Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկ

Մայիս 09,2001 00:00

Ուղեւորները դժգոհում են վարորդներից Իսկ վարորդները՝ աշխատանքից Երեւանում կարծես սնկի պես աճում եւ օրեցօր շատանում են երթուղային տաքսիները։ Ըստ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանի, հատկապես մեծ մաս են կազմում անօրինական, այսինքն՝ լիցենզիա չունեցող միկրոավտոբուսները։ Երբ մարդիկ հասարակական տրանսպորտի մյուս միջոցներից նախընտրում են երթուղային տաքսին, ունենում են միայն մեկ նպատակ՝ տեղ հասնել ավելի շուտ կամ ժամանակին, ինչը չի կարող ապահովել ավտոբուսը կամ, ասենք, տրոլեյբուսը։ Սակայն, նստելով երթուղային տաքսի, քաղաքացին շատ հաճախ ոչ միայն ժամանակին տեղ չի հասնում, այլեւ մի բան էլ ուշանում է։ Պատճառը թերեւս բոլորին է հայտնի՝ մեկը մյուսի հետ մրցակցող միկրոավտոբուսների առատությունը փողոցներում։ Կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակում է հայտնվում երթուղային տաքսու ուղեւորը, երբ վարորդը ցանկանում է առաջ ընկնել իր կողքով ընթացող նույն համարը կրող երթուղային տաքսուց (նույն բանն, իհարկե, կարելի է ասել նաեւ մրցակից մեքենայի մասին)։ Այդպիսի պահերին ուղեւորների դեմքերին կարելի է միանգամից մի քանի բան կարդալ՝ վախ, զայրույթ, հուզմունք… Ուրեմն, քաղաքացին պետք է ընտրություն կատարի. կամ ավտոբուս նստի՝ իմանալով հանդերձ, որ ուշանալու է, քանի որ ավտոբուսն ամեն կանգառում մոտ 5-10 րոպե կանգնում է, կամ նախընտրի երթուղային տաքսի եւ րոպեն մեկ ժամացույցին նայելով՝ հուզախառն պահեր ապրի։ Քիչ չեն նաեւ 50 դրամով երթեւեկող միկրոավտոբուսները, որոնց հայտնությունը մեծ ուրախություն պատճառեց քաղաքացիներին։ «Բայց դա էլ մի բան չէ»,- երբեմն լսում ենք կանգառում հավաքված մարդկանցից։ Երթուղային տաքսիներում, որոնք կարող են տեղափոխել առնվազն 10, լավագույն դեպքում 12 ուղեւոր, 50 դրամ ավել չվճարելու համար նստում են (ճիշտ կլինի ասել՝ լցվում են) նույնիսկ 20 ուղեւոր եւ ծռմռված ողնաշարով ճանապարհ գնում։ Այսքանը դեռ ոչինչ, բայց երբ այդքան մարդկանցով «բեռնված» մեքենան վարորդը կանգնեցնում է եւ շարունակում ուղեւոր հավաքել, դա արդեն չափազանց է։ Սակայն հաճախ կանգառում սպասող մարդիկ, տեսնելով այդ երթուղային տաքսու «բեռը», որտեղ նույնիսկ ասեղ գցելու տեղ չկա, ուզում են անպայման ներս խցկվել։ Դժվար չէ հասկանալ նաեւ վարորդի հոգեբանությունը. նա ե՛ւ ուզում է շատ ուղեւոր տեղափոխել (թե ինչպես՝ դա նրանց այնքան էլ չի հետաքրքրում), ե՛ւ ուզում է, որ ուղեւորները կարգուկանոն պահպանեն (իրար չհրմշտեն, չխանգարեն եւ այլն)։ Բոլոր վարորդները կարծես միանման են մտածում. «Ինչ անենք, սա էլ մեր աշխատանքն է, մենք էլ տուն ունենք, ընտանիք, ուզում ենք մի քանի մարդ ավել տանենք, որ մի քիչ փող լինի, եղածը բան չի՝ 50 դրամ, որ չկանգնենք, ոնց պիտի լինի մեր վիճակը»։ Իսկ ուղեւորներն այլ կարծիքի են վարորդների մասին։ Որքան էլ վերջիններս արդարացնում են իրենց արարքը, այնուամենայնիվ, դա բացասաբար է անդրադառնում մարդու հոգեբանության վրա։ Ելենա (ուղեւոր)- Կարծես կրակն ենք ընկել, որ 50 դրամով են քշում։ Ուրեմն ոնց ուզեն՝ էնպես պետք է անե՞ն։ Չեն մտածում, որ մարդու հետ գործ ունեն, մարդ են տեղափոխում։ Մարինե (ուղեւոր)- Փողոցն անցնելը վտանգավոր է դարձել։ Թվում է՝ երթուղային տաքսիներն ավելի շատ են, քան մարդիկ։ Մեկը մյուսին լավություն անելով՝ չեն արգելում այդ անօրինական մրցարշավը։ Ոմանք էլ այն կարծիքին էին, որ ոչ թե միկրոավտոբուսներն են շատացել, այլ պարզապես վարորդները խախտում են սահմանված կանոնները։ Եվ այդ խառնաշփոթը միայն կարգուկանոնը չպահելու հետեւանք է։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Ա. Բարսեղյանը եւս հավաստեց, որ քաղաքում շատացել են միկրոավտոբուսները, եւ դա համարեց ավտոբուսների պակասի հետեւանք։ «Կան օրինական եւ ոչ օրինական աշխատող միկրոավտոբուսներ։ Վերջիններս շատացել են։ Օրինականները պետք է մնան, սպասարկեն, իսկ լիցենզիա չունեցող, անօրինական մեքենաները դուրս գան մրցակցությունից»։ Պրն Բարսեղյանը հայտնեց, որ երթուղային տաքսիների ստուգման աշխատանքներն արդեն սկսվել են, եւ շուտով այդ հարցը լուծում կստանա։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել