Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեկ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբ

Մայիս 08,2001 00:00

Հյուսիս-Հարավ ճանապարհ Արցախում Երեկ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի 10-րդ նիստը։ Հենց սկզբից ՀՀ նախագահ եւ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ խորհրդի կազմում են ընդգրկվում ի պաշտոնե նոր անդամներ. ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանը, ՀՀ ֆեն նախարար Վարդան Խաչատրյանը եւ Հայ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ, Վերապատվելի Ռենե Լեւոնյանը։ Իսկ պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը ընտրվեց վերստուգիչ հանձնաժողովի աշխատանքները կարգավորող։ Հաշվետու տարում ամենախոշոր իրադարձությունն է ԼՂ-ի շրջաններն իրար կապող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման սկիզբը։ Նախագծային ինստիտուտների կատարած լայնածավալ աշխատանքների եւ կազմակերպված մրցույթների արդյունքների ամփոփումից հետո 2000թ. ամռանն արդեն երկու հատվածներում սկսեցին աշխատել շինարարները։ Ինչպես տեղեկացանք, այս պահին շինարարություններն ընթանում են ավտոմայրուղու 38 կմ տարածության վրա եւ սեպտեմբերին ճանապարհը շահագործման կհանձնվի։ Հողային աշխատանքները հիմնականում ավարտված են եւ շուտով կսկսվեն ասֆալտապատման եւ ճանապարհային կահավորման աշխատանքները։ Հիմնադրամի շրջանակներում լայնածավալ աշխատանքներ են տարվել աղետի գոտում։ Գյումրիում, Շիրակում, Լոռիում, Սպիտակում վերակառուցվել են մի շարք շենքեր, ուսումնական հաստատություններ, երաժշտական դպրոցներ, մշակութային այլ օջախներ։ Ներկայումս մոտ 220 հազար դոլար գումար կա հիմնադրամի հաշվեհամարին եւ նախագահը ակնկալիքներ ունի, որ այդ թիվը կհասնի մինչեւ 400 հազարի, որը կօգտագործվի Սպիտակում բնակարանային շինարարության համար։ Եղել են նաեւ հովանավորություններ մշակութային ոլորտում. 34 ամիս շարունակ ամենամսյա դրամական օգնություններ են տրվել թվով 700 արվեստագետների, գիտնականների եւ մտավորականների։ Իսկ հաշվետու տարվա վերջին համաձայնագիր է ստորագրվել շվեյցարահայ բարերար Տիգրան Իզմիրլյանի հետ։ Նա 13 տարով ստանձնեց 2 ամսվա նպաստներն ամբողջությամբ վճարելու պարտականությունը։ Ըստ պրն Քոչարյանի, այս տարի արձանագրվել է ֆինանսական մուտքերի աճ։ «Վերջին երեք տարիներին նման ակտիվ մասնակցություն, մանավանդ տեղական գործարարների կողմից, չէր եղել։ Այս հարցում սովորաբար առավել ակտիվ էին սփյուռքահայ բարերարները»,- ասաց նա։ Եթե նախորդ տարի ներդրումները եղել են 3 մլն 449 հազ. դոլարի չափով, ապա այս տարի դրանք կազմել են 4 մլն 598 հազար դոլար։ Ներդրումների մեծ մասը գոյանում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Արգենտինայի, Ավստրալիայի, Կանադայի եւ Շվեյցարիայի հայկական համայնքներից, ինչպես նաեւ Արցախի եւ Հայաստանի բնակչության մասնակցությամբ։ Դրամահավաքի գործընթացի մեջ են ներգրավված նաեւ Ուրուգվայի, Սիրիայի, Ավստրիայի, Բուլղարիայի, Հոլանդիայի հայկական համայնքները, իսկ Լիբանանում 2000-ի վերջում նույնպես եղել է տեղաշարժ, քանզի այնտեղ տեղական մարմինների ջանքերով հաջող դրամահավաք է կազմակերպվել։ Նիստի ժամանակ պրն Քոչարյանը խոսեց նաեւ Սեւանի բարեկարգման խնդրի շուրջ՝ նշելով, որ «այդ հարցը երբեք չի քննարկվել, սակայն, այսօր աշխատանքային կարգով այս մասին եւս կխոսենք», իսկ վերջում լրագրողներին, որպես գաղտնիք ասաց, որ «պարզապես հարմար առիթ էր բոլորի ուշադրությունը հրավիրել Սեւանի խնդրի շուրջ։ Ներկայումս պետությունը որոշակի գումար հատկացրել է Որոտանի թունելի կառուցման աշխատանքները սկսելու համար եւ, եթե կարողանան գումարներ տրամադրել նաեւ հիմնադրամի միջոցներից, աշխատանքները շատ ավելի արագ կընթանան եւ կարելի է ակնկալել, որ գալիք տարում ծրագիրը ավարտված կլինի»։ Ա. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել