Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաշխարհային մասշտաբով տեղեկատվական հեղափոխություն է տեղի ունենում։

Մայիս 10,2001 00:00

ԲԱՐՁՐ ՃՇԳՐՏՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԳԱՎՈՐԵՆՔ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ «Համաշխարհային մասշտաբով տեղեկատվական հեղափոխություն է տեղի ունենում։ Եվ եթե մենք չենք ցանկանում հետամնաց մնալ, պետք է անմասն չմնանք այդ գործընթացներից»,- գտնում է ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարի գլխավոր խորհրդական Գագիկ Վարդանյանը։ Ըստ նրա, տնտեսական հեղափոխություն է սպասվում ի հաշիվ ցանցային տնտեսության ստեղծման եւ էլեկտրոնային առեւտրի զարգացման։ Իսկ ցանցային տնտեսությունն էլեկտրոնային «տարբերակով» ներառում է տնտեսության բոլոր ճյուղերը՝ առեւտուր, ֆինանսներ, բանկային գործ, մարկետինգ։ Եվ ինչպես ժամանակին երկաթգծի «գյուտն» է արդյունաբերության մեջ հեղափոխություն առաջացրել, հանգեցրել տնտեսության բուռն զարգացման, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաները։ Վերջինը տնտեսության զարգացման ավելի մեծ տեմպեր է ենթադրում։ Այսպիսի «բուռն» եզրակացություններով խորհրդականը վերադարձել է Չինաստանից, որտեղ նշված հարցերի վերաբերյալ կոնֆերանսի է մասնակցել։ Ըստ Գ. Վարդանյանի, ցանցային տնտեսության զարգացման գործում զարգացած երկրները հակված են օգնելու մյուս երկրներին (ինչն արտահայտվում է կատարված ներդրումներով), եւ, բնականաբար, «թեկուզեւ մեկ երկրի հետ մնալն այս ոլորտում լուրջ խոչընդոտ է տնտեսության գլոբալացման ճանապարհին»։ Իսկ գլոբալացման ճանապարհը, խորհրդականը նկատում է, որ «այսպես, թե այնպես՝ արդեն ընտրել ենք»։ Հետաքրքիրն այն է, որ ցանցային տնտեսության հետ է կապվում նաեւ քաղաքական, տարածաշրջանային, սոցիալական մի շարք խնդիրների կարգավորումը։ «Էլեկտրոնային առեւտուրը եւ տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության զարգացման ասպարեզում կխաղան հաղորդակից անոթների դերը»,- գտնում է տնտեսագետը։ Նկատի ունենալով այս բնագավառում մեր երկրի հաջողությունները՝ պարոն Վարդանյանը կարծում է, որ Հայաստանն իր զարգացման տեմպերով հետ չի մնա մյուս երկրներից եւ, որ այդ հաջողություններն անպայման պետք է կիրառվեն նաեւ տնտեսության մյուս ճյուղերում։ Զարգացման մասշտաբներն իննանիշ թվերով են չափվում, օրինակ, 2001թ. էլեկտրոնային առեւտրից ստացվող եկամուտներն ամբողջ աշխարհում կկազմեն մոտ 200 մլրդ դոլար։ 2003-ին այդ թիվը կգերազանցի 350 մլրդը։ «Առավոտի» տարակուսանքին ի պատասխան, Գ. Վարդանյանը նշեց, որ ամեն ինչ հաշվարկված է բարձր ճշգրտությամբ։ Ցանցային տնտեսության մեջ ընդգրկվելով, ընկերությունները մեծ գումարներ կխնայեն գործարքներ կնքելիս, բանակցություններ վարելիս։ Պետությունն էլ իր անելիքներն ունի. ենթակառուցվածքների ապահովումը՝ միջավայրի ապահովում, օրենսդրական դաշտի ստեղծում, ընկերությունների շուկա դուրս գալու հնարավորությունների ստեղծում, ինտերնետ կապի մատչելիությանը ձգտել եւ այլն։ Տեղեկատվական տեխնոլոգիաների հեղափոխությանը պետք է, ըստ զրուցակցիս, պատրաստվենք այսօրվանից՝ սկսելով մանկապարտեզներում համակարգչի ուսուցանմամբ։ Բայց այս «հեղափոխությունը» տասնյակ տարիների գործ է ու, նկատի ունենալով այն հանգամանքը, որ համաշխարհային տնտեսության կոնյունկտուրայի շրջափուլերը 50 տարի են տեւել եւ էլեկտրոնային տեխնոլոգիաների զարգացման տեմպերը, ապա այս մի շրջափուլը թեեւ 50 տարի չի տեւի, բայց, այնուամենայնիվ, կչափվի տասնյակ տարիներով։ Ա. Ֆ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել