Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկ դրախտ՝ Գյումրիում

Մայիս 10,2001 00:00

Փոքրիկ դրախտ՝ Գյումրիում Չորեքշաբթի՝ մայիսի 9-ին, Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» կրթական համալիրի սաները աղ ու հացով, ծաղիկներով, երաժշտությամբ ու ծափերով ողջունեցին սփյուռքահայ բարերարներ Պողոսյան ընտանիքին։ «Ռոբերտ Պողոսյան եւ որդիք» հիմնադրամը՝ մասնակցությամբ նաեւ «Ջինիշյան» հիմնադրամի, հայկական Կարիտասի, «Հայկական ծառատունկ» ծրագրի, ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագրի՝ Անի թաղամասին, ողջ գյումրեցիներին նվիրեց մի գեղատեսիլ զբոսայգի՝ Պողոսյան պուրակ։ Այն կից է կրթահամալիրին եւ գտնվում է Անի թաղամասի եւ Չարենցի փողոցի անկյունում։ Բացումը կատարեց տիար Ռոբերտ Պողոսյանը՝ կտրելով կարմիր ժապավենը։ Իր ողջույնի խոսքում կրթահամալիրի տնօրեն քույր Արուսյակը շնորհակալություն հայտնեց Պողոսյան ընտանիքին, բոլոր նվիրատուներին, մարզպետ Ֆելիքս Փիրումյանին, քաղաքապետ Ղուկաս Վարդանյանին (որը բացակա էր), շինարարներին՝ հանձին պրն Ղամբարյանի, եւ բոլոր այն մարդկանց, ովքեր օժանդակեցին այս «փոքրիկ դրախտի» իրականացմանը։ Նա հատկապես խնդրեց, որ չապականեն եւ չավերեն այն։ Խոսք առավ նաեւ Պողոսյան ընտանիքի ներկայացուցիչը եւ մասնավորապես նշեց. «Աշխարհի որ ծագերեն գալու ըլլանք, մեկ ենք՝ մեկ ազգ, մեկ հայրենիք»։ Պրն Փիրումյանն, իր հերթին, շնորհակալության խոսք ասաց։ Այնուհետեւ սրբազան հայրը պահպանիչով եւ աղոթքով, որին մասնակցում էին ապագայում հոգեւոր կոչում ընդունող 18 սաները, օրհնեց պուրակը։ Պուրակի մեկ անկյունը տրամադրված է շախմատին։ Տեղադրված էին քարե նստարաններ եւ շախմատի սեղաններ, մի այլ անկյունում՝ մետաղյա գունավոր սահնակն էր, ճոճանակներ եւ խաղահրապարակը, ուր երեխաները կարող են ապահով խաղալ։ Կապույտ ավազաններում լողում էին բադիկները, խայտում իշխան ձկները։ Ամենուրեք ծաղկաթմբեր էին եւ դալար տնկիներ՝ իրոք փոքրիկ դրախտ։ Գյումրիի պետական փողային նվագախումբը հնչեցնում էր ուրախ երաժշտություն։ Ազգային գեղեցիկ տարազով զգեստավորված աղջիկները պարեցին ժողովրդական պարեր։ Վերջում հյուրերը կրթահամալիրի նորակառույց շենքում հյուրընկալվեցին տնօրինության եւ սաների կողմից՝ գինիով եւ տնական համեղ ուտեստներով։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել