Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տակույու լիչնույու նեպրեյազն չուվստվույու կ էտոմու պոտերպեվշեմու, չտո պռոստո կուշատ նե մագու»,-

Մայիս 11,2001 00:00

Մունդիրի պատիվը «Տակույու լիչնույու նեպրեյազն չուվստվույու կ էտոմու պոտերպեվշեմու, չտո պռոստո կուշատ նե մագու»,- ըստ ամենայնի, հենց նման զգացումներ է սկսել տածել արդյունաբերության նախկին նախարար Աշոտ Սաֆարյանի հանդեպ այն քննչական խումբը, որ հետաքննում է ԱԺ էներգետիկ հանձնաժողովի հաշվետվության մեջ առկա փաստերը։ Ընթացող նախաքննության վերաբերյալ 44 էջանոց երկրորդ հաղորդման մեջ, որ ապրիլի 30-ին գլխավոր դատախազ Արամ Թամազյանն ուղարկել է ԱԺ-ին, սուպերհիթն այս է. «Քննիչի որոշմամբ կալանք է դրվել Սաֆարյանի անվամբ եղած շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գույքի (բաժնետոմսերի) վրա»։ Լրատվամիջոցներում անմիջապես սույն տեղեկությունը հայտնվեց առանց փակագծերում մեջբերվածի՝ նախկին նախարարին վերագրելով կես միլիոն դոլարանոց ունեցվածք, եւ վերսկսվեցին գուշակությունները, թե արդյոք Աշոտ Սաֆարյանը երկինքը կտեսնի՞ վանդակաճաղերի ետեւից։ Խիստ ուշագրավ է պատմությունը, թե ինչու է կալանք դրվել այդ բաժնետոմսերի վրա։ Ակնհայտ է՝ քննչական խումբը ծանր է տանում, որ գազի դիմաց վրացիների չվճարած պարտքի գումարը վատնելու մեղադրանքով՝ նախկին նախարարին կալանավորելու համար իրենց բերած հիմնավորումներով պարտություն կրեցին ե՛ւ վերաքննիչ, ե՛ւ վճռաբեկ դատարաններում։ Քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանի կազմած տեղեկանքում վերաքննիչ դատարանի որոշումը մեկ հիշատակվում է այս ոգով, թե պատճառաբանվեց, որ «նախաքննության ընթացքում, իբր, որեւէ փաստ ձեռք չի բերվել», մեկ էլ նշվում է՝ «վերաքննիչ դատարանը, փորձելով հիմնավորել իր որոշումը, կասկածի տակ է դրել նաեւ մեղադրյալի կատարած արարքի վտանգավորությունը»։ Ճիշտն ասած, առաջին անգամն ենք տեսնում, որ պետական պաշտոնյան նման վատ թաքցված քամահրանքով արտահայտվի դատարանի վճռի մասին։ Բայց սա էլ դեռ ամբողջը չէ։ Հեկտոր Սարդարյանի կազմած տեղեկանքից պարզ է դառնում, որ քննչական խումբը «մունդիրի պատիվը» պաշտպանելու հարց է դարձրել Աշոտ Սաֆարյանին որեւէ մեղադրանք առաջադրելը։ Ստիպված արձանագրելով, որ վճռաբեկ դատարանի որոշումից «բխում է, թե Սաֆարյանի արարքում հանցակազմ չկա», պրն Սարդարյանը հետո նշել է, թե ձեռք են բերվել տեղեկություններ, որ արդյունաբերության նախկին նախարարը 1996-ին թույլ է տվել «Գյումրի Տեքստիլ» ՓԲԸ-ին, համատեղ ձեռնարկության հիմնադիր ֆոնդում ներդնելու համար, Տաջիկստան արտահանել «դեռեւս չօգտագործված մանվածքային հոսքագիծ հաստոց-սարքավորում»։ Եվ այն ճանապարհին անհետացել է. «Իբր բռնագրավվել է Ադրբեջանի տարածքում»։ Թեեւ այս դրվագով դեռեւս որոշում չի ընդունվել, բայց պրն Սարդարյանն արդեն իսկ բազմաթիվ մեղադրանքներ է շռայլել Աշոտ Սաֆարյանի հասցեին՝ փաստաթղթային կեղծիքների եւ առանց համապատասխան երաշխիքների պետական միջոցների տնօրինման համար։ Քննությունը շարունակվում է։ Իսկ ԱԺ պատգամավորներին, կարծում եմ, բավական կզարմացնի, որ ըստ քննչական խմբի նոր հայտնագործության՝ Հայաստանում իրականացվել է ոչ թե էներգետիկ, այլ մանվածքային տեռոր։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել