Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեկ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը տեղեկացրեց, թե դեռ ապրիլի սկզբներին կուսակցությունը դիմել է ԱԺ-ին՝ Ղ

Մայիս 08,2001 00:00

ՀԴԿ-ն փորձել է հստակեցնել փոխզիջումների շրջանակը Երեկ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը տեղեկացրեց, թե դեռ ապրիլի սկզբներին կուսակցությունը դիմել է ԱԺ-ին՝ Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ լսումներ կազմակերպելու խնդրանքով, որին դեռեւս արձագանք չկա։ Դեմկուսը հայտարարություն է տարածել, ուր մասնավորապես ասված է, թե Քի Ուեսթի հանդիպումից հետո Ադրբեջանի պաշտոնական եւ ոչ պաշտոնական շրջանակները նոր հակահայկական հիսթերիա են հրահրում եւ հանդես են գալիս պատերազմը վերսկսելու եւ Լեռնային Ղարաբաղը վերստին բռնակցելու սպառնալիքներով։ ՀԴԿ-ն կոչ է արել «ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին՝ դատապարտել Ադրբեջանի ռազմամոլ ուժերին, որոնք պատերազմ հրահրելու կոչերով են հանդես գալիս, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության իմպերատիվ պահանջը անդամ-պետություններից՝ իրենց հարաբերություններում չդիմել ուժի կամ ուժի սպառնալիքի»։ Դեմկուսը միաժամանակ ողջունել է ՀՀ ԱԺ-ի պատգամավորական խմբերի եւ խմբակցությունների 2001թ. ապրիլի 27-ի համատեղ հայտարարությունը՝ կարեւորելով դրսեւորած միասնականությունը։ «Ողջ հայ ժողովուրդը եղել եւ մնում է Արցախի հիմնահարցի բացառապես խաղաղ, քաղաքական բանակցությունների միջոցով կարգավորելու կողմնակից, քանզի համոզված է, որ այդ հիմնահարցը Հայ Դատի բաղկացուցիչ մասն է եւ այն կարող է վերջնական լուծում ստանալ միայն իրավական ճանապարհով, միջազգային իրավական նորմերին ու սկզբունքներին համապատասխան»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ։ Կուսակցությունը միաժամանակ ընդգծել է, որ «Արցախի հիմնահարցի քաղաքական կարգավորումը, եթե այն հնարավոր է, կարող է տեղի ունենալ Ադրբեջանի եւ ԼՂՀ ներկայացուցիչների բանակցությունների միջոցով, որտեղ ղարաբաղյան կողմը պետք է ունենա միջազգային իրավունքի սուբյեկտի եւ բանակցություններում իրավահավասարի կարգավիճակ։ Հայաստանի Հանրապետությունը եւ նրա ղեկավարությունն իրավասու չէ ԼՂՀ-ին վերաբերող հարցերը լուծել Ադրբեջանի հետ։ – ԼՂՀ կարգավիճակի դե յուրե ճանաչումից հետո միայն կարող են քննարկվել եւ լուծվել հիմնահարցի մյուս խնդիրները։ – Արցախի հիմնահարցը չի կարող կարգավորվել տարածքների փոխանակության միջոցով։ Բանակցությունների առարկա չեն կարող լինել այն տարածքները (նախկին ԼՂԻՄ-ը եւ Շահումյանի շրջանը), որտեղ հանրաքվեով հայտարարվել է անկախ հանրապետություն կազմավորելու որոշումը։ Ռազմավարական նշանակություն ունեցող, ԼՂՀ-ի անվտանգությունն ամպրապնդող ազատագրված տարածքները սակարկման ենթակա չեն։ – Միջազգային պայմանավորվածությամբ պետք է երաշխավորվի ԼՂՀ տարածքի եւ սահմանների անձեռնմխելիությունն ու անվտանգությունը։ Նրա շուրջ պետք է ստեղծվի ապառազմականացված գոտի՝ առանց այլ երկրների խաղաղարար ուժերի տեղակայման։ – Հաղորդակցության եւ կապի կոմունիկացիոն գծերը պետք է լինեն սովորական բնույթի, ինչպես ընդունված է միջազգային պրակտիկայում՝ տարանցիկ վերահսկողության եւ իրավասության տակ, ում տարածքով անցնում են, առանց միջազգային պահապան ուժերի տեղակայման»։ Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել