Լրահոս
Օրվա լրահոսը

Այն,

Մայիս 11,2001 00:00

ՄԵԿՆՈՒՄ ԵՆ «ՊՐԻՍՏԻԺՆԻ ԵՎ ՓՈՂՈՏ» ԱՇԽԱՏԱՆՔ ՃԱՐԵԼՈՒ Այն, որ դեսպանատների առջեւ օր օրի ավելանում են հերթերը՝ գիտեն բոլորը։ Գիտենք նաեւ, որ մեր հայրենակիցները, բարեկեցիկ կյանքի փնտրտուքներով տարված, հիմնականում մեկնում են արտասահմանյան կամ ռուսաստանյան մեծ ու փոքր քաղաքներ։ Հարցումների արդյունքում պարզվեց, որ Հայաստանից մեկնողները բաժանվում են երեք խմբի։ Առաջին խումբը մեկնում է սոցիալական դժվար պայմաններից «փախչելու» եւ դրսում (կարեւոր չէ, թե որ երկրում) մարդուն վայել ապրուստի միջոց ստեղծելու համար։ Որպես օրինակ ներկայացնենք մեր անցկացրած հարցումներից մի դրվագ։ Քառասունյոթամյա Լ. Ավետիսյանը օրերս պատրաստվում է ամուսնու հետ մեկնել Մոսկվա, որովհետեւ, ինչպես ինքն ասաց. «Հոգնել եմ էս չարքաշ կյանքից։ Իմ հող ու ջրից կտրվում եմ միայն նրա համար, որ կարամելի գործարանը, որտեղ աշխատել եմ 15 տարուց ավելի, որոշեց համալրվել նոր, երիտասարդ կադրերով։ Վաճառել ենք 20 տարվա համատեղ կառուցած տունը եւ մեկնում ենք։ Հենց որ հարմարվենք, երեխաներիս իրենց ընտանիքներով կտանենք, որովհետեւ էս երկրում ջահել-ջահել կկործանվեն ու իրենց ապրած կյանքից բան չեն հասկանա»։ Զրույցի ժամանակ հանկարծ մի ծերունի է մոտենում. «Բալես, էդ մեր էրգրից փախնողների մասի՞ն ես գրելու,- եւ պատասխանի չսպասելով ավելացնում,-էդ ճի՞շտ է, որ էն Ամերիկայի դեսպանատունը տարիքն առած մարդկանց չի մերժում,- եւ նորից պատասխանի չսպասելով ավարտում,- թե իմանամ ըտենց բան կա, կգնամ, որովհետեւ լսել եմ, որ ծերերին էնտեղ լավ են նայում, էլ թոշակ, էլ տուն-տեղ»։ Այս խոսքերից հետո ծերունին հեռացավ, բարձրաձայն ինքն իրեն որոշելով՝ արժե՞ գնալ, թե՞ ոչ։ Երկրորդ խմբի մեկնողները նրանք են, ովքեր արտերկրում ծանոթներ ունեն եւ մեկնում են «համ ծանոթներին հյուրընկալելու, համ էլ հնարավորության դեպքում ավելի «պրիստիժնի եւ փողոտ» աշխատանք գտնելու եւ այնտեղ ընդմիշտ բնակություն հաստատելու համար»։ Այս «խմբին» պատկանող մի աղջիկ պատմեց, որ իրենց «ազգն ու տակը» արտասահմանում են եւ ինքը մի քանի անգամ ԱՄՆ դեսպանատանը մերժվել է, բայց հույսը դեռ չի կորցրել։ «Գիտես, որ գնաս, ապրելու տեղ կունենաս ու քիչ-քիչ ոտքի կկանգնես, բայց գոնե վաղը-մյուս օրը աշխատանքիդ դիմաց կգնահատվես, մանավանդ, եթե բարձրագույն կրթություն ունես։ Այս երկրում ես նույնիսկ վախենում եմ ինձ պատկերացնել 10 տարի հետո, որովհետեւ ապագա չեմ տեսնում»։ Իսկ երրորդ, կարելի է ասել «ամենաանմեղ» խմբին են պատկանում նրանք, ովքեր մեկնում են սովորելու կամ հանգստանալու։ Թե տարեկան քանի հայ է հեռանում Հայաստանից, ճշտեցինք մի քանի դեսպանատներից։ ԱՄՆ դեսպանատունը տեղեկացրեց, որ իրենք տալիս են միայն տուրիստական վիզաներ, եզակի դեպքերում դիմողին թույլատրվում է մեկնել նաեւ բիզնես-վիզայով, եթե, իհարկե, դա ուղարկվում է հենց ԱՄՆ-ից եւ դրա համար սահմանված է հատուկ ընթացակարգ։ Դեսպանատունը խիստ վերահսկողություն չի սահմանում, սակայն իրենք «ուշացողների» մասին տեղեկանում են համապատասխան էմիգրացիոն ծառայությունների միջոցով։ Նրանց տրամադրած վիճակագրական տվյալների համաձայն՝ 1999-ին ԱՄՆ դեսպանատուն են դիմել 28 հազար 474 հոգի, որից 12 հազար 264-ին վիզա է տրվել, իսկ 16 հազար 210-ը մերժվել է։ 2000թ. դիմել է 26 հազար 41 մարդ, որից 12 հազար 94-ին նմանապես վիզա է տրվել, իսկ 13 հազար 947-ը մերժում է ստացել։ Իսկ 2001թ. չորս ամիսների ընթացքում դիմել է 10 հազար 944 մարդ, որից 3612-ը ստացել է վիզա, իսկ 7332-ը՝ մերժվել։ Ֆրանսիական դեսպանատանը արձանագրվել է դիմողների կտրուկ նվազում։ Այդ հանգամանքը դեսպանատան մամուլի պատասխանատու Լուսինե Այվազյանը բացատրեց նրանով, որ դեսպանատունը մի քանի տարի շարունակ հեշտությամբ է վիզա տրամադրել, սակայն «փորձը ցույց տվեց, որ դիմողների մեծ մասը չի վերադառնում»։ «Այժմ մենք ընդհանրապես չենք աշխատում որեւէ տուրիստական կազմակերպության հետ, իսկ դիմորդների դիմումները մանրակրկիտ ուսումնասիրվում են։ Ներկայումս դիմումների 40%-ը մերժվում է»,- ասաց Լ. Այվազյանը։ Այս հարցով դիմեցինք նաեւ Ռուսաստանի դեսպանատուն, սակայն, մի քանի օր պատասխանը հետաձգելուց հետո, մեզ տեղեկացրին, որ իրենց մամլո քարտուղարը արձակուրդ է մեկնել եւ հայտնի չէ, երբ կվերադառնա։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել