ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ԱՐՏԱԳԱՂԹՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ Մինչ պարբերաբար խոստումներ են տրվում աշխատատեղեր բացելու վերաբերյալ, Վանաձորի բնակիչները շարունակում են լքել քաղաքը. մի մասը ուղեւորվում է Հայաստանից դուրս (արդեն «տեղավորված» հարազատների մոտ), մի մասը՝ մայրաքաղաք, մի մասն էլ՝ հարակից գյուղեր։ Սոցիալական ծանր պայմանների հետեւանքով հաճախացել են գողությունները։ Մարդկանց ծայրաստիճան հուսահատ վիճակը հանգեցրել է նրան, որ ոմանք նույնիսկ իրենց եւ ուրիշների կյանքի համար վտանգավոր հետեւանքների հանգեցնող գողություններ են ձեռնարկում՝ մագլցելով էլեկտրասյուներ կամ բարձրահարկերի տանիքներ (միգուցե դա էլ է կոչվում «աշխատատեղ»)։ Կարծիքներ կան, թե նույնիսկ բեռնակրի աշխատանք գտնելու համար «ծանոթություն» է պետք։ (Հարկ է նկատել, որ աշխատատեղերի սակավության պայմաններում, այնուամենայնիվ, կան պաշտոնյաներ, որոնք մի քանի տեղ են աշխատում)։ Ի դեպ, արտագաղթում են նաեւ նրանք, ովքեր բյուջետային չնչին աշխատավարձերի հույսին են, իսկ այդ աշխատավարձը չի բավականացնում նույնիսկ «ամենակուլ» վարձերը մուծելուն։ Այս խավը հիմնականում «դրսում» աշխատող տղամարդկանց կանայք են, որոնք երեխաներին հավաքում-մեկնում են ամուսինների մոտ (հանուն ոչ միայն «մի կտոր հացի», այլեւ՝ ընտանիքի ամրության)։ Փաստորեն, հնարավոր է, առաջիկայում զգալի աշխատատեղեր ավելանան՝ արտագաղթողների հաշվին։ Ճամպրուկային տրամադրությունների հետեւանքով բնակարանների գները շարունակում են ընկնել (մեկ սենյականոցը, օրինակ, կարող է արժենալ նույնիսկ 500 դոլար)։ Գնողունակությունը այնքան է ընկել, որ բնակարանների առք ու վաճառքը գրեթե համարժեք է վարկ ստանալուն, քանի որ գնորդները նախընտրում են գումարը մուծել մաս-մաս՝ հեռանկարում խոստանալով մնացածը փոխհատուցել նախատեսվող այլ գործարքների հաշվին։ Արդյունքում՝ մեծանում է խճճված պատմությունների ու դատական քաշքշուկների թիվը՝ տալիք-առնելիքի վերաբերյալ։ Իսկ արտագաղթի վերաբերյալ նույնիսկ անեկդոտ են պատմում Վանաձորում. «Քանի՞ ավտոբուս մարդ է մնացել քաղաքում», «Դե մի 5-6 ավտոբուս մնացած կլինի, էլի»։