Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երեկ ես իմացա, որ հայ ժողովուրդն ու մենք՝ մասնավորապես, հանցագործ ենք, որովհետեւ օկուպացրել ենք ուր

Մայիս 10,2001 00:00

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԴՐԱ ՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ «Երեկ ես իմացա, որ հայ ժողովուրդն ու մենք՝ մասնավորապես, հանցագործ ենք, որովհետեւ օկուպացրել ենք ուրիշի տարածքները։ Ես իմացա, որ մենք ոչ թե ազատագրել ենք մեր հայրենիքն ու հաղթանակ ենք տարել, այլ հանցագործություն ենք արել ու հիմա մեր մեղքերը պետք է քավենք եւ ազատագրված, իսկ, ըստ Վարդան Օսկանյանի, օկուպացված տարածքները ետ տանք օրինական տիրոջը»,- անդրադառնալով ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի վերջերս արած այն սենսացիոն հայտարարությանը, թե «օկուպացված» տարածքները պետք է վերադարձվեն, ասաց նախկին նախարար Վահան Շիրխանյանը։ Նա նկատեց, որ եթե Հայաստանում «օկուպացված» որեւէ բան կա, ապա՝ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտն է։ «Վ.Օսկանյանի հայտարարությունից հետո պարզ է, թե ինչու, ինչպես Օսկանյանն է ասում՝ «աշխարհը չի ճանաչել Հայաստանի հաղթանակը»: Այն մարդիկ, ովքեր պարտավոր էին աշխարհին իրազեկել Հայաստանի հաղթանակի մասին՝ հենց իրենք են համոզված եղել, որ դա ոչ թե հաղթանակ, այլ ագրեսիա է եղել»,- վստահեցրեց Վ.Շիրխանյանը։ Նա նաեւ ընդգծեց, թե կարեւոր չէ նույնիսկ այն, որ Վ.Օսկանյանը Հայաստանում այլեւս անելիք չունի։ Ավելի էականն այն է, որ այդ «դիվանագիտության» հետեւանքները հայ ժողովուրդը դեռ երկար է զգալու։ «Մտավորական Հայաստան» կուսակցության նախագահ Հովհաննես Թոքմաջյանն էլ նույն առիթով հետեւյալն ասաց. «Ես չգիտեմ, պարոն Օսկանյանը երեւէ այցելել է Եռաբլուր, թե ոչ։ Իր արտասանած «օկուպացված տարածքներ» արտահայտության, թափված արյան տակից շատ դժվար է դուրս գալը։ Ես, համենայն դեպս, համոզված եմ, որ Հայաստանը ոչ մի բան չի «օկուպացրել»։ Եթե «օկուպացված» բաներ էլ կան, դրանք միայն մի քանի շենքեր են՝ Բաղրամյան պողոտայի եւ Հանրապետության հրապարակի վրա։ Եթե Օսկանյանի հայտարարությունն այդ տարածքների հանձնման մասին է, ապա՝ մենք կողմ կլինենք, որ նրանք մեկ-երկու ամսից կամովին հանձնեն այդ տարածքները»։ Պարոն Թոքմաջյանը նաեւ կարծիք հայտնեց, թե այսօր Վ.Օսկանյանի հայտարարությունները՝ ազատագրված տարածքները հանձնելու, Մեղրիի միջանցքը բացելու եւ Ղարաբաղը ոչ թե «անվանապես», այլեւ իրականում Ադրբեջանի կազմում թողնելու մասին իշխանությունների անհեռատես եւ Օսկանյանի հայտարարած «կոմպլեմենտար» քաղաքականության արդյունքն են։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել