Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐՈՍՆԵՐԸ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎԱԾ

Մայիս 10,2001 00:00

ՀԵՐՈՍՆԵՐԸ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎԱԾ Քաջարանի Երկրապահ «Լաչին-Ղուբաթլու 20/2 պաշտպան ԳԵՅ» ջոկատը կազմավորվել է 1989թ. եւ ստեղծման պահից եղել է դիրքերում։ Այս 60 հոգիանոց ջոկատը բաղկացած է եղել 2 գնդից։ Վերը նշված ջոկատի անդամները, թողնելով իրենց ընտանիքները, 7 տարի մարտնչել են թշնամու դեմ։ Եվ նրանց շնորհիվ ազատագրվել են Շուշին, Լաչինը։ Այս ջոկատը ունեցել է 7 զոհ, իսկ վիրավորները ապաքինվելուց հետո կրկին վերադառնում էին դիրքեր։ «Առավոտ» ուղարկված մի նամակում հետաքրքիր պատմություն կար։ Երկրորդ գնդի պետ Ա. Զաքարյանի հագուստը մարտի ժամանակ թշնամու գնդակը պատառ-պատառ էր արել։ Զինվորները տեսնելով ահասարսուռ տեսարանը, շտապեցին գնդապետին տանել բուժկետ։ Սակայն, ի զարմանս իրենց, գնդապետը նույնիսկ վիրավորված չէր։ Այդ դեպքից հետո նրան կնքեցին «Տերհայր» անունով։ Ա. Զաքարյանը մտածելով, որ իրեն Աստված է պահել, հավաքեց այնքան քարեր, որքան իր գնդի անդամներն էին եւ դրանք իբրեւ թալիսման հրամայեց միշտ իրենց մոտ պահել։ Ովքեր թեժ մարտի ժամանակ իրենց մոտ էին պահել այդ քարը՝ նրանց ոչինչ չէր պատահել, իսկ ով այն կորցրեց՝ զոհվեց։ Քարը դարձավ լեգենդ, իսկ Աստծո պահած ջոկատի մասին գիտե ամբողջ Քաջարանն ու Կապանը։ Սակայն ցավալին այն է, որ դաժան մարտերով անցած ազատամարտիկները ներկայումս հազիվ են պահպանում իրենց գոյությունը։ Նրանցից շատերը ի վիճակի չեն մի կտոր հաց վաստակել եւ կերակրել իրենց ընտանիքները։ Իսկ երեխաների ուսման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Վերոնշյալ նամակում գրված էր, թե «միգուցե պետությունը ոչ թե մոռացել է, այլ պարզապես չգիտի մեր մասին»։ Եվ կար նաեւ հույս, որ իմանալուց հետո իրենց կաջակցեն։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել