Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դա

Մայիս 11,2001 00:00

ՊԵՏՔ Է ՇՏԱՊ ԼՑՆԵԼ ԲԱՑԸ Դա պետք է անի Արշակ Սադոյանը իր ներաստեղծ «Դաշինքով» Կարո՞ղ եք ասել. ամբողջ աշխարհում քանի կուսակցություն կա։ Վստահ ենք, մեր ընթերցողներից շատերին բացարձակապես չի հետաքրքրում այս հարցը։ Բայց Հայաստանի Հանրապետության գերկուսակցականացված նկարագրից դատելով, աշխարհում պետք է որ անվերջ թվով կուսակցություններ լինեն։ Բարեբախտաբար, այդպես չէ, եւ եղած-չեղածը մոտ հազար կուսակցություն է եւ այդ հազարից 100-ը գտնվում է հենց Հայաստանում։ Կուսակցությունների առատությամբ եւս հայերն առաջնորդվում են՝ շատ լինի, քիչ չլինի սկզբունքով։ Եվ միացածները բաժանում են, եղած տեղից նորն են ստեղծում, հայտնի գործիչները դառնում են կուսակցության ղեկավար. անհայտները եւս փողկապ-վիզկապներով գալիս են համալրելու ազգիս համբերությունը գերագնահատողների շարքերը։ Լսել եք, անշուշտ, որ նոր կուսակցություն է ստեղծում նաեւ ոչ անհայտ, շատերիս համար նույնիսկ սիրելի Արշակ Սադոյանը։ Բայց մեկը չկա հարցնի՝ սիրելի Արշակ Սադոյան, տեղը որ գալիս է, շատ հարցերի շուրջ խելոք բաներ եք ասում, ձեզ ի՞նչ պատահեց, ինչո՞ւ վարակվեցիք կուսակցություն ստեղծելու մոլուցքով։ Հենց սկզբից, որպես գրեթե գովազդ ասենք, որ նորաստեղծ «Ազգային ժողովրդավարների դաշինք» (այսուհետ, պրն Սադոյանի ուզածով՝ դաշինք) կուսակցությունն իր անդրանիկ համագումարը կհրավիրի մայիսի 19-ին, առավոտյան, մուտքը՝ Մելիք-Ադամյան փողոցի կողմից։ Օրը պիոներիայի պանծալի օրվա հետ բոլորովին պատահաբար է համընկել, տե՞ղը. բա ուրիշ որտե՞ղ, եթե ոչ՝ կառավարության դահլիճում։ Թեմայից չշեղվելով, մի պահ փորձենք հիշել, թե ի՞նչ ասել է կուսակցություն։ Տերմինն առաջացել է լատիներեն PARS-մաս բառից եւ մինչեւ 19-րդ դարն այս տերմինը հասկացվել է որպես այնպիսի խմբերի գոյություն, որոնք մրցակցում են իշխանության հասնելու համար։ Իսկ կուսակցության դասական սահմանումը մոտավորապես հետեւյալն է. ամուր եւ կամավոր կազմակերպություն, որը միավորում է իրենց ընդհանուր սոցիալ-դասակարգային, քաղաքական-տնտեսական, կուլտուր-ազգային կամ այլ կարգի շահերով եւ իդեալներով կապված մարդկանց։ Իսկ Հայաստանում, պարզվում է, վերը նշված գաղափարներով կապված մարդկանց խմբերից՝ կուսակցություններից, որեւէ մեկը լուրջ չէ։ Բոլորն ինչ-որ անլուրջ բաներ են։ Սա Արշակ Սադոյանի կարծիքն է։ Ու եթե, ըստ նրա՝ Հայաստանի քաղաքական դաշտում լուրջ կուսակցություններ չկան (մեկը ցեղապաշտ է, մեկը՝ ազգայնական, երրորդը՝ պարզ չէ, թե ինչ), ապա պետք է շտապ լցնել այդ բացը։ Եվ դա պետք է անի մեր սիրելի Արշակ Սադոյանն իր նորաստեղծ «Դաշինք» կուսակցությամբ։ «Ի՞նչ անել» եւ «ինչի՞ց սկսել» հարցերի պատասխանները ԱԺԴ-ի ղեկավարը վաղուց ունի։ Առաջին սկզբունքը պետք է լինի ազգային ժողովրդավարական սկզբունքը։ Այո, այդպիսի սկզբունքով կուսակցություն կար, նույն ԱԺՄ-ն, որից Արշակ Սադոյանը դուրս եկավ եւ ԱԺԿ մտնելու ճանապարհին որոշեց ստեղծել ի՛ր կուսակցությունը, որն, անշուշտ, ունի սկզբունքներ, եւ պետք է ամեն ինչ անի դրանք իրականացնելու համար։ Նորաստեղծ կուսակցությունը պատրաստվում է բոլորիս հասկացնել, որ մեր պետությունն ազգային է եւ, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, նաեւ՝ պետությունը պարտավորություններ ունի բոլոր հայերի առաջ։ Ըստ Արշակ Սադոյանի՝ հայ լինելը ոչ միայն պատիվ, այլեւ օգտակար պիտի լինի եւ, որպեսզի օգտակար լինի, ազգային դաստիարակություն պետք է սերմանվի, փոխօգնության սկզբունքը պետք է լինի սկզբունք՝ յուրաքանչյուր հայի համար։ Եթե ընդունենք, որ «Հոկտեմբերի 27»-ի գլխավոր ամբաստանյալին ինչ-ինչ իրավաբանական օգնություն է տրվում, ուրեմն կարո՞ղ ենք ենթադրել, որ փոխօգնություն ասվածն արդեն կիրառվում է։ Երբ հայը հային «քցի», պետք է պատժվի ամենայն խստությամբ։ Լավն են չէ՞ ԱԺԴ-ի սկզբունքները։ Բայց հարցեր են ծնվում բազմաթիվ։ Օրինակ, հետեւյալը. Արկադի Ղուկասյա՞նը «քցեց» Սամվել Բաբայանին, թե՞ հակառակը։ Ո՞նց ենք որոշելու, հայեր, եւ ո՞նց ենք պատժելու մեղավորին։ Թե՞ բավարարվելու ենք նրանով, ինչ կա։ Անցնենք առաջ։ Ունենք մայրաքաղաք-պետություն, որը եւս ազգային չէ։ Ծրագիր չունենք, սա է դժբախտությունը։ Ի վերջո, պարզվելո՞ւ է, թե ո՞ւմ ծրագիրն ենք կատարում՝ նախագահի՞, թե՞ Անդրանիկ Մարգարյանի. գուցե մյուս Անդրանիկի՝ Մանուկյանի, կամ էլ՝ ո՛չ նրանը, ո՛չ էլ մյուսինը։ Գուցե քաղաքական մեծամասնության ծրագիրն ենք իրականացնո՞ւմ։ Ո՛չ, պարոնայք, անծրագիր երկրում ենք ապրում եւ, եթե ուզենք էլ, ծրագրավորված երկիր չենք կարող լինել, քանի որ մեկը ներկայացնում է ծրագիրը, մյուսը չի հասցնում կատարել։ Ըստ Արշակ Սադոյանի՝ թուղթը պետք է ղեկավարի երկիրը, ծրագիրը պետք է կատարվի, իսկ ազգային ծրագիրը ղեկավարող ուժ դարձնելու համար պետք է հայտնվի այն կուսակցությունը, որը կասի՝ այդպես չի կարելի, այսպես չի կարելի։ Եվ այդ կուսակցությունը ԱԺԴ-ն է, Արշակ Սադոյանի դաշինքը։ Համակարգը պետք է փոխվի այնպես, որ թագավորը դառնա ծառա, իսկ դա հնարավոր է այն ժամանակ, երբ ընտրություններում հաղթած կուսակցությունը կձեւավորի կառավարություն։ Եվ թերեւս հենց այս նպատակով, «Դաշինք» կուսակցությունը խնդիր է դնում ստեղծել իրեն ոչ միայն որպես սովորական տիպի կուսակցություն, այլ՝ մասնագիտական ստորաբաժանումներ ունեցող կուսակցություն։ Այդ ստորաբաժանումներում ձայնի իրավունք կունենան ոչ միայն անդամները, այլեւ՝ համակիրները։ Ո՛չ, սա չի լինի ստվերային կառավարություն։ Սա կլինի պարզապես ստորաբաժանումների միասնություն, որը կմշակի լուրջ ծրագիրը եւ այդ ծրագիրը կյանքի կկոչի լուրջ կուսակցություն, որն է ԱԺԴ-ն։ Եվ հերիք է հույսներս սրա-նրա ծրագրի վրա դնենք, ազգովին պետք է համախմբվենք, չարչարանքով ստեղծենք ծրագիրը, որը երկիրը փոսից կհանի։ Իսկ այն չինովնիկը, որը կհամարձակվի չկատարել չարչարանքով ստեղծված ծրագիրը, պաշտոնանկ կարվի եւ այլեւս պաշտոնի երես չի տեսնի։ Եթե զգացիք, ոչ մի խոսք չակերտների մեջ չներկայացրինք՝ համն ու հոտը երեւի դրանից տուժեց։ Պարզապես վերջում, որպես կոդա (երաժշտության մեջ վերջաբան նշմարող մաս, որը թարգմանվում է որպես պոչ), Արշակ Սադոյանի խոսքերը ներկայացնենք անաղարտ վիճակում, առանց խուճուճ-մուճուճ բաների, ինչպես սիրում է կրկնել մեր սիրելի Սադոյանը։ Ուրեմն, որպես պոչ հիշենք հետեւյալը. «Եթե ուզում ենք ազգը, ժողովուրդը ղեկավարվի մեծ բարեկամության սկզբունքով, պետք է օրինակ ծառայենք եւ օրինակ պետք է ծառայի մեկ կուսակցություն, եւ դա «Դաշինք» կուսակցությունն է լինելու»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել