Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի

Մայիս 09,2001 00:00

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՏԵՂԱՓՈԽԵԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն իր հայտարարությամբ արդեն ներկայացրել է սկզբունքների եւ դրույթների այն շրջանակը, որը, կուսակցության գնահատմամբ, ընդունելի կամ մերժելի է Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում։ Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ մեր զրույցն ավելի շատ ընթացավ հայտարարության մեջ առանձին դրույթների քննարկման շուրջ։ «Այսօր մենք հարցի քաղաքական լուծում չենք տեսնում եւ դրա մասին արդեն վաղուց ենք ասել։ Քաղաքական լուծումը ենթադրում է պայմանավորվածություններ, որոնք ցանկացած պահին հնարավոր է խախտել։ Կուսակցությունը հիմնահարցի լուծումը տեսնում է միայն իրավական դաշտում՝ միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում»,- ասաց պարոն Սարգսյանը։ Նա կարծիք հայտնեց, թե հակամարտության կարգավորման այդ մարտավարությունը՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախի՝ Ադրբեջանին բռնակցվելու, ապա Հայաստանին վերամիավորվելու եւ անկախանալու իրավական հիմքերի վրա, ավելի ընկալելի եւ ընդունելի կարող է լինել, առավել եւս, որ՝ «88-ի փետրվարից սկսած ԼՂԻՄ-ի բոլոր գործողություններն ընթացել են իրավական դաշտում՝ ԽՍՀՄ օրենքներին եւ միջազգային նորմերին համապատասխան»։ Հիմնախնդրի կարգավորումը քաղաքականացնելու մեջ պարոն Սարգսյանը մեղադրեց նախկին նախագահ Լ.Տեր- Պետրոսյանին եւ պնդեց, թե այդ մարտավարությունը միանգամայն ձեռնտու էր ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ միջազգային հանրությանը։ Արդյունքում, ըստ նրա, արդեն 95-96 թթ. հետո խնդրի կարգավորումը դուրս եկավ միայն Ղարաբաղի հարցը լուծելու շրջանակներից եւ վերաճեց տարածաշրջանային, աշխարհաքաղաքական խնդրի։ ՀԴԿ նախագահը սրանով բացատրեց այն փաստը, որ իշխանությունները ստիպված են փոխզիջումների գնալ։ Պարոն Սարգսյանը կարծիք հայտնեց, թե ամենեւին էլ ուշ չէ սխալն ուղղել հատկապես այն բանից հետո, երբ Ժնեւում պարզվի, որ հարցի քաղաքական լուծումներ որոնելը փակուղու առաջ է կանգնեցնում։ Մեր այն հարցին, թե գործնականում որքանով է նպատակահարմար, որ իշխանությունները հայտարարեն հարցը կարգավորելու իրենց մարտավարությունը հընթացս փոխելու մասին, պարոն Սարգսյանն ասաց. «Իհարկե, դա շատ բարդ խնդիր է եւ քաղաքական մեծ կամք է պահանջում, քանի որ դա կնշանակի հրաժարվել ոչ միայն միջազգային հանրության առաջարկներից, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունից։ Դա իր հերթին նշանակում է անվստահություն դրսեւորել նրանց հանդեպ»։ Միաժամանակ, կուսակցության նախագահը նկատեց, թե իշխանությունները կարող են ճանապարհի կեսից ետ դառնալ, ընդունել, որ դա իրենց մեղքն է, բայց այդ պահանջը հասարակությունը պետք է ներկայացնի։ Դեմկուսի նախագահի հետ զրույցի ժամանակ մենք անդրադարձանք նաեւ պարբերաբար, հաստատակամորեն եւ փոքր չափաքանակներով հասարակությանը մատուցվող այն տեղեկություններին, թե Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ հաղորդակցական կապ հաստատելու համար Մեղրիում խաղաղապահ ուժեր կարող են տեղակայվել եւ, որ «ոչ կոնվենցիոնալ» լուծումների կողմնակից իշխանությունների խոստովանությամբ, Ղարաբաղը հարցի լուծման արդյունքում կարող է «զուտ անվանապես», այնուամենայնիվ, մնալ Ադրբեջանի կազմում։ Պարոն Սարգսյանը նախ ասաց, թե որեւէ հաղորդակցական ուղի պետք է լինի այն պետության վերահսկողության ներքո, որի տարածքով անցնում է. «Այլապես անհեթեթ իրավիճակ է ստեղծվում։ Մենք կտրականապես դեմ ենք այն գաղափարին, որ Մեղրիում տեղակայվեն խաղաղարար ուժեր։ Դա անհնարին է, քանի որ խոսքը վերաբերում է մեր ինքնիշխան պետության տարածքին»։ Պարոն Սարգսյանը նաեւ կարծիք հայտնեց, թե նույն հիմնավորմամբ կուսակցությունը դեմ է, եթե այնտեղ տեղակայվեն նույնիսկ ռուսական զորքեր՝ ԵԱՀԿ-ի մանդատով. «Այդ դեպքում ԵԱՀԿ-ն կարող է ցանկացած պահի իր մանդատը ետ վերցնել Ռուսաստանից եւ հանձնել մեկ այլ երկրի։ Ինչ վերաբերում է Ղարաբաղն «անվանապես» Ադրբեջանի կազմում թողնելուն, ապա մենք հայտարարության մեջ էլ նշել ենք, որ ԼՂՀ-ի անկախության կարգավիճակը, որն ամրագրված է Արցախի հանրաքվեով, քննարկման եւ բանակցությունների առարկա չի կարող լինել»։ Պրն Սարգսյանը վստահեցրեց. «Եթե Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ճանապարհին մեր ազգային, պետական շահերին դեմ գնացող եւ ՀԴԿ-ի առաջադրած սկզբունքներին հակասող որեւէ քայլ արվի, ապա, բնական է, որ մենք կվարվենք այնպես՝ ինչպես 97-98 թվականներին։ Մենք դրա ե՛ւ քաղաքական փորձն ունենք, ե՛ւ քաղաքական միջոցներ կան այդ քայլերին դիմադրելու համար»։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել