Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ասում

Մայիս 08,2001 00:00

«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԵՐԻ ԵՎ ՎԱԽՈՏՆԵՐԻ ԶԵՆՔՆ Է» Ասում է Ալբերտ Բազեյանը «Հոկտեմբերի 27»-ի դատավարությանը դրսից հետեւողները շարունակում են հավաքվել Երեւանի 2750-ամյակի առթիվ կառուցված շատրվանների մոտ, մի բաժակ սուրճ կամ ջերմուկ ըմպել եւ հետեւել դատավարությանը։ Մշտապես ներկաներից է նաեւ նորաստեղծ «Հանրապետություն» կուսակցությունը։ Երեկ մեր թղթակիցը զրուցեց քաղխորհրդի ղեկավար Ալբերտ Բազեյանի հետ։ «Առավոտին» հետաքրքրում էր՝ Ալբերտ Բազեյանի եւ մյուսների ներկայությունը կարելի՞ է համարել «Հանրապետություն» կուսակցության ներկայություն. «Ի դեմս մեզ՝ կուսակցության ներկայությունն է։ Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահելու դատական նիստերը։ Պարզապես այն ժամանակ, երբ Նաիրի Հունանյանն իր կենսագրությունն էր պատմում, չէինք գալիս, քանի որ այդ կենսագրությունը ոչ մեկիս չի հետաքրքրում։ Նա մնում է ոճրագործ, հայրենիքի դավաճան։ Այժմ նա ցուցմունքներ է տալիս, անմիջականորեն մոտենալով հոկտեմբերի 27-ին եւ այստեղ կարող են լինել պահեր (մենք արդեն արձանագրում ենք այդ պահերը), որ կլինեն հակասություններ։ Մենք վերլուծում ենք նաեւ տարբեր լրատվամիջոցների արձագանքը»։ Պարոն Բազեյանը շեշտեց, ըստ իրենց, մի շարք կարեւոր պահեր. «Խոսք գնաց այն մասին, որ քննչական խումբը Ջհանգիրյանի գլխավորությամբ ծեծի, ջարդի, խոշտանգումների միջոցով ուղղորդում էր Նաիրի Հունանյանին, որպեսզի նա ցուցմունք տա ընդդեմ հանրապետության նախագահի։ Այս ամենը շատ ինտենսիվ մեկնաբանվեց հատկապես իշխանամետ կամ իշխանության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներում։ Բնական հարցադրում է առաջանում՝ եթե այդ ամենը ճիշտ է, եթե իրոք պրն Ջհանգիրյանը ուղղորդում էր նախաքննական մարմնին, ապա դա ծանրագույն հանցագործություն է, տվյալ դեպքում Ջհանգիրյանը եւ նախաքննական մարմինը պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Ուրեմն կարելի է անել երկու հետեւություն. կամ հատուկ ճնշումներ չեն եղել ոճրագործությունը նախագահի շրջապատի կամ անմիջականորեն նրա հետ կապելու ուղղությամբ, կամ էլ կարելի է ենթադրել, որ հավանաբար Ջհանգիրյանը գիտի որոշ բաներ, որոնք ոմանց ձեռնտու չեն։ Այսինքն՝ Ջհանգիրյանը պաշտպանված է ինչ-որ ինֆորմացիայով։ Եվ այդ ինֆորմացիան ոչ միայն Ջհանգիրյանի մոտ է, այլեւ՝ ուրիշների»։ Ալբերտ Բազեյանի հաջորդ դիտարկումն այն է, որ գլխավոր ամբաստանյալը նիստերի ընդմիջումների ժամանակ որոշ խորհրդատվություն է ստանում. «Տպավորությունն այն է, որ դատական նիստերի ընդմիջումների ժամանակ ամբաստանյալը խորհրդատվություն է ստանում։ Այսինքն, օրվա առաջին կեսին նա հրապարակում է իր ցուցմունքները, ընդմիջումից հետո սկսում է երբեմն-երբեմն առանձին հատվածներում շտկումներ մտցնել։ Ենթադրում ենք, որ նրան հուշում են»։ Ալբերտ Բազեյանը հայտնեց, որ իրենք պատրաստվում են «Միասնություն» խմբակցության պատգամավորների միջոցով հարց բարձրացնել ընդմիջման ընթացքում գլխավոր ամբաստանյալի վրա հսկողություն սահմանելու մասին։ Առիթ ունեցել ենք գրել, որ «27»-ի դատավարությանը հետեւող շարքային քաղաքացիներից մի քանիսին ժամանակ առ ժամանակ հրավիրում են ՆԳ բաժիններ, զրուցում են եւ, համապատասխան ստորագրություն վերցնելով, բաց են թողնում։ Արդյո՞ք նման դեպքեր գրանցվել են նաեւ «Հանրապետություն» կուսակցության անդամների հետ կապված։ Ալբերտ Բազեյանն ասաց, որ նման բան չի եղել, բայց եւ կրկնեց, թե իր պաշտոնանկությունից հետո բազմաթիվ օրինակներ կան, երբ փորձել են ինչ-որ գործ գտնել իր քաղաքապետական աշխատանքի հետ կապված։ Իբրեւ օրինակ բերվեց նաեւ ԱԺ պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանի գործերի շարունակական ստուգումները։ Պրն Բազեյանը հարկ համարեց անդրադառնալ Էդ. Հովհաննիսյանի որոշ պնդումների, ասելով, որ իրենք ժամանակին տվել են «Հոկտեմբերի 27»-ի քաղաքական գնահատականը. «Եվ անպատեհ եւ ոչ ճիշտ եմ համարում պրն Էդ. Հովհաննիսյանի հնչեցրած այն կարծիքը, թե «Հոկտեմբերի 27»-ի քաղաքական գնահատականը մենք չենք տվել։ Մենք տվել ենք դրա հստակ քաղաքական գնահատականը։ Այլ խնդիր է, որ Դաշնակցությունը չի տվել «Հոկտեմբերի 27»-ի գնահատականը, կամ հանրապետության նախագահը չի տվել դրա քաղաքական գնահատականը։ Չգիտեմ՝ պրն Էդ. Հովհաննիսյանն արտահայտում է անձամբ իր տեսակետը, թե ընդհանրապես իր կուսակցության տեսակետը։ Ընդհանրապես քաղաքական գործունեությունը մերժում է ցանկացած կարգի ահաբեկչություն, ահաբեկչության ճանապարհով հարցեր լուծելու գործելակերպը։ Ահաբեկչությունը թույլերի եւ վախկոտների զենքն է։ Եթե մարդիկ Վազգեն Սարգսյանի դեմ պրոբլեմներ ունեին, կարող էին հավասար պայմաններով պայքարել քաղաքական եւ օրինական ճանապարհներով եւ ոչ թե անզեն մարդուն ֆիզիկապես ոչնչացնելով, այժմ մեծ-մեծ խոսել Վազգեն Սարգսյանի այս կամ այն բացթողումների մասին, կարող էին, թող պայքարեին»։ ԵԿՄ վարչության փոխնախագահի գնահատմամբ՝ ահաբեկչությունն արդարացնող քաղաքական կառույցը կամ քաղաքական գործիչն ինքը ապահովագրված չի կարող լինել նույն վտանգից, «որովհետեւ բռնությունը ծնում է բռնություն։ Թող չմտածեն մարդիկ, որ միայն իրենք կարող են իրականացնել ահաբեկչություն եւ պաշտպանված լինել։ Եվ ահաբեկչության ճանապարհով հարցեր չեն լուծվում, ինչպես հենց 27-ին նշել էր Կարեն Դեմիրճյանը հենց տեղում. «Տղաներ, այսպես հարց չեն լուծում»։ Հասարակական անհանդուրժողականության մթնոլորտը պետք է ձեւավորվի ահաբեկչության գաղափարի դեմ։ Եվ ոչ միայն ժողովուրդը պետք է «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության դատապարտողը լինի, այլեւ՝ բոլոր քաղաքական ուժերը. «Եվ ահաբեկչությունն արդարացնող քարոզչությունը շատ վտանգավոր է։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը մերժել է ահաբեկչությունը՝ որպես ճանապարհ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել