Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան

Մայիս 10,2001 00:00

ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԻՇՈՂԸ ԱՊԱԳԱ ՉՈՒՆԻ Որքան հեռանում ենք 1945թ. մայիսի 9-ից, որքան փոքրանում է աշխարհը ֆաշիզմի չարիքից ազատագրողների թիվը, այնքան ավելի քիչ ու հազվադեպ ենք հիշում նրանց, ում պարտական ենք մեր ներկայի ու ապագայի հնարավորության համար։ Իսկ նրանք արդեն շատ քիչ են մնացել ու նրանց այլեւս չի կարելի լուսավոր ու կուշտ ապագայի հեռանկարով կերակրել։ Նրանց պետք է հիշել ու մեծարել հիմա։ Ու թեեւ արդեն ցավալի իրողություն է դարձել, որ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հիշում են տարվա մեջ միայն մեկ օր, սակայն էլ ավելի ցավալի է գիտակցելը, որ երբեմն այդ մեկ օրն էլ նրանց չի նվիրվում։ Իսկ երեկ օրվա լիիրավ տերը նրանք՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններն էին, որոնց առջեւ որքան էլ խոնարհվենք, որքան էլ մեծարենք՝ քիչ է։ Որոշ կազմակերպություններ, միություններ փորձեցին պատերազմի վետերաններին հարգանքի տուրք մատուցել Հաղթանակի օրվա առթիվ։ Այդ փորձերից ամենահաջողվածը թերեւս «Ֆիլիպ Մորիս» ընկերության հայաստանյան ներկայացուցչության կազմակերպած հավաքույթն էր։ «Ֆիլիպ Մորիսը» Համաշխարհային 2-րդ պատերազմի արդարացված ռազմագերիների համահայկական բարեգործական կազմակերպության հետ միասին 2001թ. փետրվարի 23-ից սկսել է իրականացնել պատերազմի թվով 201 վետերաններին օգնելու ծրագիր։ Վերոհիշյալ 201 վետերանները ոչ միայն իրենց մասնակցությունն են բերել ֆաշիզմի դեմ տարած պատերազմին, այլեւ, ճակատագրի բերումով, հայտնվել են ֆաշիստական ճամբարներում, դարձել ռազմագերի, տարիներ շարունակ իրենց ճակատին կրել ռազմագերու խարանը, մինչեւ վերջերս, երբ, ի վերջո, արդարացվեցին։ Փետրվարի 23-ին սկսած ծրագրի շրջանակներում նախատեսվում է յուրաքանչյուր վետերանի, ժամանակ առ ժամանակ, սննդամթերքի տրամադրում, իսկ երեկ՝ մայիսի 9-ի կապակցությամբ, նրանց հրավիրել էին «Աստաֆյան» համալիրի ռեստորան։ Հարյուրից ավելի նախկին ռազմագերի մոտ երեք ժամ տեւած միջոցառման ընթացքում իրեն զգաց օրվա տերը։ Նրանց առօրյայի մեջ մի փոքր տոնականություն մտավ, ինչի համար 80-100-ամյա վետերանները շնորհակալ եղան ինչպես «Ֆիլիպ Մորիսի» հայաստանյան ներկայացուցչությունից (ղեկավար՝ Ահարոն Թադեւոսյան), այնպես էլ Համաշխարհային 2-րդ պատերազմի արդարացված ռազմագերիների բարեգործական հասարակական կազմակերպությունից (նախագահ՝ Շամիլ Հայրապետյան)։ Հյուրասիրությունից, երգ ու պարից, կատակներից հետո, վետերաններին տուն հասցրին՝ նվիրելով սննդամթերքի ծանրոցներ։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել