Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այս խմորը շատ ջուր կտանի

Մայիս 11,2001 00:00

ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ՞, ԹԵ՞ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱՐԱՐՆ Է Այս խմորը շատ ջուր կտանի «Ես բոլորովին համաձայն չեմ Վարդան Օսկանյանի՝ «օկուպացված տարածքներ» արտահայտության հետ: Պարոն Օսկանյանն ամենայն հավանականությամբ ժամանակային շփոթի մեջ է. այն ժամանակահատվածում, երբ գրավվում էին Ֆիզուլին, Ղուբաթլին, մինչեւ Հորադիզ ու Արաքս, հայկական ինքնապաշտպանական ուժերը պաշտպանական խնդիրներ էին լուծում»,- եւս մեկ անգամ հիշեցրեց «Մուշ» կամավորական ջոկատի հիմնադիրներից մեկը՝ ԳԽ պատգամավոր Սամսոն Ղազարյանը: «Վարդան Օսկանյանն այսօր ասում է այն, ինչի մասին ադրբեջանցիները 10 տարի աղաղակում են՝ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի 20 տոկոսը: Եթե Հայաստանի արտգործնախարարն է «խոստովանում», որ Հայաստանն օկուպացրել է ադրբեջանական տարածքները… ես ասելիք չունեմ»: Արտգործնախարար Օսկանյանը հայտարարել էր նաեւ, թե հիշյալ «օկուպացված», իսկ պարոն Ղազարյանի համոզմամբ՝ ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին եւ, որ ինքը այդ տարածքներում ապրող հայերի համար ցավում է: Հայաստանում, բնականաբար, ենթադրում էին, որ այդ տարածքները հնարավոր է, որ երբեւէ վերադարձվեն Ադրբեջանին՝ բայց միայն Ադրբեջանի կողմից ծանրակշիռ զիջման դիմաց: Իբրեւ այդպիսին նկատի էր առնվում Ղարաբաղի դե յուրե եւ դե ֆակտո անկախության ճանաչումը: «Ես չեմ ճանաչում որեւէ պաշտոնատարի, այդ թվում՝ պաշտպանության նախարարի, որն ինչ-որ բան զիջելու գնով կայուն խաղաղություն հաստատելու կողմնակից չլինի: Բայց անձամբ ես չեմ պատկերացնում, թե կկարողանա՞նք արդյոք Մռավի (Օմարի) լեռնաշղթան վերադարձնել: Այդ մասին պետք է մտածե՞նք, թե՞ չէ: Որովհետեւ Օմարը, որպես փոխզիջում տալն առնվազն խայտառակություն է»,- հայտարարեց պարոն Ղազարյանը: Վերջինիս հետ զրույցի ժամանակ արծարծվեց նաեւ այն հարցը, թե բանակցությունների համատեքստում, երբ խոսվում է «օկուպացված» տարածքների մասին, չգիտես ինչու, Հայաստանի իշխանությունները շրջանցում են Ադրբեջանի կողմից զավթված հայկական Արծվաշեն, Քյարքի եւ այլ բնակավայրերի ազատագրման եւ մեզ վերադարձնելու մասին: ԱԺ «Հայաստան» խմբի պատգամավոր եւ ԵԿՄ վարչության անդամ Սասուն Միքայելյանը մեր խնդրանքով անդրադարձավ այն հարցին, թե հիմա, ի վերջո, ազատամարտիկները կամ երկրապահները օկուպանտնե՞ր են, թե՞… «Ես չգիտեմ, թե ինչ է մտածել Վ.Օսկանյանը, որ նման բան է հայտարարել: Մենք որեւէ տարածք չենք օկուպացրել: Մենք կռվել ենք Ադրբեջանի սանձազերծած դաժան պատերազմում եւ պաշտպանել ենք մեր հայրենիքը: Այդ պատերազմում շատ արյուն է թափվել եւ մեր ժողովուրդը մեծ զոհաբերություն է արել՝ 7000 զոհ է տվել: Նա, ով չի կռվել այդ պատերազմում, չգիտի դրա գինը: Մենք նրա համար չենք արյուն թափել այդ տարածքների համար, որ հիմա զիջենք: Հայրենիքի համար կռվելն էլ երջանկություն եւ բախտավորություն է, բայց մեր սերունդները այդ դեպքում երբեք այլեւս նույն հնարավորությունը չեն ունենալու, որովհետեւ Ղարաբաղն այդպես կհայաթափվի, ինչպես ժամանակին հայաթափվեց Նախիջեւանը»,- անկեղծ զգացմունքայնությամբ ասաց պարոն Միքայելյանը եւ վստահեցրեց, թե այդ «օկուպացված» տարածքների համար ինքն այսօր էլ իր տղաներով պատրաստ է կռվել, եթե անհրաժեշտ լինի: Իսկ քանի դեռ դրա կարիքը չկա, կարգավորման այն տարբերակը, որի մասին խոսում էր Օսկանյանը, իբրեւ պատգամավոր պարոն Միքայելյանը քննարկման առարկա կդարձնի իր ելույթներում ու հարցադրումներում: Խմբի նախագահ Մյասնիկ Մալխասյանն էլ ասաց, թե իր համար անսովոր է, երբ «օկուպացիայի» մասին խոսում է ՀՀ արտգործնախարարը: «Դա, թերեւս, նրա հայերենի կամ այդ բառակապակցության իմացության պակասի հետեւանք է: Նման հայտարարություն կարող էր անել ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի արտգործնախարարը, եւ դրանում զարմանալի ոչինչ չէր լինի: Հակառակ դեպքում՝ անհեթեթություն է»: Պարոն Մալխասյանն ասաց, թե մենք մոռանում ենք, որ Ղարաբաղի ժողովուրդը 88-ին իր ինքնորոշման եւ ազատության համար սկսեց պայքարել եւ հայ ժողովրդի զավակները՝ Հայաստանում եւ Սփյուռքում մասնակցեցին Արցախի ազատագրական պատերազմին: Ինչ վերաբերում է Վ.Օսկանյանի նշած վեց տարածքներին, ապա հայկական ուժերն ընդամենը հեռացրել են այնտեղ տեղակայված ադրբեջանական կրակակետերը, որոնցից ռմբակոծվում էին Հայաստանի եւ Ղարաբաղի բնակավայրերը: «Դա արվել է Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգության ապահովման համար»: ԱԺ պատգամավորը տեղին համարեց Վ.Օսկանյանի հայտարարության առնչությամբ հիշեցնել Վարուժան Կարապետյանի խոսքը, թե՝ մեր խնդիրը պետք է լինի Հայաստանն ու Արցախը պաշտպանել մեր բարեկամներից եւ մեր թշնամիներից: Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ փոխզիջումներ կարող են նախատեսվել հակամարտության կարգավորման համատեքստում, պարոն Մալխասյանը հիշեցրեց, որ ԵԿՄ-ի վերջերս արած հայտարարությունում այդ մասին արդեն ասվել է, բայց, այդուհանդերձ, խոսելով կոնկրետ Մեղրիի միջանցքի բացման հնարավորության մասին, ասաց՝ «Բանակցություններում քննարկման առարկա չի կարող լինել Հայաստանի տարածքի որեւէ հատված»: Կարգավորման որեւէ տարբերակ նախեւառաջ պետք է լինի հենց Ղարաբաղի ժողովրդի աջակցությամբ եւ համաձայնությամբ, որը 92 թվականին արդեն հռչակել է իր անկախության մասին. «Մինչդեռ բանն այնտեղ է հասել, որ այսօր անգամ հաշվի չի առնվում Ղարաբաղի ժողովրդի կարծիքը»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել