ՉԿՐԿՆԵԼ ԱՆՑՅԱԼԻ ՍԽԱԼՆԵՐԸ Երեկ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանը։ Օրակարգում ընդգրկված էր վեց հարց։ Պատվիրակները նախ լսեցին Սիդնեյի ամառային 27-րդ օլիմպիական խաղերին ձյուդո, ջրացատկ, լող մարզաձեւերի Հայաստանի մարզիկների մասնակցության մասին համապատասխան պատասխանատու մասնագետների հաշվետվությունը։ Այնուհետեւ, ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը, ամփոփելով այս եւ նախորդ երկու նստաշրջաններում քննարկված մեր օլիմպիականների մրցելույթները, ընդհանուր առմամբ դրանք գնահատեց անբավարար։ Նա հատկապես ընդգծեց, որ Հայաստանի օլիմպիական հավաքականի ցույց տված ընդհանուր արդյունքն իրեն չի բավարարում ոչ միայն որպես փոխնախարարի, հիմա՝ նաեւ ՀԱՕԿ-ի նախագահի, այլեւ՝ որպես հանրապետության շարքային քաղաքացու։ Զեկուցողը նշեց, որ հասկանալի պատճառներով ինքը հիմա ձեռնպահ է մնում ՀԱՕԿ-ի նախկին ղեկավարության կազմակերպած (՞) նախապատրաստական աշխատանքներին գնահատական տալուց, բայց եւ համառոտ եւ ըստ էության ներկայացրեց ձախողումների իր պատկերացումները։ Դրանցում գերակայում էր այն համոզմունքը, որ նախապատրաստական փուլում ստեղծվել էր մի այնպիսի մթնոլորտ, որտեղ մարզիչների, մասնագետների, ընդհանրապես պատասխանատու անձանց հոգեբանությունում գերիշխում էր ոչ այնքան իրենց անմիջական պարտականությունները կատարելու գիտակցությունը, այլ Սիդնեյ մեկնել-չմեկնելու հարցը։ Արծարծված երկրորդ կարեւորագույն խնդիրը կապված էր նախապատրաստության փուլում ներկայացված ծրագրերի կատարման հետ։ Շատերի համար անհաջողությունների գլխավոր պատճառներից մեկն այդ ընթացքում անբավարար ֆինանսական հատկացումներն են եղել, որոնց հետեւանքով տապալվել կամ թերի են կատարվել հավաքները, կրճատվել են մրցումների մասնակցությունները։ Իշխան Զաքարյանը կտրականապես մերժեց բոլոր այդ մեղադրանքները՝ նշելով, որ հատկապես 2000 թվականին պետական կառույցը (նա այդ ժամանակ ղեկավարում էր հենց այդ ոլորտը) ամբողջովին ֆինանսավորել է բոլոր այն ծրագրերը, որ ներկայացվել են իրեն օլիմպիական հավաքականների կողմից։ ՀԱՕԿ-ի նախագահը հերքեց նաեւ բոլոր այն ասեկոսեները, իբր թե օլիմպիական խաղերի նախապատրաստության փուլում մարզական ղեկավարությունը հաշվի չի նստել կամ հաճախ անտեսել է մասնագետների խոսքը։ Այս առնչությամբ նա հիշեցրեց, որ նույն պետական կառույցն անձամբ իր հրահանգով որդեգրել է աշխատանքի հետեւյալ սկզբունքը. չմիջամտել մասնագետների գործերին, բայցեւ ըստ ամենայնի աջակցել եւ օժանդակել նրանց ցանկացած հիմնավորված առաջարկությանը։ Ամփոփելով Սիդնեյի օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականների մասնակցությունը, ասամբլեան քվեարկությամբ հաստատեց ՀԱՕԿ-ի գործկոմի առաջարկը. ազատ ոճի ըմբշամարտի եւ ծանրամարտի հավաքականների մասնակցությունն օլիմպիական խաղերին գնահատել բավարար, հունա-հռոմեական եւ ձյուդո ըմբշամարտերի, բռնցքամարտի, ջրացատկի մրցելույթներն՝ անբավարար, իսկ լողինն ու թեթեւ ատլետիկայինն ընդունել ի գիտություն։ ՀԱՕԿ-ի փոխնախագահ Մ. Իսպիրյանը ներկայացրեց օրակարգի երրորդ հարցը՝ «ՀՀ ազգային հավաքական թիմի օլիմպիական խաղերի նախապատրաստության 2001-2004 թթ. համալիր ծրագրի սկզբունքները», որոնք ուղենիշ են հանդիսանալու ըստ մարզաձեւերի հավաքականների համար իրենց աշխատանքները կազմակերպելու ընթացքում։ Եղան փաստաթղթում աննշան փոփոխություններ անելու առաջարկներ, որոնք հետագայում դրա հեղինակները հաշվի կառնեն աշխատանքները կազմակերպելիս։ Կազմակերպական հարցերի ժամանակ ներկայացվեցին տարբեր ֆեդերացիաների եւ մարզական կազմակերպությունների՝ ՀԱՕԿ-ի գործկոմ ներկայացրած առաջարկությունները՝ ՀԱՕԿ-ի կազմում իրենց ներկայացուցիչներին ընդգրկելու մասին։ Ասամբլեան քվեարկությամբ հաստատեց ՀԱՕԿ-ի կազմը եւս 11 անդամով համալրելու առաջարկը։ ՀԱՕԿ-ի նախագահն ասամբլեայում հանդիսավոր պայմաններում ՄՕԿ-ի կրծքանշան հանձնեց Սիդնեյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրորդ Արսեն Մելիքյանին։