Լրահոս
Օրվա լրահոսը

Անկշռելիությունը վտանգավոր վիճակ է, քանզի իրականանում է աբստրակցիայի սահմանի վրա

Մայիս 08,2001 00:00

ԱՆԿՇՌԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՔԵՐԻ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԸ Անկշռելիությունը վտանգավոր վիճակ է, քանզի իրականանում է աբստրակցիայի սահմանի վրա «Ո՞վ կարող էր պատկերացնել ուրարտական թագավորության տարիներին, որ գրեթե 2800 տարի անց, այս վայրերում ռուս ժողովրդի հետ միասին սովետական ճակատագրի հետ սերտաճած հայ ժողովուրդը, նեոկլասիցիստական ՃԽ-ի՝ Հայաստանի երեւի թե ամենառացիոնալ տարածքի դիմաց կունենա իր Ակադեմիան, որի «ԸՍՈՊպՎՍվՌչՈ» գրախանութից տողերիս հեղինակը 20-րդ դարի 70-80-ական թվականներին կգնի գրքեր ու կհաղորդակցվի մասնավորապես հնդկական «Վեդաների», «Ուպանիշադների» եւ, ասենք, պարսկական «սուֆիզմի» հետ, իսկ մի քանի քայլ ներքեւ գտնվող շենքում (որը 74-ին ֆիզիկայի ինստիտուտ էր, հետագայում՝ Կոմսոմոլի կենտկոմ, իսկ այժմ՝ ԱՄՆ դեսպանատուն) կհանձնի բարդագույն քննություն տեսական ֆիզիկայից («թույլ փոխազդեցություններ»), 1968, 69- 70թթ. դիմացի մայթին գտնվող Ճարտարապետների միության նկարչական ստուդիայում հունական ու հռոմեական գլուխներ, կապիտելներ, նատյուրմորտներ ու բնորդուհիներ արդեն իսկ բավականին նկարած լինելուց հետո։ Ի դեպ, ինձ մեկ անգամ բախտ է վիճակվել ներկայիս Հայաստանի խորհրդարանում (նախկին ՃԽ) կազմակերպված ավանգարդիստական ցուցահանդեսի բացումից հետո, այդ իռացիոնալ տարածքից (որը կարծես Հայաստանում չէ) հայացք նետել հանդիպակաց Ակադեմիային եւ նախկին «ԸՍՈՊպՎՍվՌչՈ»-ին, բնավ գլխի չընկնելով, որ 2001թ. մայիսին այն կդառնա «Պեղումնաբանական մեդիտացիաների» վայր «անկշռելիության հանքերում»,- սա Արա Գուրզադյանի «Պեղումնաբանական մեդիտացիաներ» շարքի ծանոթագրությունից մի հատված է։ Շարքին ծանոթանալու համար, սակայն, բանականությունս ինձ ուղղորդեց դեպի «անկշռելիության հանքեր», որը մարմնավորում էր ստացել «Հեֆֆերես Վերջին ակադեմիա» պատկերասրահում, նույն այդ նախկին շենքում։ Հենց այստեղ էր բացվել Ա. Գուրզադյանի «Մակերեսներ» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Ներկայացված աշխատանքներն, ըստ հեղինակի, ունեն 30 տարվա նախապատմություն. «Սրանց ետեւում 30 տարվա գիտակցական կյանք կա։ Սա հեշտ ընկալվող արվեստ չի։ Բայց սա նաեւ աբստրակտ արվեստ չի»,- ցուցահանդեսի բացման ժամանակ «Պեղումնաբանական մեդիտացիաները» ներկայացրեց Ա. Գուրզադյանը։ Հիրավի դժվար ընկալելի այս աշխատանքները լիովին կատարում են իրենց՝ որպես արվեստի գործի, առաքելությունը. նրանք ստիպում են մտածել։ «Պեղումնաբանական մեդիտացիաները» հայացք են դեպի ներս, փնտրտուք. «Դեպի ներս ուղղված պեղումների արարողությունն ակամայից հայտնակերպում է մակերեսներ, որոնք վկայում են մարդու անհատական հետագծերը հայտնի եւ անհայտ քաղաքակրթությունների ընդերքում, ինչպես նաեւ՝ այդ քաղաքակրթությունների եւ մշակույթների թողած հետքերը՝ անհատի պատմության մակերեսներում»,- սա Գուրզադյանի բացատրությունն է, սակայն ամեն մեկն իրավունք ունի յուրովի զգալ եւ հասկանալ նրա աշխատանքների խորությունն ու մակերեսների ձգողականության ուժը։ Այդ մակերեսների ամենամեծ ուժը նրանց մտքարտադրության պարտադրանքն է։ Արա Գուրզադյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, սակայն 1982թ. աշխատում է Գեղագիտության Ազգային կենտրոնում։ 1999թ. Հայկական Բաց համալսարանի ու Գեղագիտության Ազգային կենտրոնի կերպարվեստի ֆակուլտետի դեկանն է։ Դասավանդում է արվեստի պատմություն եւ գեղագիտություն։ «Ռուբիկոն» գեղարվեստական-մշակութաբանական հանդեսի գլխավոր խմբագիրն է։ Օգտվելով ցուցահանդեսի բացման առիթից (ի դեպ, Արա Գուրզադյանին շնորհավորողները չէին մոռանում շնորհակալություն հայտնել նաեւ Գոռ Վարդանյանին՝ պատկերասրահի տնօրենին, «գոնե այդ տարածքը կազինո կամ ռեստորան դառնալու հեռանկարից փրկելու համար» (Ա. Գուրզադյանի խոսքերն են), մի քանի հարց ուղղեցինք պրն Գուրզադյանին. – Մի առիթով Դուք ասել եք, որ Հայաստանում մշակութային քաղաքականություն չկա։ Դեռ մնո՞ւմ եք նույն կարծիքին։ – Այո։ – Իսկ ի՞նչ է պետք անել, որպեսզի այդ քաղաքականությունը ձեւավորվի։ Ի՞նչ պետք է անեն ներքեւինները՝ մշակույթի, արվեստի գործիչները։ – Ներքեւում գտնվողները պետք է գործեն։ – Իսկ վերեւիննե՞րը։ – Վերեւինները կարող են հանգստանալ։ – Դուք Ձեզ համարո՞ւմ եք ազգային մշակույթի կրողը։ – Բնականաբար, ես այս հողի եւ այս ջրի հետ, իմ ժողովրդին կապված մարդ եմ։ Բայց միաժամանակ ես ողջ մարդկության հետ եմ կապված, որովհետեւ մարդ եմ, որովհետեւ փորձում եմ մարդ դառնալ։ Իսկ միայն քո ժողովրդի հետ կապված լինելով չես կարող մարդ դառնալ։ – Այսինքն, Ձեր գործերն ավելի շատ համամարդկային, համաշխարհայի՞ն մշակույթի արժեք են, քան ազգայի՞ն։ – Հույս ունեմ, որ այդպես կլինի։ Այո, ինձ համարում եմ համաշխարհային մշակույթի ներկայացուցիչ, որովհետեւ մարդկությունն ինձ համար ավելի բարձր կատեգորիա է, քան ժողովուրդը։ Թեեւ ժողովուրդն էլ շատ կարեւոր կատեգորիա է, ինչպես նաեւ՝ ընտանիքը։ Չէ, ես որեւէ հակասություն չեմ տեսնում՝ մարդկություն, ազգություն, ընտանիք… Դրանք իրար չեն հակասում, հակառակը՝ շատ ներդաշնակորեն գոյատեւում են։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել