Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն Է ԱՐԴԱՐԱՑՆՈ՞ՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵ՞…

Մայիս 10,2001 00:00

ՀՅԴ-Ն Է ԱՐԴԱՐԱՑՆՈ՞ՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵ՞… «Առավոտը» փորձեց պարզել՝ արդյոք միայն «Հայ Դատի» Երեւանի գրասենյակի տնօրեն Էդվարդ Հովհաննիսյանի մասնավո՞ր տեսակետներն են, թե՞ Դաշնակցության դիրքորոշմանը համահունչ է, որ ահաբեկչությունն ընդունելի պայքարի ձեւ է եւ «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ ուղղակի պիտի միայն քաղաքական գնահատական տրվի՝ «Փրկվե՞ց դրանից, թե՞ կործանվեց հայությունը»։ Մեր հարցին ի պատասխան ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը նախ ասաց. «Հայաստանում որոշ լրատվամիջոցներ՝ աշխատելով համագործակցաբար եւ ստեղծելով քաղաքական կեղծ սկանդալներ՝ փորձում են սրել մեր ներկուսակցական եւ ներքաղաքական հարաբերությունները։ Եվ դրան զոհ են գնում քաղաքական որոշ գործիչներ։ Սակայն ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի անունից ցանկանում եմ պաշտոնապես նշել, որ մեր կուսակցությունը տվել է «Հոկտեմբերի 27»-ի ե՛ւ բարոյական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ հոգեբանական գնահատականը դեռեւս առաջին օրերին»։ Ակնհայտ էր, որ պրն Մանուկյանը պատասխանում էր «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանի այն կշտամբանքին, թե ՀՅԴ-ն ու ՀՀ նախագահը չեն տվել «Հոկտեմբերի 27»-ի քաղաքական գնահատականը։ Ի վերջո, անդրադառնալով մեր հարցին՝ պրն Մանուկյանն ասաց. «Ինչ վերաբերում է քաղաքական ահաբեկչությունների գնահատականին՝ դա շատ ավելի մասնավոր թեմա է, որին կարճ հնարավոր չէ անդրադառնալ։ Սակայն պատրաստ ենք դրա մասին շատ մանրամասն խոսել»։ Անպայման կընդառաջենք այդ պատրաստակամությանը, իսկ մինչ այդ զրույցը Գեղամ Մանուկյանն ասաց. «Էդվարդ Հովհաննիսյանն «Առավոտում» հրապարակված իր պատասխան հոդվածում խոսել էր իբրեւ պրոֆեսոր Էդվարդ Հովհաննիսյան եւ պատասխանել Էդվարդ Հովհաննիսյանի նկատմամբ եղած անբարո զրպարտանքներին»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել