ԶԵՆՔԸ ՓՈՐՁԱՐԿՎԵԼ Է… ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ շարունակվեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանի ցուցմունքներով, որոնք այս անգամ ընդգրկում էին 1999թ. հոկտեմբերի 6-24-ն ընկած ժամանակահատվածը։ Ամբաստանյալը փորձեց հենց սկզբից մանեւրել, «հիշողությունների» գիրկն ընկնել, «ճշտել», օրինակ, 1999թ. նոյեմբերի 26-ի իր մի նախաքննական ցուցմունքը, ինչը ճիշտ ժամանակին կանխվեց դատական նիստը նախագահող Ս. Ուզունյանի կողմից. – Ամբաստանյալ, շեղվում եք ժամանակագրական առումով,- հիշեցրեց,- դուք արդեն հասել եք հոկտեմբերի 6-ին։ «Լսելով» դատավորի հորդորը, ամբաստանյալը հայտնեց, որ սեպտեմբերի վերջերին ինքը Հայկ Բաբուխանյանի հետ չի հանդիպել 2 պատճառով. նախ, որ Հայկը Հայաստանում չի եղել եւ ապա՝ որ ինքն այդ ժամանակ ԱԺ չի գնացել։ «Այսպիսով,- ընդհանրացնելով իր խոսքը ասաց ամբաստանյալը-, ապստամբելու, ԱԺ մտնելու եւ իշխանափոխության մասին Էդիկ Գրիգորյանից, Կարեն Հունանյանից, Վռամ Գալստյանից բացի որեւէ այլ անձի հետ չեմ խոսել, զրույցներ չեմ ունեցել, գրություն եւ նամակներ չեմ փոխանակել, որեւէ մեկին հավաքագրելու կամ ինձ գաղափարակից դարձնելու փորձ չեմ արել»։ Նա հայտնեց, որ զենքը գնելուց հետո մտածել է արդեն «ապստամբության» գաղափարը իրականացնելու մասին։ Ընդ որում, նախապես Կարենի՝ եղբոր հետ, կտրել են 2 ինքնաձիգերի խզակոթերը, իսկ մեկը ծալովի խզակոթով է եղել։ «Ես փորձարկել եմ տանը, սենյակում, նախապես փամփուշտի միջից հեռացնելով գնդակը եւ վառոդը, պարկուճը դրել եմ ինքնաձիգի մեջ,- շարունակեց նա,- եւ փորձարկման (իր ասելով՝ միակ-Ռ.Մ.) նպատակով բարձրացրել եմ մագնիտոֆոնի ձայնը, որպեսզի խլացվի ինքնաձիգի կրակոցի ձայնը»: Իր ասելով, նպատակն էր՝ պարզել. ինքնաձիգը կրակում է, թե ոչ։ Թեեւ ամբաստանյալը համաձայն չէր մեղադրական եզրակացության 8-րդ էջում գրվածին, թե «հանցագործության կատարումը նախատեսվել էր հոկտեմբերի 13-ին», սակայն իր ցուցմունքների ժամանակ հաստատեց այն, ինչ ժխտում էր. այսինքն, պատրաստ է եղել ԱԺ դահլիճին կից կարմիր նախասրահի եւ 2-րդ հարկի միջանցքների «1-2 գծագրերը». խաղի պատրվակով ամբաստանյալ Արմեն Հարությունյանին իրենց տուն հրավիրելն ու զրուցելը. «Մեր բազմաթիվ զրույցներից գիտեի, որ ինքն էլ խիստ դժգոհ է երկրի ողբերգական վիճակից»։ Ամբաստանյալը անդրադարձավ նաեւ զենք-զինամթերքը ԱԺ հասցնելու իր տարբերակներին։ Մեկն այն էր եղել, որ դրանք տեղադրվեին տեսախցիկների շտատիվների պայուսակներում «կամ ինչ-որ այլ տիպի պայուսակներում»։ Հաշվարկվել էր նաեւ դրանք ԱԺ տանելու («մինչեւ գործողություն կատարելու օրը») եւ «այնտեղ ինչ-որ տեղ պահելու» տարբերակը։ Իսկ 3-րդ տարբերակը իրենց վրա կրելով տանելն էր, որին «առավելություն» չի տվել սկզբում, քանի որ անձրեւանոց-ձմեռային հագուստ այդ եղանակին կրելը, նա գտնում էր, որ «զանազան կասկածների տեղիք կտար»։ Փորձարկվում է ոչ միայն զենքը, այլ, ըստ էության, ամբաստանյալը փորձարկման էր ենթարկում նաեւ իր եղբորն ու հավատարիմ ընկերոջը, ասելով, որ հոկտեմբերի 13-ին են իրենք մտնելու ԱԺ. «Բոլորի մոտ, ինչ-որ իմաստով՝ նաեւ ինձ մոտ, ստեղծելու համար տպավորություն, որպեսզի տեսնենք, թե Էդիկն ու Կարենը հոգեբանորեն պատրա՞ստ են, թե՞ ոչ, հոգեկան ի՞նչ վիճակում են հայտնվում, ըստ դրա կողմնորոշվել, թե նրանք կարո՞ղ են մասնակցել այդ գործողությանը, թե՞ ոչ»,- հայտնեց նա եւ ապա ասաց, թե ուզում էր Արմեն Հարությունյանին եւս կանչել, «նրան ընդհանուր գծերով հայտնել» ԱԺ մտնելու եւ վարչապետի հրաժարականի մասին։ Ամբաստանյալ Արմեն Հարությունյանը ԱԺ տարածքից դուրս պիտի գործեր, ըստ դերաբաշխման, հավաքելով… ժողովուրդ։ «Միայն երբ խոսք է բացվել իր աշխատանքի մասին, նա պատահաբար գրպանից հանել է «ԱրմենՏելի» պահակային ծառայության աշխատակցի վկայականը», ուր նշված էր, թե նա զենք կրելու իրավունք ունի։ Հունանյանը երեկվա ցուցմունքում հիշեց նաեւ, որ Արմեն Հարությունյանից հետաքրքրվել էր զենքի հետ «վարվելու» մասին։ «Ես ո՞ւր, զենքն ո՞ւր»,- հետեւել էր պատասխանը։ Նա նշեց, որ Արմենը, Կարենն ու Էդիկն էլ հոգեբանորեն այդ ժամանակ պատրաստ չէին… Ամբաստանյալն անդրադարձավ հեռուստալրագրողի իր վկայականը ձեռք բերելու պատմությանը, որը մինչեւ Թուրքիա գնալն էր տրվել ՀԱՀ-ի տնօրեն Տիգրան Նաղդալյանի կողմից։ Վկայականներ ունեին Կարեն Հունանյանը, Հովակ Հովակիմյանն ու Կարեն Չախալյանը։ Նա պատմեց, որ հոկտեմբերի 23-ին հանդիպել է Վռամ Գալստյանին. «Զենքի, ապստամբության եւ այլնի մասին խոսակցությունը կարճ է եղել, քանի որ իմ տատը 2-րդ հարկից իջավ ցած…»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ