ԽՈՍՔ ԵՎ ԳՈՐԾ Կարծես ավանդույթ է դառնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր ասամբլեայի նստաշրջանները Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի նիստերի դահլիճում անցկացնելը։ Սակայն բուհի այդ սրահն այնքան էլ բարվոք վիճակում չէ։ Երկուշաբթի օրը այդ դահլիճում ՀԱՕԿ-ի փոխնախագահ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանն ի լուր ներկաների հայտարարեց, թե հինգ միլիոն դրամ է նվիրաբերելու ինստիտուտին՝ դահլիճը նորոգելու եւ պատշաճ մակարդակով կահավորելու համար։ Երեկ ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանից տեղեկացանք, որ գումարն արդեն ստացվել է ու այն տրամադրվելու է դահլիճի եւ տանիքի նորոգմանը։ Ամբողջ հատակը ծածկվելու է կովրոլիտով, փոխվելու են աթոռները, վարագույրները։ Լավ է, երբ խոստումները հենց այնպես չեն շռայլվում։ Եթե մեզ մոտ բոլորն այդպես վարվեին, հաստատ ոչ մի բնագավառում վիճակն այսքան անմխիթար չէր լինի։