Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ասում է ՀՀԿ եւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը

Մայիս 10,2001 00:00

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ, ՈՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ ասում է ՀՀԿ եւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը -Մայիսի վերջին տեղի կունենա ՀՀԿ 6-րդ համագումարը։ Պարոն Թորոսյան, ինչպե՞ս եք գնահատում կուսակցության վիճակը համագումարից առաջ։ – Ըստ էության, 98 թվականը լուրջ շրջադարձի ժամանակ եղավ կուսակցության համար, երբ Վազգեն Սարգսյանը առաջարկեց կուսակցության մեջ համախմբել քաղաքականությամբ զբաղվել ցանկացող ԵԿՄ անդամներին եւ այն մարդկանց, որոնք որեւէ կուսակցության անդամ չէին։ Դրանից հետո 99-ի հունվարի վերջին տեղի ունեցավ կուսակցության համագումարը, որը արձանագրեց նոր խնդիրներ, որովհետեւ համալրված կուսակցությունը իր առջեւ շատ ավելի բարդ խնդիրներ էր դնելու։ Փոքր-ինչ ավելի ուշ ստեղծվեց «Միասնություն» դաշինքը եւ մայիսի 30-ի ընտրությունների ընթացքում «Միասնությունը» ստացավ ձայների մեծամասնությունը։ Մեր անկախության պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանական ընտրություններում հաջողություն ունեցած քաղաքական ուժի առաջնորդը դարձավ վարչապետ։ Հետագա մի քանի ամիսների ընթացքում ակնհայտ էր, որ լուրջ տեղաշարժեր կան։ Դժբախտաբար տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27»-ը։ Սրանից հետո ՀՀԿ-ի համար ստեղծվեց չափազանց ծանր վիճակ, ոչ միայն այն պատճառով, որ կուսակցությունը կորցրեց իր առաջնորդին, որ Վազգեն Սարգսյանը ոչ միայն առաջնորդում էր կուսակցությունը, այլ նաեւ, որ չափազանց բարդ խնդիրներ էր վերցրել իր ուսերին եւ ակնհայտ էր, որ Վազգեն Սարգսյանից հետո կուսակցության մեջ այդպիսի վառ անհատականություն չկար։ Հարց առաջացավ, արդյո՞ք կուսակցությունը կկարողանա իր մեջ ուժ գտնել այդ ծանրությանը դիմանալու համար։ – Պրն Թորոսյան, արդեն մեկ տարի կուսակցությանը տրված էր ժամկետ։ Փաստորեն ՀՀԿ-ն գործադիր իշխանությունն իրականացնող կուսակցությունն է եւ կուսակցության ղեկավարն էլ երկրի վարչապետն է։ Հիմա ո՞նց եք գնահատում ձեր աշխատանքը։ – Իհարկե, հաջորդ կարեւոր փուլը 2000-ի մայիսին էր, երբ կուսակցությունն առաջադրեց վարչապետի թեկնածու եւ, իսկապես, ամբողջությամբ պատասխանատվությունն ու ծանրությունը կուսակցության վրա ընկան։ Առավել եւս, որ կուսակցությունն այդ առումով մենակ մնաց։ Մեկ բան, կարծում եմ, ակնհայտ է. «Հոկտեմբերի 27»-ից հետո լարված իրավիճակ էր եւ կարողացանք գոնե մինչեւ մայիս այդ ընթացքը անցնել առանց ցնցումների։ Իհարկե, նաեւ Արամ Սարգսյանի ջանքերն էին շատ։ Բայց լարվածությունները մնացել էին, երբեմն-երբեմն խորանում էին, եւ դա, կարծում եմ, վտանգավոր էր երկրի ապագայի համար։ Փաստորեն, Արամ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո ծանր խնդիր առաջացավ։ Եվ այն հանգամանքը, որ Ա. Սարգսյանը Վ. Սարգսյանի եղբայրն է, եւ այն, որ ՀՀԿ անդամ էր, լուրջ հոգեբանական խնդիրներ առաջացրին։ Պատահական չէ, երեւի, որ հենց այդ ժամանակ խորհրդարանում ստեղծվեց մի նոր խումբ, որի կորիզը ՀՀԿ անդամներն էին։ Բայց այս մեկ տարին, կարծում եմ, ցույց տվեց, որ կուսակցությունն իր մեջ ուժ գտավ ե՛ւ քաղաքական իրավիճակի կայունացման, ե՛ւ կառավարության գործունեության մեջ դրական միտումներ առաջացնելու համար։ – Այնուամենայնիվ, գաղտնիք չէ, որ երկրապահներին եւ հանրապետականներին կապում կամ միացնում էր Վազգեն Սարգսյանը եւ «Հոկտեմբերի 27»-ից հետո, երբ չկար այլեւս կապող ուժը, միացումը դարձավ ձեւական։ Ստացվեց, որ ժամանակին կեղծ միացում էր տեղի ունեցել։ – Չեմ կարծում, որ կեղծ միացում էր։ Իսկապես այստեղ կար գաղափարական եւ սկզբունքային ընդհանրություն։ Որեւէ մեկը չի կարող պնդել, թե Վազգեն Սարգսյանը չէր կարող նոր կուսակցություն ստեղծել, կամ կաներ դա ավելի վատ, քան ուրիշներն են արել։ Համոզված եմ, նաեւ հենց գաղափարախոսության ընդհանրությունը Վազգեն Սարգսյանին դրդեց, որ ուժերի կենտրոնացումը, համախմբումը տեղի ունենար հենց հանրապետական կուսակցության շրջանակներում։ Բնականաբար, 27-ի ողբերգությունը չափազանց ծանր հարված էր, եւ մարդիկ տարբեր ձեւով այդ հարվածը տարան։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Վ. Սարգսյանի ընտրությունը 98-ին չափազանց կարեւոր էր եւ մեծ նշանակություն ունեցավ մեր երկրի հետագա այս ընթացքի վրա։ Ի վերջո, նաեւ այլ խնդիր կա. Վ. Սարգսյանը ընտրել էր, թե ո՞ւմ հետ է գնալու հետագա երկար ճանապարհ։ Համախմբման նպատակը ոչ միայն ընտրություններում հաջողության հասնելն էր, այլեւ հետագա 10-15 տարիների ընթացքում լուրջ քաղաքական գործունեության ծավալումը։ – Պրն Թորոսյան, բայց կա նաեւ հակառակ տեսակետը՝ իրականում Հանրապետական կուսակցությունն է խնդրել Վազգեն Սարգսյանին նոր կուսակցություն ստեղծելու փոխարեն իրեն վերցնել։ Դա ոչ թե Վազգեն Սարգսյանի ընտրությունն էր, այլ Հանրապետականի խնդրանքով է եղել։ – Ճիշտն ասած, նման կարծիք առաջին անգամ եմ լսում եւ ծիծաղելի կլիներ, հաշվի առնելով Վ. Սարգսյանի անձը, անհատականությունը եւ պոտենցիալը, շատ-շատերը կարող էին եւ, համոզված եմ, նաեւ խնդրել էին ինչ-որ բանով ծառայելու։ Բայց Վ. Սարգսյանը այն անձը չէր, որ խնդրանքներով նման քայլեր կատարեր։ Չափազանց լուրջ քայլ էր արվածը, եւ շատ հեռահար նպատակներ ուներ։ – Անդրանիկ Մարգարյանի մեկ տարվա վարչապետության շրջանը, ասում են, կավարտվի ՀՀԿ 6-րդ համագումարից անմիջապես հետո։ Այսինքն, վարչապետը որոշ ժամանակ կխնդրի նախագահից կուսակցության համագումարը որպես իշխանություն անցկացնելու նպատակով եւ դրանով ամեն ինչ կվերջանա։ – Ճիշտն ասած, տարբեր երեւույթների հետ վարչապետների պաշտոնավարությունը կապակցելը լսել էի, բայց որ կուսակցության համագումարի հետ կապված լինի, առաջին անգամն եմ լսում։ Հետաքրքիր վարկած է, բայց, կարծում եմ, որեւէ հիմք չկա։ Հիշեցնեմ, որ Անդրանիկ Մարգարյանի պաշտոնավարությունը «կանխատեսում էին», չարագուշակ ենթադրություններ էին անում, որ կտեւի 2-3 ամիս։ Մեկ տարի է եւ, կարծում եմ, այսօր ավելի թույլ չէ վարչապետի դիրքը, քան նախկինում էր։ – Դուք շեշտում եք վարչապետության մեկ տարին, կարծես թե նկատի ունեք, որ վարչապետը լավ է աշխատում եւ այդ պատճառով է, որ պաշտոնանկ չի արվում։ Իմ կարծիքով, պարզապես նախագահին այս պահին ձեռնտու չէ վարչապետ փոխել եւ համեմատաբար անկայուն վիճակ ստեղծել։ Մենք Ղարաբաղի հարցը ունենք աչքի առաջ, նաեւ՝ «Հոկտեմբերի 27»-ը։ – Ընդհանրապես վարչապետին պաշտոնանկ անելը որեւէ պաշտոնյայի գործից ազատել չէ եւ, բնական է, որ ցանկացած նախագահ ցանկացած երկրում լուրջ հիմնավորում պետք է ունենա վարչապետին պաշտոնանկ անելու համար։ Համոզված եմ, այսօր լուրջ հիմքեր չկան վարչապետին պաշտոնանակ անելու եւ տեսանելի ապագայում նման բաներ չեն երեւում։ … Այս տարվա ընթացքում կարեւոր է մի բան, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ կա մեկ միասնական իշխանություն, իշխանությունն ունի կամք, որովհետեւ առանց միասնական իշխանության հաջողությունն անհնարին է։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել