Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում, հին հայկ

Մայիս 09,2001 00:00

Ո՞Վ ԿԲԵՄԱԴՐԻ «ՊՈՂԻԿՏՈՍԸ» Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում, հին հայկական ճարտարապետության ամենահանրածանոթ հուշարձաններից մեկում՝ Զվարթնոց տաճարում, կներկայացվի Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերան։ Ազգային օպերային թատրոնի նախկին գլխավոր ռեժիսոր Տիգրան Լեւոնյանի բեմադրությունը արդեն ութ տարի գնում է թատրոնում։ Այսօր արդեն օպերային թատրոնի արտիստների շրջանում պտտվում են շշուկներ, ավելին՝ դժգոհություններ, թե իբր վերոհիշյալ տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի փոխնախագահ պարոն Խոսրով Հարությունյանը Տ. Լեւոնյանին առաջարկել է ստեղծել նոր թատերախումբ եւ վերջինիս ուժերով Զվարթնոցում բեմադրել օպերան, հանգիստ թողնելով օպերային թատրոնի կոլեկտիվին։ Այս առիթով հանդիպեցի պարոն Խ. Հարությունյանին։ «Աշխարհն այսօր փակ սրահներից գնում է բացօթյա ամֆիթատրոններ։ Նպատակը մեկն է՝ ժողովրդի մեծ զանգվածներին հաղորդակից դարձնել մշակույթին։ Ասեմ, որ դեռեւս վաղուց ցանկություն կար անտիկ դրամատուրգիայի փառատոներ անցկացնել Գառնիի տաճարում, բայց ծագեցին մեծ մասշտաբի բարդություններ։ Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության ծրագրերի մեկ ծավալուն հատվածի առիթով, այն է՝ բաց երկնքի տակ ներկայացնել Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերան, դիմեցինք Տ. Լեւոնյանին։ Ոգեւորեցինք, ոգեւորվեց… Գնացինք Գառնի… գեղեցիկ է, հրաշալի, բայց հարմար չգտանք ու միանգամից տեղափոխվեցինք Զվարթնոց։ Այս տաճարում խտացված է հայ ժողովրդի, դեռեւս 5-րդ դարում սկսված, հզոր մշակութային վերելքը։ Չնայած, որ տաճարն ավերակ է, սակայն այս վիճակում էլ այն չի դադարում ազդել իր ուժով, բարձր վարպետությամբ ու պլաստիկությամբ։ Այստեղ կտեղադրվի ամֆիթատրոն, աշխատում ենք լուսային էֆեկտների ու ձայնի վրա, լուծվում են ինժեներական խնդիրներ։ Կենտրոնացրել ենք գիտական ողջ ներուժը, որը, ասեմ՝ այնքան էլ էժան չէ։ Դրսից ոչինչ չենք բերում, այլ աշխատում ենք ամեն ինչ անել մեր ուժերով, որ տոնակատարությունից հետո ամեն ինչ մնա մեզ։ Մեր մշակութային կյանքում սա նորույթ է։ Գնում է ինտենսիվ աշխատանք, բայց մշակույթի ոլորտի առանձին գործիչներին բնորոշ անհասկանալի, անհիմն հավակնությունները ավելորդ խոչընդոտներ են առաջացնում։ Երաժիշտ չլինելով, երկու լուծում եմ տեսնում այստեղ՝ լուծում 1. բեմադրիչ-ռեժիսոր Տ. Լեւոնյանը, օգտագործելով օպերային թատրոնի հնարավորությունները, Զվարթնոցում ներկայացնում է օպերան։ Լուծում 2. օպերային ներկայացման բեմելը հանձնարարվում է Գեղամ Գրիգորյանին։ Գիտեք, չեմ կարծում, որ կան անփոխարինելի մարդիկ, կան պարզապես պատրաստի մարդիկ։ Մեծ համբերություն ունեմ եւ ոչ ոք կամ ոչ մի բան չեն կարող խանգարել այս գեղեցիկ պրոյեկտի իրագործմանը։ Մշակույթը մեր ժողովրդի անկապտելի հպարտությունն է եւ, կրկնում եմ՝ ոչ մի ավարառու չի կարող սպառնալ։ Համոզված եմ, որ տոնակատարության ավարտից հետո էլ այստեղ կշարունակվեն ներկայացումներ, համերգներ… Դարերի լռությունից Զվարթնոցը կհառնի որպես եզակի մի տաճար՝ մշակութային մի անկրկնելի տաճար։ Հանգիստ եղեք, պրոյեկտը չի տապալվի»։ Իսկ թե ո՞ւմ բեմադրությամբ «Պողիկտոսը» կներկայացվի, այսօրվա դրությամբ դեռ պարզ չէ։ Պարզ է մի բան. ոչ երաժիշտ պարոն Խ. Հարությունյանին հարկավոր են պրոֆեսիոնալ խորհուրդ կամ խորհուրդներ։ Կարծում եմ, բոլոր պրոֆեսիոնալներն էլ միակարծիք կլինեն, որ 1-2 ամսում օպերա չեն բեմադրում։ Մնում է միայն հուսալ ու հավատալ փոխնախագահի խոսքերին, այն է՝ «Պրոյեկտը չի տապալվի»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել