Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ասում

Մայիս 08,2001 00:00

«ՍԱ ԱՆԴԵՄ ԶԱՆԳՎԱԾԻ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է» ասում է նախկին քաղկալանավոր Վարդան Հարությունյանը «Հարկավոր է հաղթահարել կարծրատիպերը»,- խորհուրդ էր տվել նախկին քաղկալանավոր Անդրանիկ Մարգարյանն ի պատասխան մեր այն հարցի, թե արդյոք իրեն վատ չէ՞ր զգացել մայիսի 1-ին հրապարակները ողողած կարմիր դրոշներից եւ Սովետական Միության զանազան խորհրդանիշներից։ – Արդյոք այլ նախկին քաղկալանավորները եւս, եւ մասնավորապես Դուք, նույնպե՞ս հաղթահարել եք «կարծրատիպը» «կարմիր» տոների եւ խորհրդանիշների հանդեպ։ – Այդ ամենից սարսափելի մեծ տխրություն զգացի եւ սա վստահորեն կարող եմ ասել ոչ միայն քաղբանտարկյալների, այլ մեր յուրաքանչյուր սերնդակցի անունից, որոնք գոնե մոտավորապես գիտեն, թե ինչ է այդ «կարմիրը» եւ ինչ է այն բերել մարդկությանը։ Մեկ անգամ եւս ամրապնդվեց իմ այն համոզումը, թե ինչքան վտանգավոր է, երբ իշխանության են գալիս անպատասխանատու մարդիկ, խորհրդարանում ընտրվում անպատասխանատու մարդիկ, կառավարություն կազմում անպատասխանատու մարդիկ… Ցանկացած պահի նրանք կարող են հանդես գալ ցանկացած դրոշի տակ եւ մի քանի օր ավելի իրենց գոյությունը քարշ տալու համար արդարացնել այդ դրոշը՝ լինի դա կարմիր, դարչնագույն, թե սեւ եւ սվաստիկայով։ Ի՞նչ էր ուզում ասել մեր հանրապետության վարչապետը (անկախ նրանից, թե ով է եղել նա նախկինում, կամ եղե՞լ է, թե՞ չի եղել), երբ արդարացրեց մայիսի 1-ը որպես ոչ կոմունիստական տոն։ Բոլորս էլ գիտենք, թե ինչպես է ծնվել այդ տոնը եւ, որ դա կոմունիստներից էլ առաջ էր։ Բայց գիտենք նաեւ, որ մայիսի 1-ը կոմունիստների սեփականությունն է։ Այդ դեպքում հանգիստ կարելի է տոնել նաեւ նոյեմբերի 29-ը։ – Այդ առաջարկն էլ կա։ Ասում են, թե ինչո՞ւ պիտի Հայաստանի 1-ին եւ 3-րդ հանրապետությունների ստեղծման օրը նշվի, իսկ երկրորդինը՝ ոչ։ – Չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում Հայաստանի Երկրորդ Հանրապետություն։ Սովետական Սոցիալիստական Հայաստանն անկախ հանրապետությո՞ւն է եղել։ Հայաստանի առաջին անկախ հանրապետությունը գրավվել է օտար բանակի կողմից, ընդ որում՝ այդ նույն կարմիր դրոշներով, որոնք ծածանվում էին մեր հրապարակում մի քանի օր առաջ։ Գրավել են, տիրացել եւ անվանել այն ՀԽՍՀ։ Ի՞նչ հիմքով են, ուրեմն, թվագրում Երկրորդ Հանրապետությունը։ – Հաջորդ շաբաթ խորհրդարանը կքվեարկի պետական տոնացույցի մասին օրենքը։ Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ այդ օրինագծում զգալի տեսակարար կշիռ կազմող, այսպես կոչված, «վարդագույն» տոներով սրբագրվում եւ վերանայվում են անկախության առաջին տարիների մեր որոշ նախաձեռնություններ։ – Սա սրբագրում չէ, ոչ էլ ուղղում կամ շտկում։ Ուղղակի տուրք են տալիս պահին։ Այս նույն մարդիկ մեկ այլ իրավիճակում կքվեարկեն (եւ քվեարկել են) այլ տոների օգտին։ Այդ նոր տոնացույցում ընդգրկված տոներն, ի դեպ, ոչ թե «վարդագույն» են, այլ շատ էլ թունդ կարմիր։ Հաստատ նույնիսկ կոմունիստները չէին պատկերացնի, որ կկարողանան հասնել նման մեծ հաջողությունների։ Բայց սա կոմունիստների հաջողությունը չէ, այլ անդեմ եւ անպատասխանատու այդ զանգվածի, որ լցվել է մեր խորհրդարան ու կառավարություն։ Սրանց համար նշանակություն չունի, թե ինչ տոն է։ Ասենք, դիտարկենք պատճառաբանություններից մեկը, որ ներկայացրեց «Միասնության» ղեկավար Գալուստ Սահակյանը, թե հասարակության մեջ շերտեր կան, որոնք ընդունում են այդ տոները, նման սովորույթ կա։ Գիտե՞ք ինչքան վատ սովորույթներ կան, որոնք ընդունված են հասարակության որոշ շերտերում։ Ասենք՝ կաշառք տալու եւ վերցնելու սովորույթն էլ կարելի է օրենքով ձեւակերպել։ Եվ նրանք ձեւակերպեցին էլ՝ ասացին, թե ծննդօգնության համար, մեկ է, կաշառք են տալիս, եկեք այդ կաշառքն օրինականացնենք։ Եթե նույն տրամաբանությամբ շարժվենք՝ կարելի է ցանկացած բացասական երեւույթի տալ օրենսդրական ձեւակերպում եւ քողարկել ցանկացած վատ արարք։ Խորհրդարանում, վերջին հաշվով, պիտի ընտրվեն հասարակության լավագույնները։ Ուրեմն, դա այդպես չէ, եթե նրանք օրենսդրական ձեւակերպում են տալիս հասարակության վատագույն ավանդույթներին։ – Այնուամենայնիվ, արդյոք սա միայն անդե՞մ զանգվածի հաղթանակն է։ Կոմկուսի ներկայացուցիչները վերջերս հպարտանում են, որ իրենց դերը վերստին կարեւորվում է, իրենց կշիռը հաշվի է առնվում եւ այլն։ Արդյոք ականատե՞սը չենք կոմունիստների վերածննդի դարաշրջանի սկզբին։ – Կոմունիստներն ուղղակի կարողանում են օգտագործել պահը, որ հասնեն հաղթանակների։ Այո՛, առկա են կոմունիստների վերածննդի նշաններ։ Բայց ես հուսով եմ, որ մեր ժողովուրդն այնքան ողջախոհ կլինի, որ չի վաճառի իր անկախությունը։ Եվ մեր ապագա խորհրդարանը, որ չի լինելու անպայման այսպիսին՝ իր առաջին գործերից մեկը կհամարի այս սխալների ուղղումը։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել