Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարի դիլետանտ դատավճիռը

Մայիս 08,2001 00:00

ԿԳ նախարարի դիլետանտ դատավճիռը Դատարանի դահլիճում կայացրած այդ դատավճիռն անմիջապես բողոքարկեցին ներկա իրավաբանները՝ չներելով Էդուարդ Ղազարյանին՝ ոչ մասնագիտական մոտեցման համար։ ԿԳ նախարարը անարդար որակեց խարդախության մեջ մեղադրվող մի երիտասարդ կնոջ դեմ կայացրած դատավճիռը, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկը վրդովվեց՝ «Բաց թողնեինք, գար ձե՞զ էլ խաբեր»։ Հարցի նման լրջացումը բուռն ծիծաղով ընդունվեց, քանի որ «մեղադրյալը», ինչպես նաեւ դատավորը, մեղադրողն ու դատապաշտպանը ԵՊՀ-ի իրավաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ էին եւ դատն էլ պարզապես բեմականացում էր։ Նման բեմականացումներ ԵՊՀ-ի իրավաբանության ֆակուլտետի դատարանի դահլիճում հավանաբար շատ կլինեն։ Ապագա ուսանողները նման գործնական պարապմունքների շնորհիվ կամրապնդեն իրենց ստացած տեսական գիտելիքները։ Իսկ դատարանի դահլիճը, որի հանդիսավոր բացումն էր երեկ, այնքան ճոխ էր կահավորված, որ ներկա դատավորներից շատերը նախանձեցին այդ պայմաններին։ Բայց երբ դատավորներից մեկը առաջարկեց այդ դահլիճը մեկ-մեկ էլ իրենց տրամադրել՝ դատեր անցկացնելու համար, իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը զգուշացրեց, որ շատ մեծ վարձավճար կուզեն։ Դահլիճից մեկն էլ կամաց ընդդիմացավ, թե «սրբությունը կարելի՞ է պղծել»։ Դատի էին «ներկայացել» ԿԳ նախարարը, ԵՊՀ ռեկտորը, դասախոսներ, պետական այրեր եւ, ինչպես ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը ներկայացրեց՝ «պրակտիկ իրավաբանների ծաղիկը»։ Դեռ չէին հասցրել վերջիններս տեղավորվել, երբ ստիպված էին ոտքի կանգնել՝ «ոտքի՛, դատարանն է գալիս» հրահանգին ենթարկվելով։ Բայց դատարանը մի երեք րոպե չէր գալիս, մինչեւ որ ՀՀ գլխավոր զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը գլխի ընկավ՝ «ոնց որ թե փորձ էր, նստե՛ք, մի հատ էլ կկանգնենք»։ Այդպես էլ արեցին ու երբ դատավճիռը ընթերցելիս անհամբեր դահլիճը կեսից նստեց, ներկա իրավաբաններից մեկը, որին եւս Գ. Ջհանգիրյանը համոզեց նստել, դիտողություն արեց, թե ողջ դատավճիռը պարտավոր էիք կանգնած լսել։ Ընդհանուր տոնական մթնոլորտի մեջ հետաքրքիր էր ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի դիտարկումը, թե մի ժամանակ համալսարանի պայմանները լավը չէին, սակայն լավ իրավաբաններ էին կրթում, բայց եղան տարիներ, որ վիճակը լավացավ, իրավաբանների որակը վատացավ։ Իրավաբանության ֆակուլտետը, որ բարերարների ուշադրության եւ շենքային ճոխ պայմանների առումով առանձնանում է ԵՊՀ-ի մյուս ֆակուլտետներից, կասկածում ենք, որ ուսման որակի առումով եւս առաջինն է։ Այնուամենայնիվ, Ռ. Մարտիրոսյանը հույս ուներ, որ բարձր մակարդակի իրավաբաններ կպատրաստեն։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել