Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ պատվերն է նա կատարում»

Մայիս 08,2001 00:00

«Ո՞ւմ պատվերն է նա կատարում» «Ռ. Ավագյանը զանգվածային լրատվության միջոցներով ի լուր ամենքի ինձ հայտարարել է կաշառակեր»,- գրել է ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը երեկ գլխավոր դատախազին հասցեագրած իր դիմումում, խնդրելով զրպարտության համար պատասխանատվության ենթարկել Արդարադատության խորհրդի անդամին։ Սակայն Ռոբերտ Ավագյանն իր ասուլիսում ուղղակի մեղադրանքներ չէր ներկայացրել, այլ հարցադրումներ. «Ես կխնդրեի, որպեսզի Էմմա Խուդաբաշյանն ասեր, թե Ալեքսան Պողոսյանը քանի՞ կիլոգրամ իկրա է նրան մատուցել կամ քանի՞ հազար դոլար է տվել այն դոլարներից, որ պետք է գնային պետական գանձարան»։ Այս առնչությամբ «Առավոտի» հարցին ի պատասխան տիկին Խուդաբաշյանն ասաց. «Նա ոչ թե հարց է տվել՝ կաշառք վերցրե՞լ եմ, թե՞ ոչ, այլ հաստատելով, որ այդ կաշառքը վերցրել եմ՝ ուղղակի ճշտում է, թե քանի՞ հազար կիլոգրամ էր խավիարը կամ քանի՞ հազար դոլար էր։ Սրանով էլ, փաստորեն, զրպարտել է ԱԺ պատգամավորին ծանր հանցագործություն կատարելու մեջ եւ սա տարածվել է լրատվամիջոցներով»։ ԱԺ պատգամավոր Ալեքսան Պողոսյանի համար միջնորդած 4 պատգամավորներից Ռոբերտ Ավագյանը թիրախ էր ընտրել հենց Էմմա Խուդաբաշյանին։ Վերջինս հատկապես իր նկատմամբ նման առանձնահատուկ վերաբերմունքի պատճառներին անդրադառնալուց առաջ նախ հարկ համարեց շեշտել, թե այդ միջնորդությունը չի կարելի որակել որպես ճնշում դատախազության վրա. «Միջնորդությունը հրաման կամ ցուցում չէ։ Մենք այդքան զորե՞ղ ենք, որ միջնորդագիր ստորագրենք եւ բոլոր հարցերը լուծվեն։ Այնքա՜ն մարդկանց համար ենք միջնորդել… կամ մերժել են, կամ հարգել։ Բայց պատգամավորների միջնորդությունը հրահանգ չէ»։ Առանձին անդրադարձի կարիք ունի Ռոբերտ Ավագյանի այն հարցադրումը, թե «Էմմա Խուդաբաշյանն ինչո՞վ է զբաղված «Հոկտեմբերի 27»-ի գործով դատարանի մատույցներում»։ Արդարադատության խորհրդի անդամին այդքան արտառո՞ց է թվում, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողներից մեկը հայտնվում է դատարանում եւ դրա մատույցներում։ Ասենք ավելին. տարօրինա՞կ է, որ այժմ արդարություն է պահանջում մեկը, որի վրա ծորացել էր Միքայել Քոթանյանի արյունը… Էմմա Խուդաբաշյանը վստահ է, թե հատկապես իրեն ընտրելն ուղղակիորեն առնչվում է «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ իր դիրքորոշմանը. «Հիմա հարց եմ տալիս. Ռոբերտ Ավագյանը պատվե՞ր է կատարում։ Ասել էր, թե իմ փրկությունն այն կլինի, որ հրապարակավ ասեմ, թե ինչպե՞ս է եղել, որ ստորագրել եմ այդ միջնորդությունը։ Բայց հաշվի առնելով, որ ինձ բազմիցս զգուշացրել են հետագա ակտիվությանս դեպքում նման «կոմպրոմատների» եւ ավելի ծանր հետեւանքների մասին՝ գուցե իմ փրկությունը քաղաքական ապաստան խնդրե՞լն է»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել