Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՇՎԻ ԿԱՌՆՎԻ՞ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԾԻՔԸ

Մայիս 09,2001 00:00

ՀԱՇՎԻ ԿԱՌՆՎԻ՞ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԾԻՔԸ Եվրախորհրդի մոնիտորինգի դեպարտամենտի ղեկավար Անդրեյ Ջեմջեւսկին, որ վերջերս պատվիրակությամբ ժամանել էր Հայաստան, իր հանդիպումների ընթացքում ներկայացրել է 4 ձեւակերպում, որ բնութագրում է «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը։ Մասնավորապես, եթե ազատազրկումը «քաղաքական դրդապատճառներով խտրական հիմունքներով է այլ անձանց համեմատ», կամ եթե «ազատազրկումն արդյունք է քաղաքական դրդապատճառներով պրոցեսուալ բազմաթիվ խախտումների» եւ այլն։ Ակնհայտ է, որ այս ձեւակերպումները բնութագրական են Աշոտ Բլեյանի գործի համար։ Ավելին, Եվրախորհրդի փորձագետների հետ հանդիպման ժամանակ Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը նշել է. «Հայաստանը ոչ թե մեկ քաղբանտարկյալ ունի, այլ 29»։ Նա ներառել է նաեւ զինծառայությունից խուսափելու համար դատապարտված «Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչներին. «Սակայն փորձագետները խնդրեցին այդ թեման չշոշափել, քանի որ իրենք Հայաստան եկել էին միայն մի՝ Աշոտ Բլեյանի գործով»։ Իշխանության ներկայացուցիչները նախապես փորձել էին Եվրախորհրդի պատվիրակությանը տարհամոզել, թե Բլեյանը քաղբանտարկյալ չէ։ Իշխանությանն օգնության են հասել նաեւ որոշ «իրավապաշտպաններ»։ Միքայել Դանիելյանը պատմեց. «Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Նացիոնալ-սոցիալիստների «Փրոդեմոկրատիա» կազմակերպությունը, որը հովանավորում է Դաշնակցությունը։ Նստած էր նաեւ Սախարովի անվան հիմնադրամի ներկայացուցիչը։ Այդ հիմնադրամի նախագահն, ինչպես գիտեք, Աղասի Արշակյանն է, որը ցանկանում է միանալ Ռուսաստան-Բելառուս միությանը եւ դեմ էր Եվրախորհրդին անդամակցությանը։ Նրանք միաձայն հայտնեցին իրենց կարծիքը, թե Բլեյանը քաղբանտարկյալ չէ։ Ես նրանց ասացի, որ իրենք իրավունք չունեն խոսել այդ թեմայի շուրջ, քանի որ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում դատարանում»։ Հելսինկյան ընկերակցության նախագահը, որ գրեթե մշտապես ներկա է Աշոտ Բլեյանի դատավարությանը, փորձագետներին ապացույցներ է ներկայացրել։ Ասենք՝ դատարանում վկաների եւ «տուժողների» հայտարարություններն իրենց նկատմամբ կիրառված ճնշումների մասին։ Հաշվի առնելով այս տեղեկություններից հետո ԵԽ պատվիրակների վերաբերմունքը, Միքայել Դանիելյանը հայտնեց իր տպավորությունը. «Իմ կարծիքով, Եվրախորհուրդն էլ Աշոտ Բլեյանին կճանաչի քաղբանտարկյալ»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել