Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻՆԱՆ ՈՒ ԼԻԼԻԹԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ

Մայիս 08,2001 00:00

ԷԼԻՆԱՆ ՈՒ ԼԻԼԻԹԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ Լեհաստանում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց երկրորդ անհատական առաջնությունը։ Այն սկզբից մինչեւ վերջ անցավ անչափ անհաշտ պայքարում։ Բավական է ասել, որ վերջին՝ 11-րդ տուրի ավարտից հետո միանգամից յոթ շախմատիստուհիներ իրենց անվան դիմաց գրանցեցին հավասար միավորներ եւ հավակնում էին չեմպիոնուհու կոչմանը։ Առաջնությունում խաղարկվում էին նաեւ, հավանաբար, տարեվերջին կայանալիք աշխարհի առաջնության 29 ուղեգրեր։ Ու այս դեպքում էլ դրանք նվաճելու լուրջ հայտ ներկայացրածների ցանկը զգալիորեն գերազանցում էր պահանջարկը։ Այնպես որ, առաջնության կազմակերպիչները հարկադրված էին առաջնորդվել մրցակարգով եւ անցկացնել լրացուցիչ տուր՝ արագացված ժամանակով։ Եվ միայն այդ ժամանակ բոլոր հարցերը ստացան իրենց պատասխանը։ Ամփոփելով արդյունքները, կազմկոմիտեն Եվրոպայի չեմպիոնուհի հռչակվեց Մոլդովայի ներկայացուցիչ Ալմիրա Սկրիպչենկո-Լոթյեին, որը վաստակեց 8,0 միավոր։ Նույն ցուցանիշով 2-րդ տեղը գրավեց վրացուհի Քեթեւան Արախամիա-Գրանտը։ Ռուսաստանցի Եկատերինա Կովալեւսկայան եզրափակեց առաջատարների եռյակը՝ նույնպես 8,0 միավորով։ Եվրոպայի ուժեղագույն շախմատիստուհիների մրցապայքարին մասնակցում էին նաեւ Հայաստանի չորս պատվիրակներ՝ միջազգային գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, վարպետներ Նելլի Աղինյանը եւ Գոհար Հլղաթյանը։ Մեր առաջատարները թեեւ չէին հավակնում մրցանակային տեղերի, սակայն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու լավ հեռանկար ունեին։ Եվ, ի պատիվ նրանց, պետք է ասել, որ թե՛ Էլինան, թե՛ Նելլին կատարեցին առաջադրանքը։ Լրացուցիչ տուրի ավարտից հետո նրանք 7-ական միավորով զբաղեցրին համապատասխանաբար 19-րդ եւ 15-րդ տեղերը։ Այսպիսով, շախմատի աշխարհի կանանց անհատական առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի երկու գրոսմայստերով։ Մյուս երկու մասնակիցները նույնպես կայուն մրցելույթներ ունեցան։ Նրանց հաշվարկում գրանցվեց 5 միավոր։ Սակայն Նելլի Աղինյանն ամփոփիչ մրցաշարային աղյուսակում հանգրվանեց 95-րդ, իսկ Գոհար Հլղաթյանը՝ 109-րդ տեղում։ Ասենք նաեւ, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր 157 շախմատիստուհի։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել