ԱՆՑԱՎ 10 ՏԱՐԻ Ուղիղ 10 տարի առաջ Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղում մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը ռուս դեսանտայինների կազմակերպած արյունալի ողբերգության (որը հայտնի է «Անտառային եղեռն» անունով) զոհ դարձան ՆԳ աշխատակիցներ Արտաշ Մամյանը, Սպարտակ Ամիրաղյանը, Սարգիս Մուղդուսյանը, Վարդան Հանիսյանը, Ստեփան Ղարագյոզյանը, Մարտիկ Գիշյանը, Ռաֆիկ Մնացականյանը, Արմեն Ազիբեկյանը, Միշա Մուրադյանը, Սոս Մանթաշյանը, Վահրամ Աղաբաբյանը, Սաշիկ Անանյանը, վարորդներ Աշոտ Ամիրաղյանը եւ Վաչիկ Անանյանը։ Ս.թ. մայիսի 6-ին Նոյեմբերյանում զոհվածների հիշատակին նվիրված հավաք էր կազմակերպվել: Երեւանաբնակ նոյեմբերյանցիների հոգեւոր -մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ եւ «Առավոտ» օրաթերթի աջակցությամբ հրատարակվեց «Եզերք» թերթի հատուկ թողարկումը եւ վերոնշյալ հավաքի ժամանակ բաժանվեց մասնակիցներին: «Փառք ու պատիվ նրանց ծնողներին,- գրում է թերթը,- որ կարողացան դիմանալ ահավոր ողբերգությանն ու կանգուն պահել տան պատերը։ Հարգանք ու օրհնություն նրանց կանանց, որ ցավն ատամների տակ սեղմած կարողացան պահել-մեծացնել իրենց երեխաներին՝ հայրերի կյանքն ու մահը նրանց մատուցելով որպես առնական հայրենասիրության սրբազան դաս»։ Պետք է հիշել: Հիշել ինքնապաշտպանության մասնակիցների պատգամը պահելով: Սա անտառի եւ Ոսկեպարի ամենամեծ կամքն է։ Սեփ. լր.