Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դիվանագիտական ծառայության օրենքի» նախագիծը կանխորոշում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին միա

Մայիս 09,2001 00:00

Դիվանագիտությունը՝ որպես ուղիղ ճանապարհ «Դիվանագիտական ծառայության օրենքի» նախագիծը կանխորոշում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին միայն իրավունք պետք է ունենա զբաղվել դիվանագիտական աշխատանքով։ ԱԳՆ փոխնախարար Լեւոն Մկրտչյանն առայժմ չուզեց հրապարակել, թե այս պահին դիվանագիտական աշխատանքով զբաղվողներից քանիսը ՀՀ քաղաքացիություն չունեն։ Լրագրողներից մեկի հարցին՝ իսկ ԱԳ նախարարն ինքը ՀՀ քաղաքացի՞ է, պրն Մկրտչյանը պատասխանեց. «Այո, իհարկե»։ Իսկ քաղաքացիություն չունեցողների հարցերը պատրաստվում են լուծել մեկ-մեկուկես տարվա ընթացքում։ Ըստ ամենայնի՝ կամ քաղաքացիություն կընդունեն, կամ կզրկվեն պաշտոնից։ Ուշադրություն դարձնենք մեկ այլ, խիստ կարեւոր հանգամանքի։ Երկրի բյուջեի լալկան վիճակը հասկանալի պատճառներով ազդում է նաեւ մեր դիվանագիտական կորպուսի բյուջեի վրա։ Եվ քանի դեռ հանրապետության բյուջեն լեցուն չէ, դիվանագետներին տրվող բյուջետային միջոցները եւս չեն կարող բավարար լինել։ Մնում է հույսը դնել այն երկրի հայ համայնքի վրա, որում գործում է տվյալ դեսպանատունը կամ հյուպատոսարանը։ 36 դիվանագիտական ներկայացուցչություններից ընդամենը մի քանիսի շենքերն են ՀՀ սեփականությունը։ Հիմնական մասը կամ վարձակալվում է, կամ համայնքները տալիս են ժամանակավոր օգտագործման համար։ ԱԳՆ փոխնախարար Լեւոն Մկրտչյանն այս առիթով ասաց. «Ինչքան երկիրը հարստանա, ինչքան ուժեղանա, բնականաբար, ուղղությունը պետք է լինի աստիճանաբար անցում կատարել, եւ դա կնպաստի նաեւ համայնքների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների միջեւ ավելի բնականոն եւ ճիշտ հարաբերությունների ձեւավորմանը։ Սա միայն կօգնի Հայրենիք-Սփյուռք հարաբերությանը։ Իսկ այսօր մենք ոչ միայն շնորհակալությամբ ընդունում ենք համայնքների օգնությունը, այլեւ խրախուսում ենք, որովհետեւ մեր դիվանագետներն աշխատում են, հավատացեք, բավական ծանր պայմաններում»։ Իսկ ինչպե՞ս են դրսեւորվում համայնքների կողմից տրվող օգնությունների արդյունքում հնարավոր ազդեցությունները, եւ բյուջեով որքա՞ն գումար է նախատեսված դեսպանատների աշխատանքի համար. «Այս տարվա բյուջեով դեսպանատների պահպանման մասով տրված է մոտ 3 մլրդ դրամ։ Սրա մեջ մտնում է նաեւ աշխատողների աշխատավարձը։ Պատկերացրեք, դրսում ապրող դիվանագետը, ասենք, աշխատավարձ չի ստանում, ինչ-որ տեղից պետք է կարողանա գոնե պարտք վերցնել։ Սա իր հետ բերում է դիվանագետի համար անցանկալի հետեւանք, որովհետեւ դիվանագետը պետք է բացարձակ անկախ աշխատի տվյալ երկրում։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է»։ Օրենքի նախագծում տեղ է հատկացված նաեւ դիվանագետի երդման համար։ Տեքստը հետեւյալն է. «Ստանձնելով ՀՀ դիվանագետի պաշտոնը, հանդիսավոր երդվում եմ՝ հավատարմորեն ծառայել ՀՀ-ին եւ հայ ժողովրդին, խստորեն պահպանել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, մարդու եւ քաղաքացու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը, արժանապատվորեն կրել դիվանագետի բարձր կոչումը»։ Երդման տեքստի այն մասին, որը վերաբերում էր հայ ժողովրդին ծառայելուն, օրենքի նախագծի լսումներին ներկա ԵՊՀ ներկայացուցիչ պրն Օհանջանյանը այնքան էլ համաձայն չէր։ Պատճառաբանությունը սա էր՝ ՀՀ-ում եթե քուրդ է ապրում, նրա իրավունքները դիվանագետը չի՞ պաշտպանելու։ Իհարկե պաշտպանելու է, բայց հարցը շատ ավելի լայնամասշտաբ է, ըստ ԱԳ փոխնախարարի, քանի որ Հայաստանում, ցավոք, ապրում է հայ ժողովրդի փոքր մասը, իսկ դիվանագետը պարտավոր է աշխարհում ապրող հայ ժողովրդին ծառայել։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել