Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Մայիս 10,2001 00:00

«Հիմա շատ դիլխոր ենք» Երեկ հաղթանակի օրն էր։ Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերաններ չկարողացան ներկա գտնվել «Հաղթանակի» զբոսայգում կազմակերպված իրենց տոնին։ Պատճառը, ինչպես մի քանիսն ասացին, «այնտեղ հասնելու հնարավորություն չունենալն էր»։ Վետերան Գեւորգ Բաբիկյանին հանդիպեցի Կոմայգում զբոսնելիս։ «Այսօրվա պես հիշում եմ այդ օրը… 45 թվին որտեղ էի՜, այսօր որտե՜ղ եմ… Էն ժամանակ օդի մեջ էինք, վերեւից թշնամու վրա ռումբ կնետեինք… մտածում էինք, որ պատերազմը վերջանա, թագավորի նման կապրենք, բայց… Բախտ վիճակվեց՝ կենդանի մնացինք, վերադարձանք ու ինչ տեսանք՝ ոչ ծնող է մնացել, ոչ տուն…»,- հուշերով տարված պատմում էր 83-ամյա Գ. Բաբիկյանը։ Ինը տարի բանակում ծառայելուց հետո Գ. Բաբիկյանը 23 տարեկանում մասնակցել է ֆիննական, ապա նաեւ՝ Հայրենական մեծ պատերազմին։ Ըստ ներկաների, մայիսի 9-ը ամեն տարի այլ կերպ էր նշվում, մարդիկ ուրախ էին լինում եւ, ինչպես խոստովանեցին, մտածում էին, թե կռիվը վերջանա, ամեն ինչ լավ է լինելու. «Մայիսի 9-ին միշտ էնքան ուրախ էինք լինում, որ պապիրոսի ու շոկոլադի թղթից ոտներդ չէր գնում առաջ, էլ չեմ ասում խմիչքի… Դրոշակներ էինք բարձրացնում, ուռա՜ էինք գոռում ուրախ-ուրախ… Հիմա շատ դիլխոր ենք, ուրախանալու բան չկա»,- պատմում էին պատերազմի մասնակից վետերանները։ Այսօրվա մասին ասացին. «Մեր ղեկավարությունը իրար չի բռնում։ Մեկն, ասում են, ապարանցի է, մյուսը՝ ղարաբաղցի։ Ամեն մեկը իրան է քաշում։ Մեջտեղում ժողովուրդն է տուժում»։ Գ. Բաբիկյանը ութ զավակ ունի՝ չորս տղա, չորս աղջիկ եւ «բոլորին հասցրել է իր նպատակին»։ Ծերունին անկեղծորեն զարմանում է, թե ինչո՞ւ իրենք ժամանակին կարողանում էին «տասը մատով տասը հոգի պահել», իսկ հիմա նույնիսկ սեփական գլուխը չեն կարող պահել։ Իր իսկ հարցին հենց ինքն էլ պատասխանեց՝ մեջբերելով ստալինյան լոզունգը. «վատ աշխատող չկա, վատ դասավորող կա»։ Հայկ Կատվալյանը 1943թ. 17 տարեկանում կամավոր բանակ է մեկնել եւ մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Աշխատել է «սամալյոտի վրա, թռել Բեռլին եւ բամբիտ արել»։ Այժմ 76 տարեկան է։ Հ. Կատվալյանը մասնակցել է նաեւ Արցախի պատերազմին եւ պարգեւատրվել մի շարք շքանշաններով։ Նրա կարծիքով, իշխանության «սանձը» այսօր գտնվում է մի խումբ մաֆիոզների ձեռքում, որոնք ինչպես ուզում, այնպես շարժում են այն՝ հարմարեցնելով միայն իրենց։ Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել