Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

եւ

Մայիս 09,2001 00:00

«ԲՈԼՈՐԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ ԻՄ ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ եւ ոչ ոք չի հավատում ինձ անմեղ հռչակելու դատարանի իրավագիտակցությանը»,- ասաց Աշոտ Բլեյանը երեկ իր վերջին խոսքում՝ մինչ վերաքննիչ դատարանի դատավորները կհեռանային խորհրդակցական սենյակ։ «Ես ինձ հաշիվ տալիս եմ, որ իմ քաղաքական, հասարակական, կրթական գործունեությամբ հարվածի տակ եմ դրել ինձ»,- ասաց Աշոտ Բլեյանն իր վերջին խոսքում՝ ընդգծելով այն իրողությունը, որ ինքը պատժվում է իր քաղաքական հայացքների եւ «անհարկի գաղափարների» համար։ Եվ հիշեցրեց, որ երբ ժամանակին ինքն ահազանգում էր, թե Հայաստանը չի կարողանալու «մի թիզ հող» անգամ ավելացնել եւ անգամ իր ներկա տարածքն է վտանգելու՝ Գառնիկ Իսագուլյանը Վանաձորի հանրահավաքի ժամանակ կախաղան էր խոստանում իրեն. «Իմ գործի իրական պատվիրատուն հայ կղերն է, որ հին է ու անփոփոխ մեր նոր պատմության ողջ ընթացքում»,- հայտարարեց Աշոտ Բլեյանը։ Թեեւ ինքն էլ ընդունեց, թե այդ գլխավոր հարցին՝ թե ով է այս գործի պատվիրատուն, դատավարությանը հետեւողներն անմիջապես այլ պատասխան պիտի տային՝ ոչ հայ հետադիմությունը, կղերը։ «Հրապարակային դատաքննությամբ ակնհայտ դարձավ, որ ես քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ արարք կամ հանցանք չեմ գործել»,- եւս մեկ անգամ շեշտեց Աշոտ Բլեյանը։ Նա «պիղծ եւ անթույլատրելի» համարեց մեղադրանքը, թե «իր մեծ տնից»՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից որեւէ դրամ է հափշտակել, հիշեցնելով, որ ընդդիմախոսներն անգամ ընդունում են Բլեյանի անմնացորդ ծառայությունն իր մանկավարժական սկզբունքներին. «Փաստ է իմ 15 տարվա տնօրենի գործունեությունը։ Ոչ բյուջետային բոլոր միջոցներն ուղղված են եղել բացառապես դպրոցաշինությանը։ Մասնավորապես 1996-1997 թթ. կատարվել են 50 մլն դրամի դպրոցաշինական անհրաժեշտ աշխատանքներ՝ 1996 թվականին բյուջեից հատկացված 500 հազար դրամի դիմաց։ Եթե սա է վատնումը՝ այո՛, վատնել եմ, լա՛վ եմ արել։ Այսպես վատնեին մյուս տնօրենները՝ այսօր մենք կունենայինք երեխայավայել դպրոցական շենքեր»։ Սակայն այս եւ հօգուտ նրա վաղուց արդեն ապացուցված անմեղության փաստերը հետեւողականորեն շրջանցվում են եւ սա դատական համակարգի համար սովորական երեւույթ է, քանզի՝ «անօրինական դատավճռի, անարդար դատավճռի, ակնհայտ անմեղ անձին քրեական հետապնդման ենթարկելու համար առ այսօր որեւէ դատավոր, քննիչ կամ դատախազ պատասխանատվություն չի կրել»։ Ընդամենը մեկ դեպք կարելի է մտաբերել («Ջերմուկի»), երբ անձը հաջողեցրել է դատավարությամբ արդարացվել։ Սակայն այս առումով էլ իր գործն Աշոտ Բլեյանն անվանեց «ռեկորդակիր՝ բազմաթիվ մրցաձեւերում»։ Նա հիշեցրեց. «Դատական քննության ուղարկած քրեական գործի մեղադրական եզրակացությամբ ես մեղադրվել եմ 7 ինքնուրույն հանցադեպով 14 հանցավոր արարք կատարելու մեջ, որոնցից 4-ը ծանր հանցագործություն են համարվում։ 1-ին ատյանի դատարանի քրեական գործով կայացած դատավճռով ես մեղավոր եմ ճանաչվել այդ 14 հանցավոր արարքից միայն 3-ում, որոնցից 1-ն է ծանր հանցագործություն համարվում։ Քրեական գործերի լուծման նորագույն շրջանի պատմության մեջ սա բացառիկ իրադարձություն է։ Օրգանն իր թքածը չի լիզում, առավել եւս՝ իրեն թքած տվածը»։ Շուրջ երեք ժամ տեւած իր վերջին խոսքից հետո Աշոտ Բլեյանը փորձեց ամփոփել, թե իր գործի 5 ամիս ձգվող վերաքննությամբ՝ «նույն կեղտոտ ջուրը երկրորդ անգամ մտնելուց հետո» ի՞նչ հետեւությունների հանգեցին դատավարությանը հետեւողները, որ ինչպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչներն են, այնպես էլ կրթության եւ գիտության նախարարության աշխատակիցները։ «Թող ձեռք բարձրացնի նա, ով համոզված է հարգելի վերաքննիչ դատարանի գործի լուծմանը՝ իրավունքի գերակայությամբ»,- այս առաջարկն ընդհատվեց նախագահող դատավոր Արշակ Խաչատրյանի զայրացկոտ բղավոցով, թե՝ «ճնշում մի՛ գործադրեք դատարանի վրա»։ Ընդհանրապես, գոնե վերջին խոսքն իր ցանկացածի պես ասելու ամբաստանյալի իրավունքը դատավորները հաճախ էին ոտնահարում՝ «կա՛րճ խոսիր» կարգի հրահանգներով, գոռոցներով եւ փայտե մուրճը սեղանին խփելով։ Իսկ երբ խոսքի ավարտին Բլեյանը շնորհակալություն էր հայտնում իր ճակատագրով մտահոգվածներին եւ ասաց, որ բոլորին շատ սիրում է՝ դատավոր Սեւակ Համբարձումյանը սկսեց երգել. «Ես քեզ շա՜տ-շա՜տ-շա՜տ սիրում եմ»։ Սա այն նույն դատավորն է, որ նախորդ նիստում Բլեյանին ասել էր. «Քեզ թվում է, որ եթե շատ կրկնես, ինչ-որ բա՞ն է փոխվելու»… Վեց ավտոմատավորների աչալուրջ հսկողության ներքո, վանդակի մեջ փակված Աշոտ Բլեյանին, որի ամենամեծ մեղքը դպրոցի տանիքապատումն է, այնուամենայնիվ, շարունակում է թվալ, որ դատարանը կիրականացնի իր առաքելությունը. «Այս պարզ, ամոթ առաջացնելու չափ պարզ գործը պիտի ավարտվի արդարադատության իրականացմամբ, եւ ես իմ անմեղությունը դատական կարգով ընդունել կտամ»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել