Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախապես

Մայիս 10,2001 00:00

ՄԻ՛ ԾԱՓԱՀԱՐԵՔ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ Նախապես նշենք, որ մինչ այս թեմային անդրադառնալը շատերի հետ ենք զրուցել եւ պարզել, որ անգամ իշխանության առանձին ներկայացուցիչներ մտահոգված էին այս խնդրով։ Սակայն այս նուրբ խնդրի շուրջ իր նկատառումները հրապարակավ հայտնել եւ «խիստ ազգայիններին» գազազեցնելու հեռանկարի առջեւ չերկնչեց միայն ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը։ Ֆրանսիական լրատվամիջոցներն արձանագրեցին այն փաստը, որ իրենց երկրում ամենաշատ կյանքեր խլած ահաբեկիչը Հայաստանում արժանանում է ամենաջերմ ընդունելության՝ ընդ որում, նաեւ պետական բարձրաստիճան այրերի կողմից։ Թերեւս քչերին է հայտնի, որ Օռլիի օդանավակայանում պայթյունը թեեւ «թուրքական թիրախների» դեմ էր ուղղված, բայց ընդամենը 4 թուրք էր սպանվել. մյուս 4 սպանվածները եւ 50-ից ավելի վիրավորները ֆրանսիացիներ էին։ Եվ այս պայմաններում հեռուստախցիկների առջեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը համբուրվում է Օռլիի պայթյունին մեղսակցության մեջ դատապարտվածի հետ եւ նշում, թե բարձր է գնահատում Վարուժան Կարապետյանի «հայրենանվեր գործունեությունը»։ Մեր խնդրանքով գնահատելով այս ամենը՝ Անդրանիկ Հովակիմյանն ասաց. «Հասկանալով այն ժամանակը եւ միջավայրը, որում այդ գործողությունը կատարվել է, այնուամենայնիվ, չի կարող լինել որեւէ արդարացում նման տիպի ահաբեկչական գործողությունների համար»։ Ասելիքը հստակեցնելու համար Անդրանիկ Հովակիմյանը դիմեց մի համեմատության. «Պատկերացրեք, եթե Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից ինչ-որ մեկի ներկայացուցիչը՝ փորձելով ուշադրություն հրավիրել իր ազգային խնդիրների վրա՝ նույն բանն աներ «Զվարթնոց» օդանավակայանում եւ դրա հետեւանքով տուժեին անմեղ մարդիկ։ Պատկերացրեք մեր մոտեցումը, վերաբերմունքը»։ Այս պարագայում թերեւս տեղին չէր ահաբեկչության համար դատապարտվածին Հայաստան արտաքսումից տոն սարքելը. «Պատկերացրեք, թե այս մեծ աղմուկն ինչ վատ տպավորություն կստեղծի այնտեղ։ Իմ կարծիքով, մենք ուղղակի պետք է շնորհակալ լինեինք Ֆրանսիայի իշխանություններից եւ ժողովրդից, որ նրանք մարդասիրություն ցուցաբերեցին առաջին հերթին՝ այդ մարդու ճակատագրի նկատմամբ»։ Ի դեպ, 1996 թ. Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը միջնորդել էր Ֆրանսիայի նախագահի առջեւ՝ Վարուժան Կարապետյանի դատավճիռը վերանայելու վերաբերյալ. «Որպես մարդու՝ ամեն ինչ պիտի անեինք եւ նախկինում արել ենք, որ նա իր պատիժը կրելուց հետո վերադառնա Հայրենիք։ Բայց դա չի նշանակում, որ դրանից հետո պիտի մի մե՜ծ տոնախմբություն սարքենք եւ վայրենի երեւանք այն անմեղ մարդկանց առջեւ, ովքեր վնասվել էին այդ գործողության արդյունքում»։ Բայց խնդիրն այսուհանդերձ անհատը չէ։ «Իմ կարծիքով, այս ամեն ինչը չափազանց վտանգավոր է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ վերջին ամիսների ընթացքում իշխանության կուսակցության գաղափարախոսներից մեկը փորձում է հող նախապատրաստել ահաբեկչությունն արդարացնելու համար»,- Անդրանիկ Հովակիմյանի այս դիտարկումից հետո առավել մանրամասն անդրադարձանք «Հայ Դատի» Երեւանի գրասենյակի տնօրեն Էդվարդ Հովհաննիսյանի հայտարարություններին։ Հիշեցնենք, որ իր «Կյանքը ցույց տվեց, որ քաղաքական ահաբեկչությունը՝ որպես պայքարի միջոց, ճանաչվեց եւ ընդունվեց մարդկության կողմից» պնդումը պրն Հովհաննիսյանը հիմնավորել էր երկու խոշորագույն ահաբեկիչներին՝ Արաֆաթին եւ Բեգինին խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացնելու փաստով։ «Եթե ցանկություն կա ինչ-որ բան արդարացնելու՝ կարելի է հազար ու մի պատճառ գտնել,- ի պատասխան ասաց պրն Հովակիմյանը։- Բայց նորմալ մարդը չի կարող որեւէ պատճառով արդարացնել ցանկացած ահաբեկչություն։ Եվ այստեղ դաշնակցական գործիչը գուցեեւ առաջին անգամ նաեւ ուղղակի շատ հանրամատչելի բացատրեց, թե ինչո՞ւ 1994-ին կասեցվեց Դաշնակցության գործունեությունը։ Եվ ես զարմանում եմ, որ արդարադատության նախարարությունը մինչեւ հիմա բացատրություններ չի պահանջում ՀՅԴ ղեկավար մարմնից այս հայտարարությունների վերաբերյալ, քանի որ, ինչպես գիտենք, մեր օրենքներով արգելված է ահաբեկչությունը»։ Սակայն իր մեկ այլ հրապարակային ելույթում Էդվարդ Հովհաննիսյանը Հայաստանի վարչաձեւը բնորոշել էր որպես «անիշխանություն, անարխիզմ», որի պայմաններում զարմանալի չեն ահաբեկչությունները։ «Ես զարմանում եմ, որ դաշնակցականն է դա ասում,- պատասխան զարմանքով հանդես եկավ ՀՀՇ վարչության փոխնախագահը։- Գուցե կարելի էր ներկա իրավիճակը բնութագրել «անիշխանություն», բայց, փաստորեն, իշխող կուսակցություն է, որը ներկայացված է օրենսդիր եւ գործադիր իշխանության մեջ… զարմանալի է, որ իրենք են դրա մասին խոսում։ 10 տարվա ընթացքում ստեղծված չարության, անհանդուրժողականության, ատելության եւ բամբասանքի մթնոլորտ, որ վերջին 3 տարում ուղղակի ձեւակերպվեց՝ ահա այն պարարտ հողը, որը ծնում է այս ամենը եւ նաեւ «Հոկտեմբերի 27»-ը։ Եկեք չմոռանանք նույն Վազգեն Սարգսյանի մասին ինչեր էին գրում եւ խոսում, հենց նույն դաշնակցական լրատվամիջոցների ինչ մամլիչ կար։ Այնպես որ, ոչ թե երկրում տիրող իրավիճակն է ահաբեկչություն ծնում, այլ մթնոլորտը, որ տարիներ շարունակ ստեղծել է առաջին հերթին հենց իրենց մամուլը եւ այսօր էլ շարունակում է ստեղծել»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել