Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեկ

Մայիս 10,2001 00:00

Ռազմական երգերը փչացնում էին վարչապետի տիկնոջ ճաշակը Երեկ Կամերային թատրոնի հարակից այգում նախատեսված էր միջոցառում անցկացնել, որը նվիրված էր Հաղթանակի օրվան։ Այն նախաձեռնել էր փողոցային երեխաների հիմնախնդիրներով զբաղվող «Նոր Հայաստանի հումանիտար օժանդակության կենտրոնը»։ «Մենք որոշեցինք այդ օրը փոքր-ինչ յուրօրինակ միջոցառում կազմակերպել. ոչ պրոֆեսիոնալ երգիչները երգելու էին ռազմա-հայրենասիրական երգեր, որոնք անհամատեղելի են «փողոցի երեխաներ», «մանկական հանցագործություններ», «մուրացիկ երեխաներ եւ ծերեր» երեւույթի հետ»,- պարզաբանեց Կենտրոնի ղեկավար Էլեոնորա Մանանդյանը, որն, ի դեպ, «Ազգային համաձայնության ճակատի» անդամ է։ Միջոցառման նախաձեռնողները կանխատեսելով, որ միջոցառումը կարող է բազմամարդ լինել, դեռ ապրիլի վերջերին պատշաճ կարգով դիմել էին Երեւանի քաղաքապետարան՝ համապատասխան թույլտվություն ստանալու ակնկալիքով։ «Մայիսի 7-ին դիմեցինք քաղաքապետարանին՝ ճշտելու, թույլտվությունը կա՞, թե՞ ոչ։ Բաղդասարյան ազգանունով մեկը տեղեկացրեց, որ թույլտվությունն անպայման կլինի, առավել եւս, որ իրենք էլ են մտադիր այդ միջոցառմանը մասնակցել»,- պատմեց Է.Մանանդյանը։ Քաղաքապետարանի աշխատակիցը վստահեցրել էր, թե մայիսի 9-ին քաղաքապետարանի ներկայացուցիչները կգան միջոցառմանն ու իրենց հետ կբերեն նաեւ գրավոր թույլտվությունը։ Քաղաքապետարանից որեւէ մեկն, իհարկե, միջոցառմանը ներկա չէր։ Կազմակերպիչները փաստի առաջ էին կանգնել։ Բացօթյա համերգն արդեն սկսվել էր, երբ այգում ոստիկաններ հայտնվեցին եւ պահանջեցին անջատել երաժշտությունը։ «Օպերացիայի» ղեկավար ՊՊԾ պետ պարոն Չիբուխչյանը հայտարարել էր, թե վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տիկինը Կամերային թատրոնում հանդիսավոր համերգ է լսում, իսկ միջոցառումը խանգարում է։ «Մի քանի րոպե անց եկան ոստիկանները եւ կոպիտ վարքագծով բարձրացան ամբիոն, անջատեցին երաժշտությունը, պոկեցին բարձրախոսների լարերը՝ հայտարարելով, թե հրաման են ստացել առգրավել տեխնիկան։ Ես պահանջեցի ներկայանալ, ցույց տալ համապատասխան գրավոր հրաման»,- պատմեց Էլեոնորան։ Շարքային եւ ավագ ոստիկանները, բնականաբար, ո՛չ ներկայացել էին, ո՛չ իրենց վկայակոչած հրամանն էին ցույց տվել՝ «Թույլտվությունը մեր ֆորմեն ա»,- նետել էր ոստիկաններից մեկը։ Ոստիկաններից որեւէ մեկից «Առավոտի» թղթակցին էլ չհաջողվեց պարզել, թե իրենք ո՞ր վարչության կամ ո՞ր ոստիկանության աշխատակիցներ են, ումի՞ց են հրաման ստացել եւ ի՞նչ պատճառաբանությամբ։ Ոստիկանները ոչ միայն «չգիտեին», թե ում են ծառայում, այլեւ «կուլ էին տվել» իրենց անունները։ Նրանք փորձեցին անգամ խոչընդոտել լուսանկարել առգրավման «օպերացիան». «Ո՞ւմ ես հարցրել, որ նկարում ես»։ Նույնիսկ լրագրողի վկայականը չփրկեց. «Էդ սարքած ա, քոնը չի, կարող ա խաբում ես»։ Ոստիկանները նույնիսկ փորձեցին ուժի կիրառմամբ խլել լուսանկարչական ապարատը։ Անհաջող փորձերից հետո նրանք տեխնիկան անփութորեն լցրին «883 SS 01» պետհամարանիշի իրենց ծառայողական ավտոմեքենան ու տարան, բայց ճանապարհի կեսից, այնուամենայիվ, ստիպված եղան վերադարձնել՝ պայմանով, որ ոչ մի միջոցառում չի լինի։ Կարծում ենք, ավելորդ չէ դիմել մեր ավագ իրավապահներին եւ հիշեցնել նրանց իրավասություններն ու պարտականությունները՝ քաղաքացու, կազմակերպության դեմ որեւէ գործողություն ձեռնարկելուց առաջ նախ ներկայանալ, ներկայացնել համապատասխան թույլտվություն կամ հրաման։ ՆԳՆ-ին խորհուրդ ենք տալիս նաեւ, երբեմն դասընթացներ կազմակերպել ոստիկանների համար, որ մեկ-մեկ էլ օրենքներին ծանոթանան եւ պրոֆիլակտիկայի համար տեղյակ լինեն, թե ինչպես պետք է վարվել իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողի հանդեպ։ Իսկ, թե որտեղի՞ց է գալիս մեր իրավապահների այսչափ ուշադրությունը վարչապետի տիկնոջ ու նաեւ Կենտրոնի նախաձեռնած միջոցառման հանդեպ, միանգամայն պարզ է։ Բանն այն է, որ դրան, բացի մեր համաքաղաքացիներից, մասնակցելու էին եկել նաեւ Ճակատի ներկայացուցիչները, որոնք հենց տեղում ցանկություն էին հայտնել երգել ու նվագել։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել