Լրահոս
Օրվա լրահոսը

ՑԵՐԵԿՈՒՅԹ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ

Մայիս 08,2001 00:00

ՑԵՐԵԿՈՒՅԹ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ Նոյեմբերյանի տարածաշրջանը Հայաստանի ամենագեղատեսիլ անկյուններից է եւ պատահական չէ, որ տվել է բազմաթիվ գրողներ, նկարիչներ ու երաժիշտներ։ Նոյեմբերյանցի արվեստագետներն էլ հպարտությամբ ու որդիական սիրով են գովերգում իրենց բնօրրանի հեքիաթային գեղեցկությունը։ Վերջերս հայրենակից գրողներին նվիրված մի բովանդակալից գրական-երաժշտական ցերեկույթ էին կազմակերպել Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտները՝ սիրված ուսուցչուհի Արաքսյա Մամյանի ղեկավարությամբ։ Ցերեկույթի ընթացքում համառոտ ներկայացվեցին բազմաթիվ բանաստեղծների ու արձակագիրների կենսագրություններ, նմուշներ նրանց ստեղծագործություններից, երգեր՝ գրված նրանց տեքստերով։ Հանդիսականները ջերմությամբ ու հպարտության զգացումով ընդունեցին Բենիկ Սերյանյանի, Իգնատ Մամյանի, Սամվել Բեգլարյանի, Սերո Անտոնյանի, Աշխեն Աբազյանի, Զավեն Պետրոսյանի, դեռեւս նույն դպրոցի 10-րդ դասարանում սովորող Վարուժան Բաբաջանյանի եւ այլոց անուններն ու գործերը։ Դահլիճում բացված էր նաեւ Զավեն Պետրոսյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, ինչպես նաեւ դպրոցի սաների ցուցահանդեսը՝ նվիրված քրիստոնեության հռչակման 1700-ամյակին։ Ցավոք, ոչ բոլոր գրողներն էին ներկա այդ յուրօրինակ միջոցառմանը, բայց հուսանք, որ այն կունենա իր ավանդական շարունակությունը, քանզի, ինչպես ասաց քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանը, առանձնապես Նոյեմբերյանի նման սահմանային տարածաշրջաններում ավելի ու ավելի շատ են անհրաժեշտ ժողովրդի ոգին բարձր պահող մշակութային իրադարձույթունները։ ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել