Լրահոս
Օրվա լրահոսը

2001-ը հայտարարված է Նժդեհի տարի։ Այսօր, երբ օրակարգում դրված է Մեղրիի հարցը, հարկ է հիշել, որ Զանգե

Մայիս 10,2001 00:00

Երեկ եւ այսօր 2001-ը հայտարարված է Նժդեհի տարի։ Այսօր, երբ օրակարգում դրված է Մեղրիի հարցը, հարկ է հիշել, որ Զանգեզուրի փրկության համար պարտական ենք Նժդեհին (Գարեգին Տեր-Հարությունյանին)։ Չենթարկվելով Խորհրդային Ռուսաստանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված համաձայնագրին, ըստ որի Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը պետք է հանձնեին բոլշեւիկներին, Նժդեհը կազմակերպում է Զանգեզուրի պաշտպանությունը եւ ապահովում նրա փրկությունը։ Ստորեւ ներկայացվող փաստաթղթերը պատմում են այդ դեպքերի մասին։ Հայաստանի Հանրապետության զինվորական նախարարին (Պատճենը՝ զորավարներ Նազարբեկյանին, Սիլիկյանին, Դրոյին, ՀՀ Դաշնակցության Բյուրոյին եւ Դարալագյազի հատուկ կոմիսար Գերասիմ Բալայանին) 29 սեպտեմբերի 1920թ. Դրոն զինվորական մինիստրի անունից հրամայում է ինձ, համաձայն կնքված զինադադարի, վերցնել իմ զորամասը եւ անցնել մեր տերիտորիան։ Ես չգիտեմ՝ 1. Ի՞նչ պայմաններով, ո՞ւմ հետ (Ադրբեջանի՞, թե՞ Սովետական Ռուսաստանի) եւ որքա՞ն ժամանակով է կնքված զինադադարը։ 2. Եթե Կապարգողթի իմ ուժերը, համաձայն զինադադարի, պետք է թողնեն իրենց երկիրը եւ քաշվեն մեր տերիտորիան, ապա «մեծամասնականները» եւ ադրբեջանական բանդաները ե՞րբ եւ ո՞ւր են քաշվելու։ 3. Ըստ կնքված զինադադարի, ո՞ր օրը եւ ո՞ր ժամին պետք է Զանգեզուրից քաշվեն, հեռանան մեր եւ թշնամու ուժերը։ 4. Ո՞վ է կառավարելու զինադադարի ընթացքում այս երկիրը։ 5. Ի՞նչ է լինելու Գողթանի դրությունը, որը ադմինիստրատիվ տեսակետից չի մտնում Զանգեզուրի մեջ։ 6. Չե՞ք կասկածում, որ թշնամին կարող է դավադրել, այն է, որ մեր դուրս գալուց հետո, հանկարծակիի բերելով անտերացած ազգաբնակությունը, կարող է տեր դառնալ Կապարգողթի չորս ապստամբ շրջաններին։ 7. Մեր խոր հետախուզությունը պարզել է, որ Այրի-Չայում կուտակված են բավականին մեծ ուժեր (Շարուրի եւ Նախիջեւանի գաղթականությունը)։ Չե՞ք ենթադրում, որ իմ Զանգեզուրը թողնելուց հետո այդ ուժերը հեշտությամբ կարող են տեր դառնալ Գողթանին։ Սա ի՞նչ զինադադար է, որի ժամանակ «մեծամասնականները» շարունակում են իրենց շահատակությունները, թալանը եւ զինաթափությունը Սիսիանում եւ բուն Զանգեզուրում։ 8. Դուք գիտեք, որ ես, բացի ժողովրդական վաշտերը, ուրիշ կանոնավոր զորամասեր չունեմ։ Կարող է այնպես լինել, եթե իսկապես կնքված է զինադադարը, որ հարկադրված լինեմ երկիրս 30 հոգով, գուցե եւ այնպես լինի, որ դուրս գամ երեք հարյուր հոգով։ Ընդունենք, որ մինչեւ թշնամին չքաշվի եւ մաքրի ամբողջ Սիսիանը, իմ դուրս գալը քանի հոգով էլ որ լինի, ոչ թե դժվար, այլ միանգամայն անկարելի կլինի։ Մեր Դարալագյազի ուժերը պետք է առաջանան դեպի Սիսիան, որ մենք կապվելով նրանց հետ, հնարավորություն ունենանք անցնելու մեր տերիտորիան։ 9. Ի՞նչ դրության մեջ է Նախիջեւանի հարցը։ Խնդրում եմ հատուկ սուրհանդակով պատասխանել իմ բոլոր հարցերին, տալով ինձ լայն ինֆորմացիա։ Ավելացնում եմ, ամսի 12-ին «մեծամասնականները» փորձեցին մոտենալ մեր դիրքերին, բայց հետ շպրտվեցին։ Ժողովրդի ակտիվ մասը, թողած հունձ եւ այլ գյուղատնտեսական աշխատանքները, ամրացել է դիրքերում։ Ժողովուրդը բարձր տրամադրությամբ սպասում է Հայաստանի զորքերի գալուն, որ միացյալ ուժերով քշե թշնամուն Զանգեզուրից։ Սրա հետ ուղարկում եմ ձեռքս ընկած մի դոկումենտ, որից երեւում է, որ «մեծամասնականները» անձնավորելով ադրբեջանական քողարկված վտանգը, համառորեն ձգտում են զինաթափելու, տնտեսապես քայքայելու, գլխատելու եւ ապա տեղահանելու կամ բնաջնջելու Զանգեզուրի հայությունը։ Դիկտատոր՝ հրամանատար Նժդեհ Ղափան-Գենվազ-Գողթանի ռազմական ուժերի հրամանատար Նժդեհի նամակը Դաշնակցության Արեւելյան Բյուրոյին 1920թ. Սիրելի ընկերներ Շատ եմ ցավում, որ ժամանակին իմ բոլոր զեկուցումների պատճենները՝ ուղղված այս կամ այն պարոնին, որոնց թույլտվությամբ միայն ես կարող էի սկսել այս կամ այն օպերացիան հանուն Ղափանի, Գենվազի, Բաղաբերդի եւ Գողթանի փրկության, չեմ ուղարկել Ձեզ։ Այսու ուղարկում եմ Ձեզ մի քանի պատճեններ, որոնցից դուք կտեսնեք, թե ո՞վ է անսխալ ըմբռնել Զանգեզուրի ակտիվ ինքնապաշտպանության գործը եւ անշեղ եւ համառորեն ձգտել այդ բանին։ Դուք կտեսնեք եւ կհամոզվեք, որ Օխչու եւ Գեղվա ձորերի 36 գյուղերը գրավելուց հետո, երբ Օրդուբադը տարերային պանիկայի մատնված իր հարստություններն էր փոխադրում պարսկական ափը, եթե իմ դեկտեմբերի 9-ին արած դիմումը չմնար «ձայն բարբառո յանապատի», այժմ մեր ձեռքին կլիներ ոչ թե միայն Օրդուբադը, այլեւ Ջուլֆան։ Այսօր էլ, երբ հրեշավոր չափերի հասած սովի եւ թշնամու գերադաս ուժերի դեմ մարտնչող Գողթանի մի բուռ ժողովուրդը «գաղթ կամ կռիվ» է պահանջում, նրանք, որոնք չլսեցին ինձ եւ պատճառ դարձան Ագուլիսների կոտորածին, թեթեւ սրտով պատասխանում են. «Հրամայված չէ մեզ… Առանց Երեւանի թույլտվության չենք կարող, պատասխանատվության հարց կա» եւ այլն։ Ձանձրացնելու չափ դիմումներ եմ արել, խնդրել, սպառնացել, որ կհեռանամ Զանգեզուրից, եթե թույլ չտան ինձ գրավելու Օրդուբադն ու Բարթազը, բայց միշտ էլ հազար անհիմն պատճառաբանություններով արգելել են ինձ։ Եվ Գողթանը, ավելի քան երկու տարի հավատարիմ պահակի պես ամենադժնդակ պայմաններում Զանգեզուրի ամրություններն ու նախադուռը պաշտպանող Գողթանը, աչքերը Ղափուջուղի բարձունքներին հառած, սպասում է, անվերջ սպասում։ Գողթանցիների համագումարը, ընկեր Աշոտի նախագահությամբ, կայացրել է հետեւյալ որոշումը՝ «կամ գաղթ, կամ կռիվ»։ Պատրաստվում եմ, եթե Ղարաբաղի անցքերը չխանգարեցին, թեթեւ ուժերով անցնել Գողթան, գուցե ինձ հաջողվի մեռնող Գողթանի աննախընթաց դրությունը մի քիչ բարելավել։ Ջերմ բարեւներով՝ Նժդեհ Նյութերը տրամադրեց ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել