ՍՆԻԿԵՐՍ՝ ԱՐԱԲՅԱՆԻ ՀԱՄԱՐ Կամ ի՞նչ արժե 1 րոպե սնիկերսը Զարմանալի կարգեր են տիրում եւ զարմանալի մարդիկ են աշխատում հայաստանյան ողջ հեռախոսացանցը տնօրինող «ԱրմենՏել» ոչ հայեցի անունը կրող ընկերությունում։ Որեւէ կարգի գաղտնիք չներկայացնող ընդամենը մեկ թիվ ստանալու փորձս ձախողվեց։ Այդ ընկերության պլանավորման, գովազդի եւ սակագների վարչության պետ Գեւորգ Արաբյանն այդ թիվը տրամադրելու համար պահանջեց կոմերցիոն գլխավոր տնօրեն Վ. Պապադիմիտրիուի համաձայնությունը։ Սակայն հույն պաշտոնյայի թույլտվությունը նրան քիչ թվաց եւ սկսեց երկար-բարակ հարցուփորձը այդ թիվն իմանալու նպատակիս վերաբերյալ։ Այսինքն՝ գրվելիք հոդվածս իրեն դուրեկա՞ն էր լինելու, թե՞ ոչ։ Կանխավ արդեն դուրը չեկավ եւ չգիտես ինչ տրամաբանությամբ հեռախոսն ու սնիկերսը նույնացնելով՝ հանկարծակի պոռթկաց ու պարզապես բղավեց. «Դու կարո՞ղ ես առանց սնիկերս ապրել, ես չեմ կարող։ Առանց հեռախոս ես կարող եմ ապրել, առանց սնիկերս՝ չեմ կարող։ Ես սնիկերս եմ ուզում, սնիկե՜րս, սնիկերս տուր, սնի-կե՜րս։ Գնա՛, հենց էդ ձեւ էլ գրի՛, ոչ մի թիվ էլ չեմ տա, սնիկերս եմ ուզում»։ Ազգի համար ճակատագրական նշանակություն ունեցող հեռախոսահամակարգի սակագնային ոլորտը գլխավորող սույն պարոնը հավանաբար մանուկ հասակում իր չկերած սնիկերսներն է շարունակ հաշվում՝ բաց թողածն ակնկալելով լրացնել ժողովրդի կենսության հաշվին, միայն իր ու իր նման սնիկերսակարոտների, մարսակարոտների, թվիքսակարոտների գրպանների համար նախատեսված սակագնային քաղաքականությամբ։ Մինչեւ ե՞րբ պիտի մեզ կառավարեն տարրական քաղաքավարությունից զուրկ, ժողովրդի շահերին անտարբեր, ինչպես նաեւ հեռախոսը սնիկերսից չտարբերող անձնավորությունները։ ՏԻԳՐԱՆ ՄՈՍԻՆԵԱՆ