, որոշումը շատ տեղին էր, որովհետեւ այդ տարածքը բարեկարգման կարիք էր զգում, իսկ Շողիկին դա բացարձակապես չէր հետաքրքրում. «Միայն տեսնեիք այդ անճոռնի, այլանդակ բուդկեքը, այդ տարածքը նրա սեփականությունը չէր, այլ միայն կրպակը»։ Ինչ վերաբերում է կրպակի մեջ եղած ապրանքը իր կողմից «ջարդուփշուր» անելուն, ապա դա, ըստ պրն Դավթյանի, հերյուրանք է եւ իրականությանը չի համապատասխանում։ Խնդրի վերաբերյալ դիմեցինք Շենգավիթի համայնքի վերահսկողության վարչության պետ Արմեն Գեւորգյանին։ Ըստ նրա, ամեն ինչ արվել է օրինական որոշման համաձայն։ Ա. Գեւորգյանը եւս հերքեց Շ. Առաքելյանի խոսքերը։ Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ թաղապետը համաձայնել է Շ. Առաքելյանին տալ նույնիսկ երկու կրպակի տարածք, բայց վերջինս չի համաձայնել՝ «թաղապետը նրան ասաց՝ բացի Նժդեհի հրապարակից, որ մասում ուզում ես՝ քեզ տարածք կտամ, իսկ Շողիկի ընտրությունը կանգնեց հենց հրապարակի վրա»։ Հարցրին, թե ինչու չի համաձայնում ուրիշ տարածք վերցնել, տիկին Շողիկը պատասխանեց. «Իմ ինչի՞ն է պետք ուրիշ տարածքը։ 5 հազար դոլար տամ, կրպակ սարքեմ, իմանալով, որ առեւտուր չի լինի, ինչի՞ս է պետք»։ Ինչ վերաբերում է կրպակը բարբարոսաբար ջարդուփշուր անելուն, պրն Գեւորգյանը ասաց, որ մարտի 7-ին եւ 8-ին ինքը իր տեղակալի հետ եղել է այդ վայրում. «Մենք այդտեղից չենք հեռացել եւ տեսել ենք, թե ինչպես է կրպակը զգուշությամբ հանվում։ Մի՞թե մենք ընդունակ ենք նման բանի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Շողիկի եւ մյուս կրպակատիրոջ՝ Կարինեի միջեւ երկար տարիներ անհանդուրժողականություն է եղել եւ հարաբերություններն ավելի են սրվել կրպակների ապամոնտաժման ժամանակ։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել