Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐԻ ՆՈՐ ՁԵՎ ԼՈՏՈՆԵՐԻ ԴԵՄ

Մայիս 10,2001 00:00

ՊԱՅՔԱՐԻ ՆՈՐ ՁԵՎ ԼՈՏՈՆԵՐԻ ԴԵՄ Երեկ խմբագրություն էին զանգահարել Կենտրոն համայնքի մի խումբ բնակիչներ, որոնք բողոքում էին, որ սնկի նման աճող լոտոները իրենց վարակել են լոտո խաղալու մոլուցքով։ «Ընտանիքներ կան, որ երեխայի բերանից հացը կտրում՝ լոտո են առնում»։ Բնակիչներից մեկը պատմեց, որ վերջերս մի զարհուրելի տեսարանի է ականատես եղել։ Փողոցում մի կին իր հինգ-վեց տարեկան աղջնակի հետ մոտեցել է լոտոյի «սեղանիկին», որի հարեւանությամբ տեղադրված է եղել պաղպաղակի սառնարան։ Փոքրիկը մորը խնդրել է, որ իրեն պաղպաղակ գնի։ Մոր բացատրությունները, թե «բալիկ ջան, էտի ուտելու համար չի, այ, հիմա էս գունավոր լոտոյից կառնենք, փող կշահենք ու մաման քեզ լիքը պաղպաղակ, կոնֆետներ, ծամոններ կառնի, իսկ տաքերն էլ որ ընկավ՝ ջրաշխարհ կտանի», երեխայի կողմից ընդունվել են լացով եւ ճիչերով։ Մայրը, տեսնելով, որ չի կարողանում համոզել փոքրիկին, բարկացել է, հապշտապ հանել 300 դրամ եւ գնել ընտանեկան լոտոյի մեկ տոմս։ «Նման տեսարանների առաջին անգամ չէ, որ ականատես ենք լինում, ուստի մենք բակի բնակիչներով որոշել ենք դիմում-բողոք հղել ՀՀ նախագահին եւ ԱԺ՝ լոտոները փակելու խնդրանքով»,- ասաց քաղաքացին։ Նշենք, որ մեզ զանգահարած բնակիչները վերջերս «ժողով» են անցկացրել եւ որոշել այսուհետ շաբաթը մեկ անգամ բակի լիազոր նշանակել, որը բակի թվով 100 ընտանիքներից (մշտապես լոտո խաղացող) կհավաքի 300-ական դրամ։ Հավաքված գումարը կտրվի սոցիալապես անապահով ընտանիքներին կամ մուրացկաններին։ «Միեւնույն է, ինչքան էլ լոտո առնենք, չենք շահելու, իսկ այս դեպքում գոնե կիմանանք, որ էդ գումարները գնում են ոչ թե որոշ մարդկանց փորը, այլ մտնում են այն ընտանիքներ, որտեղ հացի կարոտ են»,- ավարտեց քաղաքացին։ Ա. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել