Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Մայիս 09,2001 00:00

ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ Վանաձորում անկախ կամ «այլընտրանքային» թերթ լույս չի տեսնում։ Վերջին թերթը, որը փոքրիշատե հավակնություն ուներ այդպիսին լինելու, «Արփի» թերթն էր (2 տարի առաջ լույս տեսնող, որը տպագրվեց շուրջ մեկ տարի)։ 1989-95թթ. լույս էր տեսնում Վանաձորի «Նժդեհ» երկշաբաթաթերթը, որի ուղղվածությունն ընդգծված քաղաքական էր՝ ընդդեմ երկրի այդ ժամանակվա իշխանությունների։ 1995-96թթ. լույս էր տեսնում «Տեսադաշտ» անկախ թերթը, որը քաղաքական ուղղվածություն չուներ եւ առավելապես կենտրոնանում էր սոցիալ-տնտեսական, իրավական, մշակութային այն հիմնախնդիրների վրա, որոնք դուրս էին մնում պետական մամուլի ուշադրությունից։ Այժմ Վանաձորի անկախ ԶԼՄ-ները «տեղական հարթության» վրա գտնվում են անհավասար խաղի մեջ՝ ի դեմս «Լոռու մարզ» պաշտոնաթերթի, որն արդեն «պրոֆիլակտիկ» աշխատաոճ է դարձրել պարբերաբար (նույնիսկ Ազատ մամուլի օրվա առթիվ), «քարեր նետել» ազատ մամուլի ուղղությամբ։ Որպես կանոն, թերթը պատասխան-արձագանք չի տպագրում։ Ի դեպ, 90-96թթ. թերթեր էին տպագրվում նաեւ Լոռու մարզի այլ քաղաքներում, իսկ ներկայումս, նրանք, հավանաբար, պետք է փառք տան Աստծուն, որ կարողանում են «կցվել» մարզկենտրոնի պաշտոնաթերթին եւ թերթն էլ իրեն մի քիչ «լավ է զգում», որ Ալավերդին կամ Ստեփանավանն իրենց համեմատ են «ռայոն»։ … Մամուլի ազատության օրը Վանաձորի տեղական «Լոռի» հեռուստաստուդիայի կողմից կազմակերպած ուղիղ եթերին՝ թվով 6 լրագրողների մասնակցությամբ, պետական մամուլի եւ լրատվության երեք ներկայացուցիչներից երկուսը, կարծես թե, մրցակցում էին «իշխանամետ» լինելու համար (իրենց իսկ բնորոշմամբ)։ Մեկն էլ «արջի ծառայություն» մատուցելու նպատակով սկսեց փառաբանել խորհրդային ժամանակաշրջանի ավագագույն սերնդի մի քանի լրագրողների («եւ մյուսներին»)։ Մարզային պաշտոնաթերթի ներկայացուցիչը հպարտացավ, որ հանրապետական թերթերից մեկում իրենց իբր թե մեղադրել են չափից դուրս ազատ լինելու համար։ Տվյալ դեպքում վերջինս ճիշտ չէր ընկալել հանրապետական թերթում գրվածը («Առավոտ», 1.09.2000), որում նշված էր, որ «վերին իշխանություններին» քննադատելու հարցում մարզային թերթն ավելի մեծ պատրաստակամություն է ցուցաբերում, քան տեղական իշխանություններին (ի տարբերություն 1991-98թթ. ընկած ժամանակաշրջանի, երբ թերթն ավելի անաչառ էր եւ այդ հարցում «կոմպլեքսավորված» չէր)։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել