Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի՞ տարեկան էիք, երբ մեկնեցիք ռազմաճակատ». այս հարցով սկսեցինք մեր զրույցը Հայրենական մեծ պատերազ

Մայիս 09,2001 00:00

Տարիների հիշողությունը չի խամրում «Քանի՞ տարեկան էիք, երբ մեկնեցիք ռազմաճակատ». այս հարցով սկսեցինք մեր զրույցը Հայրենական մեծ պատերազմի մասնակից, երկրորդ կարգի հաշմանդամ, 83-ամյա Հայկազ Վերդյանի հետ։ – Սովորում էի Բաքվի նավթային տեխնիկումի հետախուզական բաժնում։ Դեռ չավարտած՝ 1939 թվականի աշնանը կանչեցին բանակ։ Երկու տարի ծառայելուց հետո, երբ արդեն տուն պետք է վերադառնայի, պատերազմն սկսվեց։ 1941 թ. նոյեմբերի 10-ին Վերդյանը Վոլխովյան ռազմաճակատի մասնակից էր։ Ծառայում էր 136-րդ դիվիզիայի հակատանկային հրետանիում։ Այդ դիվիզիայի առաջին կարեւոր հրամանն էր՝ միանալ Լենինգրադի պաշտպանությունն իրականացնող մարտիկներին։ Թշնամու ուժերը ճեղքելը շատ դժվար էր, ախոյանը զորեղ էր։ Երկար պայքարից հետո նրանք կարողացան արժանի հակահարված տալ։ – Մայիսին մեզ տեղափոխեցին Կուրսկ- Օռլովյան ռազմաճակատ,- պատմում է նա,- մեր դիվիզիան մարտերով արագ առաջ էր շարժվում։ Բայց 1944 թվականի գարնանը, թշնամու հակահարձակմանը չդիմանալով, ընկավ շրջափակման մեջ։ 27 օր ու գիշեր դիմադրեցինք՝ հակառակորդի թիկունքում կռվելով։ 28-րդ օրը գերմանացիները 11 տանկով գրոհեցին մեզ վրա։ Հրետանավորներն իրենց տեղում էին եւ սպասում էին հրամանի։ Ավագ լեյտենանտ Վերդյանը առաջ շարժվեց։ Նա միայն իր մարտկոցով մեծ դժվարությամբ կարողացավ ոչնչացնել հինգ տանկ եւ հետեւակի օգնությամբ դուրս պրծան շրջափակումից։ Այդ մարտում ցուցաբերած հերոսության համար նա պարգեւատրվել է նաեւ Մարտական կարմիր դրոշի, Հայրենական մեծ պատերազմի առաջին, երկրորդ աստիճանի շքանշաններով, մեդալներով։ – Վիրավորվել եմ չորս անգամ։ Առաջին անգամ Զենկով քաղաքում, այնուհետեւ Շեւչենկոյի շրջափակման, Վիսլա գետի անցման ժամանակ։ Երեք դեպքերում էլ ապաքինվել եմ ռազմի դաշտում։ Բայց երբ արդեն կռվում էինք Վարշավայի տարածքում, վիրավորվելուց հետո տեղափոխվել եմ զինվորական հոսպիտալ եւ այնտեղ մնացել 60 օր։ Հայկազ Վերդյանը մասնակցել է Կիեւի ազատագրմանը, Բեռլինի գրոհին։ Վերադարձել է տուն կապիտանի կոչումով։ – Ի՞նչ կարող եք ասել այսօրվա զինվորների մասին։ – Զինվորները մնում են զինվորներ։ Հայ զինվորը միշտ էլ եղել է խիզախ, տոկուն եւ ցանկացած իրադրությունից դուրս է եկել հաղթանակած։ Այդ մասին վկայում է պատմությունը։ Հայ զինվորը միշտ էլ փառքով է իր սուրը պատյան դրել։ – Ձեր ցանկությունը հայոց բանակին։ – Մեծ հաղթանակի եւ Շուշիի ազատագրման պանծալի տոների առթիվ հայրենիքի պաշտպաններին ցանկանում եմ, որպեսզի լավ տիրապետեն զենքին։ Թող դժվարությունները նրանց չընկճեն, եւ թող նրանք միշտ բարձր պահեն հայ ազգի անունը։ ԱՆՆԱ ԳԶԻՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել