Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առաջին անգամ Հայաստանն իբրեւ լիիրավ անդամ մասնակցություն կբերի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի

Մայիս 11,2001 00:00

Հայաստանը համառում է Առաջին անգամ Հայաստանն իբրեւ լիիրավ անդամ մասնակցություն կբերի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հերթական՝ 108-րդ գարնանային նստաշրջանին։ Ու թեպետ նստաշրջանը Հայաստանի համար առաջինն է, սակայն ԵԽ այսօրվա աշխատանքային օրակարգում հայտնվել են Հայաստանին վերաբերող հարցեր։ Մայիսի 10-ին նախատեսված էր, որ Հայաստանի արտգործնախարարը ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի հետ կստորագրի 6 փաստաթուղթ։ Նշենք, որ ստորագրվելու են Կտտանքների կանխարգելման եվրոպական կոնվենցիան, Ազգային փոքրամասնությունների լեզուների եւ Տեղական ինքնակառավարման մասին հռչակագրերը, Քրեական օրենսդրության շրջանակներում օգնություն ցուցաբերելու, այսպես կոչված՝ «Կեղտոտ փողերի» լվացումը կանխարգելելու եւ հանցագործներին՝ պահանջող երկրներին հանձնելու կոնվենցիաները։ Բացի այդ, ինչպես նշված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական աղբյուրներում, Նախարարների կոմիտեն կքննարկի նաեւ Բալկաններում ու Կովկասում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան եւ Չեչնիա) ժողովրդավարության առաջընթացի եւ մարդու իրավունքների օրենսդրության հարցերը, որոնց մասին հաղորդումը տեղ կգտնի Նախարարների կոմիտեի ընդունելիք վերջնական կոմյունիկեում։ Այս պահին փաստաթղթի որեւէ վերջնական տարբերակ գոյություն չունի, եւ «մեղավորն» էլի Հայաստանն է։ Բանն այն է, որ մեկ առանձին պարագրաֆով, Նախարարների կոմիտեի կոմյունիկեի նախագիծը հռչակում է սահմանների անխախտելիության, տարածքային ամբողջականության եւ պետությունների ինքնիշխանության սկզբունքը։ Մեր տվյալներով, Հայաստանը Նախարարների պատվիրակների նիստում ակտիվորեն հանդես է գալիս այս դրույթի՝ կոմյունիկեում արձանագրվելու դեմ։ Մեր աղբյուրները վկայում են, որ հայկական կողմը ներկայանում է այլընտրանքով։ Եթե այս դրույթն անպայմանորեն պետք է ամրագրվի, ապա մեկ առանձին պարագրաֆով էլ անդրադարձ պետք է լինի ազգերի ազատ ինքնորոշման իրավունքին։ Երեւանի ժամանակով ժամը 20-ին խնդրո առարկայի շուրջ դեռեւս պարզություն չկար, ուստի, բաց է մնում հարցը՝ Կովկասի վերաբերյալ Նախարարների կոմիտեն ընդհանրապես կընդունի՞ կոմյունիկեն, իսկ ընդունելու դեպքում էլ ինչպիսի՞ ավարտուն տեսք կունենա այն։ Բանն այն է, որ եթե նախարարների պատվիրակները որոշումն ընդունում են միաձայն, ապա Նախարարների կոմիտեն իրավասու է վճիռներ կայացնել անդամ 43 երկրների քվեների երկու երրորդով։ Ուստի, այս պահին անկանխատեսելի է դեռեւս, թե դեպքերն ինչ զարգացում կունենան։ Ամեն պարագայում, մայիսի 11-ի հետկեսօրին ամեն ինչ պարզ կլինի, երբ կավարտվի Նախարարների կոմիտեի նստաշրջանը, իսկ մինչ այդ տեղի կունենա նախարարների ոչ ֆորմալ հանդիպումը ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի մոտ։ ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ «Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել