ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱ՞Ն ԴԵՄ Ալբերտ Բազեյանի կարծիքով, «27»-ի գործով գլխավոր ամբաստանյալի ցուցմունքներում խիստ հետեւողականորեն գիծ է առաջ քաշվում։ Ամբաստանյալը սկսեց խոսել ԲԷՑ-երի եւ դրանց մասնավորեցման մասին Վազգեն Սարգսյանի արտահայտած տեսակետների վերաբերյալ միայն այն պահից հետո, երբ Արամ Սարգսյանը հրապարակավ արտահայտեց իր տեսակետը ԲԷՑ-երի մասնավորեցման նպատակահարմարության դեմ։ Սա պրն Բազեյանը գնահատում է որպես ուղիղ քարոզչություն՝ «Հանրապետություն» կուսակցության դեմ. «Այսինքն, Նաիրի Հունանյանի միջոցով հակաքարոզչություն է իրականացվում մեր դեմ»։ Հաջորդ դիտարկումը վերաբերում էր Վազգեն Սարգսյանի վարչապետության ժամանակ բյուջեի ճեղքվածքի դեմ ուղղված գործողություններին եւ գլխավոր ամբաստանյալի ցուցմունքների մեջ դրանց վերաբերող մասին. «Ակնհայտ էր, որ բյուջեի ճեղքվածքը կար եւ այն հասնում էր ոչ թե 30, այլ ավելի քան 60 միլիարդի։ Եվ Վ. Սարգսյանը ստիպված էր գնալ այդ քայլերին։ Եվ որոշ ապրանքների գներ բարձրացան։ Այստեղ տուժեցին որոշ տնտեսվարող սուբյեկտներ, հատկապես բենզին ներկրողները։ Եվ հանկարծ Նաիրի Հունանյանն իր ցուցմունքներում խոսում է բենզին ներկրողների շահերից։ Կապն ակնհայտ է. մենք գիտենք, չէ՞, բենզին ներկրողները իշխանական ո՞ր համակարգի հետ են կապված եւ ո՞ւմ կողմից են հովանավորվում»։ Վերջում պրն Բազեյանն ասաց, որ իրենք այս ամենը վերլուծում են, եւ ոչ ոք թող չմտածի, թե «իրենք շատ խելացի են, եւ հասարակությունը հավատում է միայն «Հայլուրին» կամ «Օրակարգին»։ Սեփ. լր.