Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան այլ անձի օգտագործմանն հանձնելու կարգի մասին

Մայիս 10,2001 00:00

Լիազորագի՞ր, թե՞ պայմանագիր Ավտոմեքենան այլ անձի օգտագործմանն հանձնելու կարգի մասին 1999 թվից գործող ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է գույքը, մասնավորապես ավտոմեքենան, այլ անձի օգտագործման հանձնելու նոր կարգ։ Այն որոշվում է նշված օրենսգրքի 170 հոդվածով որոշվող սեփականատեր չհանդիսացող անձի գույքի օգտագործման իրավունքով։ Նախկինում ավտոմեքենան այլ անձի օգտագործման էր հանձնվում նոտարի կողմից վավերացվող լիազորագրի միջոցով։ Բացի այն, որ դրա համար պետք էր վճարել 10000 դրամ, դա չէր համապատասխանում նաեւ լիազորագրի հասկացությանը։ Վերջինս (հոդված 321) սահմանում է միայն ներկայացուցչություն, այլ ոչ թե գույքի օգտագործման իրավունքի փոխանցում։ Այդ հարցը հստակեցված է օրենսգրքի 36-րդ գլխում (հհ. 685-699), որով սահմանված է գույքի անհատույց օգտագործման իրավունք եւ սեփականատիրոջ օգտագործման իրավունքի անհատույց փոխանցում այլ անձի։ Մասնավորապես, 685 հոդվածով սահմանված է, որ գույքի անհատույց օգտագործման պայմանագրով քաղաքացին ավտոմեքենան կարող է հանձնել մի այլ քաղաքացու ժամանակավոր օգտագործմանը, իսկ վերջինս պետք է պարտավորվի այն վերադարձնել նույն վիճակում՝ հաշվի առնելով դրա բնական մաշվածքը կամ պայմանագրով որոշված վիճակում։ 686 հոդվածով այդ գործարքը իրացվում է կնքելով գրավոր պայմանագիր՝ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով եւ այդ պայմանագիրը նոտարական վավերացում չի պահանջում (ի տարբերություն անշարժ գույքի նկատմամբ կնքված նույնատիպ պայմանագրի. նույն պատճառով նման պայմանագիրը ենթակա չէ նաեւ պետական գրանցման (հոդված 687)։ Նշված գործարքի հետ կապված զանազան հարցերը եւ հնարավոր վեճերը լուծվում են նշված գլխի մնացյալ հոդվածներով։ Այսպիսով, մեքենայի սեփականատերը կարող է իր մեքենան անհատույց օգտագործման հանձնել ցանկացած այլ քաղաքացու, ցանկացած ժամկետով կամ անժամկետ (լիազորագրի առավելագույն ժամկետը 3 տարի է)։ Դրա համար բավական է 2 օրինակով կազմել նշված պայմանագիրը եւ այն հաստատել գույքն օգտագործման հանձնողի եւ ստացողի ստորագրություններով։ Պայմանագրի օրինակներից մեկը մնում է հանձնողի, մյուսը՝ ստացողի մոտ, որն էլ հանդիսանում է մեքենան օգտագործելու վերջինիս իրավունքը հաստատող, օրենքով պաշտպանվող միակ փաստաթուղթը։ Օրենքով նախատեսված դեպքերում այն ստուգման է ներկայացվում վարորդական վկայականի եւ մեքենայի տեխնիկական անձնագրի հետ միասին։ Նախադեպերի առկայության պատճառով անհրաժեշտ ենք համարում նաեւ պարզաբանել, որ «լիազորագիր» անվան տակ զանազան անձանց կամ կազմակերպությունների կողմից ձեւակերպված կամ Ռուսաստանում վաճառվող բլանկների թարգմանումով կամ ուղղակի լրացված փաստաթղթերը հակասում են վերեւում նշված ՀՀ օրենսդրությանը։ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան ունի համապատասխան կառույց, որը պատրաստ է ավտովարորդներին օգնել նշված պայմանագրերի ձեւակերպման հարցում։ ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել