Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել

Մայիս 10,2001 00:00

«ԿԱՐԵՎՈՐՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐՆ ԵՆ» Սամվել Բաբայանի հետ հանդիպեցինք ձերբակալությունից մոտ երեք շաբաթ առաջ՝ 2000թ. փետրվարի 25-ին։ Այդ օրերին նա պատրաստվում էր տեղափոխվել նորոգման մեջ գտնվող իր սեփական գրասենյակը, բայց չհասցրեց։ Սամվել Բաբայանը ոչ միայն անմիջապես համաձայնեց, այլեւ ամբողջ 6 ժամ տրամադրեց զրույցին՝ նախօրոք խնդրելով ոչինչ չտեսագրել (որպես «ԱՐ» հեռուստաընկերության ներկայացուցիչ, ինձ հետ էր նաեւ օպերատորը) եւ չձայնագրել։ Այդ հանդիպումից միակ նյութականացված հիշողությունը լուսանկարն է։ Մենք խոսեցինք ամենատարբեր թեմաներից։ ՊՆ նախկին նախարարը մեր առջեւ դրեց «Ընդհանուր պետություն» նախագծի ռուսերեն տարբերակը եւ պարզաբանեց իր դիրքորոշումը Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ։ Ինչ վերաբերում էր Ղարաբաղի սահմաններին, ըստ պարոն Բաբայանի, պետք է ամեն գնով մեր ձեռքում պահել ոչ միայն Լաչինը, այլեւ Քելբաջարը, որից զրկվելու դեպքում Ղարաբաղը թիկունքից խոցելի կդառնա՝ առանց Հայաստանի հետ կապի։ Եթե ադրբեջանական կողմը պահանջի Քելբաջարը, կարելի է նույնիսկ մի փոքր շերտ զիջել Մարտակերտի հյուսիսից, միայն ո՛չ Քելբաջարը։ «Եվ որպես հաղթողի քմահաճույք,- ժպտալով ավելացրեց ղարաբաղցի գեներալը,- պետք է մի փոքր սահման ունենանք Իրանի հետ»։ Փախստականների հարցում Սամվել Բաբայանը բավական զգայուն էր։ Շուշիի ռազմավարական դիրքը նկատի ունենալով (կախված է ուղիղ Ստեփանակերտի վրա), չի կարելի թույլ տալ, որ դառնա ադրբեջանական քաղաք։ Ադրբեջանցի փախստականները թող վերաբնակվեն Շահումյանում, իսկ հայ փախստականները՝ Քելբաջարում։ Այդ դեպքում երկու կողմերն էլ պարտք ու պահանջ չեն ունենա։ «Կարեւոր չէ, թե անունը ինչ են դնում՝ Ընդհանուր պետություն, Ինքնավար մարզ Ադրբեջանի կամ Հայաստանի կազմում, անկախ պետություն… Կարեւորը անվտանգության երաշխիքներն են, որ պետք է տրվեն Ղարաբաղին»,- ասում էր Սամվել Բաբայանը։ Նրա կարծիքով, եթե անգամ Ղարաբաղն իրավաբանորեն ընդգրկվի Ադրբեջանի կազմում, պետք է տնտեսապես այնքան ուժեղ լինի, որ դե ֆակտո պահպանի անկախությունը։ Այդ դեպքում, եթե Ադրբեջանը փորձի տեղահանել վերաբնակեցված հայ փախստականներին, հայկական կողմը Ղարաբաղի անվտանգության երաշխավոր միջազգային ատյաններում աղմուկ կբարձրացնի, թե Ադրբեջանը դարձյալ ոտնահարում է իր իսկ քաղաքացիների իրավունքները։ «Անունին» առաջնություն չտալով՝ Ս. Բաբայանը կոնկրետ օրինակ էր բերում «Ընդհանուր պետություն» նախագծից. «Լեռնային Ղարաբաղը կունենա կամավորական հիմունքներով կազմավորվող Ազգային գվարդիա (անվտանգության ուժեր) եւ ոստիկանության ուժեր»։ «Ինչ ուզում եք՝ անունը դրեք,- ասում էր գեներալը,- ուզում եք՝ գվարդիա, ուզում եք՝ բանակ։ Կարեւորը՝ ինչ քանակի եւ ինչ սպառազինության ուժեր են ենթադրվում։ Եթե ինձ հարցնեն, ես կասեմ՝ քանի որ մենք Ադրբեջանի 25%-ն ենք կազմում, պետք է ունենանք նրա զինված ուժերի 25%-ի չափով ուժեր»։ Փաստորեն, Սամվել Բաբայանը սկզբունքորեն դեմ չէր Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման տարբերակներին, միայն թե պահանջում էր ոչ թե անորոշ, ընդհանուր ձեւակերպումներ խաղաղության պայմանագրում, այլ հստակ ձեւակերպված, հաստատուն երաշխիքներ Ղարաբաղի բնակչության անվտանգության համար։ Բարձր գնահատելով Լեւոն Տեր-Պետրոսյանին որպես նախագահ, Ս. Բաբայանը գտնում էր, որ նա, այնուամենայնիվ, չէր կարողանալու լուծել «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հարցը։ Այդ հողի վրա իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանը, ըստ գեներալի, նույնպես չի կարողանալու կնքել հաշտության պայմանագիրը, քանի որ լուրջ զիջումներ են պահանջվում ոչ միայն ադրբեջանական, այլեւ հայկական կողմից, իսկ դա հանրությանը բացատրել է պետք։ «Համարձակությունը չի հերիքի»,- մեկնաբանեց Ս. Բաբայանը։ Մեր հանդիպման օրերին Ղարաբաղում ընթանում էր Արցախի պատերազմի վետերանների միության հիմնադիր համագումարը, որում նախագահ ընտրվեց ԼՂՀ պաշտպանության փոխնախարար Վիտալի Բալայանը. ԼՂՀ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ ընդգրկված էին նորաստեղծ իշխանական կառույցում։ Մեր հանդիպման օրը Սամվել Բաբայանը հրավիրյալի կարգավիճակով ներկա էր եղել համագումարին՝ 1999-ի հուլիսից ի վեր առաջին անգամ Արկադի Ղուկասյանի հետ հայտնվելով նույն դահլիճում։ Միությունն ստեղծվում էր ԼՂՀ իշխանությունների կողմից՝ ի հակակշիռ 1997-ից գործող ղարաբաղյան «Երկրապահ» միության, որը համարվում էր Բաբայանին կողմնակից կառույց, թեեւ 2000թ. հունվարի համագումարում Բաբայանը հրաժարվեց այդ միության նախագահը դառնալ։ Մեր հանդիպման ընթացքում պարզ երեւաց, որ Ս. Բաբայանը մտադիր է առժամանակ հեռու մնալ քաղաքական գործընթացներից։ Ակնհայտ էր մեկ այլ բան եւս. նա տենդորեն փնտրում էր համախոհներ՝ մեկուսացումից դուրս պրծնելու համար։ Դա երեւաց նաեւ նրա հետ հայաստանցի ուսանողների հանդիպումից, որոնց խորհուրդ էր տվել ավելի ակտիվ քաղաքացիական կեցվածք ընդունել։ Ուսանողների վրա գեներալի ազդեցությունն այնքան ուժեղ էր, որ նրանք կրկնում էին նրա մտքերը՝ գովում էին ղարաբաղյան բանակի պատրաստվածությունը, հիմնախնդրի լուծման «սեփական» տարբերակ էին առաջարկում։ Երբ հեռանում էինք, զրույցին մասնակցած իմ գործընկերն ասաց. «Հիմա հասկացա՞ր, թե ինչու են Բաբայանից վախենում. նա կարող է իր հետեւից մարդիկ տանել»։ ԾՈՎԻՆԱՐ ՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել