Անավարտ վարիացիաներ պարսկական մոտիվներով Սույն թվականի փետրվարին Թեհրանում կայացավ Իրան-Թուրան հարաբերություններին նվիրված միջազգային սեմինար, որին մասնակցեցին ՌԴ-ի, Միջին Ասիայի, Ադրբեջանի, Հայաստանի, եվրոպական երկրների պետական կառույցների եւ գիտական հիմնարկների 300-ից ավելի ներկայացուցիչներ։ Առաջինը, ինչ աչք է զարնում, երբ մուտք ես գործում Իրան՝ երկրի բուռն զարգացման տեմպն է։ Ամենուրեք շինարարություն է։ Ամեն ինչ շարժման մեջ է՝ մարդկային ամբոխները առավոտից հեղեղում են Թեհրանի փողոցները՝ օրը այստեղ շատ շուտ է սկսվում եւ այդ համընդհանուր քաոսից կարող են գլուխ հանել միայն իրենք՝ թեհրանցիները։ Դանդաղ, հանդարտ, ներհայեցողական արեւելյան ապրելաոճին գալիս է փոխարինելու ժամանակակից մեգապոլիսի արագընթաց տեմպը։ Փոփոխությունները կատարվում են աչքի առաջ եւ դաժանության աստիճան արագ՝ դա իր հետքն է թողնում մարդկային հոգեբանության վրա՝ թեհրանցիների 50%-ից ավելին անընդհատ սթրեսի մեջ է։ Ավանդականը եւ ժամանակակիցն այստեղ այնպես են միախառնված, որ անհնար է տարանջատել մեկը մյուսից։ Վաղ միջնադարում հայ իշխանները գնում էին Իրան՝ «աշխարհ տեսնելու»։ Այն ժամանակ Իրանի մայրաքաղաքը մոտավորապես նույնն էր, ինչ հիմա Մոսկվան։ Այսօրվա Իրանը, իհարկե, այլ է, բայց կա Թեհրանում մի կետ, ուր կարելի է հանդիպել շապուհների եւ հազկերտների Իրանին։ Դա զրադաշտական տաճարն է, տարօրինակ զուգադիպությամբ այն կանգնած է հայկական Սբ. Աստվածածին եկեղեցու ճիշտ դիմացը։ Որոշակի դժվարություններից հետո մեզ թույլ տվեցին մուտք գործել տաճար։ Չգիտես ինչու, շատ ուրախացան, երբ իմացան, որ Հայաստանից ենք։ Տպավորությունները տաճարից ինչքան որ խորն էին, նույնիսկ խորհրդապաշտական, նույնքան էլ դժվար փոխանցելի ներքին փորձ են ներկայացնում։ Անշեջ կրակը տաճարի ներքին սենյակում, սպիտակ հագուստներով ծեր եւ, ինչպես երեւում է, Պարկինսոնի հիվանդությամբ տառապող քուրմը նստած պատի տակ, ուշադրություն չդարձնելով մեզ վրա, հին պարսկերենով աղոթքներ էր կարդում, անուշահոտ բուրմունքը՝ այդ բոլորը եւ ձգում էր, եւ վանում էր միաժամանակ, կարծես շատ ծանոթ ու հարազատ էր, բայց եւ շատ օտար ու ծանր նստվածք թողնող։ Իրանում ամեն ինչ շատ նման է եւ շատ տարբեր Հայաստանից։ Նման են մարդկանց դեմքերը, հագուստը, ռաբիս երաժշտությունը։ Բայց ընդհանուր առմամբ մերն էլի ուրիշ է։ Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ արեւելցի ենք։ Երբ հանդիպում ես իրական Արեւելքին (իմ կարծիքով, սակայն, Իրանն էլ դասական արեւելք չէ իր էությամբ, ուղղակի ավելի արեւելք է, քան մենք), հասկանում ես, որ եթե կա իսկը արեւելյան տարր մեր մեջ, դա միայն տարր է, այն էլ մակերեսային, մեծամասամբ ձեռքբերովի։ Հոգու խորքում հայը արեւելցի չէ։ Դժվարանում եմ ավելի հստակ ձեւակերպել, բայց երեւի պետք է հակադրել պարսկական արեւելյան «քաղցրությունը» եւ հայկական մի տեսակ զսպվածությունը, ինչ-որ տեղ նույնիսկ կոպտությունը։ Դա երեւում է ամեն ինչից՝ մարդկանց շարժուձեւից (Իրանում բոլորը իրար ժպտում են՝ ինչպես… Ամերիկայում, բարեւելիս տասն անգամ ղուրբան ասում), ճարտարապետությունում՝ պարսկական շինությունները քաղցրավենիք են հիշեցնում։ Հայկական հոգեկերտվածքի համար չկա ավելի խորթ բան, քան արեւելյան մոտիվների խճճվածությունը, քաղցր ճոխությունը։ Թեհրանի տաքսիստները ի ծնե դերասան են եւ չկայացած հոլիվուդյան աստղեր։ Աննկարագրելի է այն շռնդալից եւ ուխտադրուժ հարձակումը, որ նրանք իրականացրին մեր նկատմամբ ճիշտ այն պահին, երբ իջանք ավտոկայանում։ Քաջաքաջ դիմադրելով եւ վանելով հակառակորդի բոլոր խենթ գրոհները, վերջը մեկի հետ բարիշեցինք հարմար գնով։ Բայց թատերական ներկայացումը դեռ նոր էր սկսվում։ Չխորանալով դրա սյուժեի մանրամասների մեջ, ասեմ, որ «բազարը» գնի շուրջ տեւեց ողջ ճանապարհի ընթացքում (այսինքն՝ մոտ 40 րոպե)՝ գինը մերթ բարձրանում էր 3000 թումանի, մերթ իջնում 1500-ի եւ այդ բոլորը բռնաբարված անգլերենով։ Եվ նույնիսկ երբ տեղ հասանք եւ դուրս եկանք մեքենայից, վարորդը դեռ շարունակում էր բողոքել տիեզերքի անարդար կառուցվածքից։ Ինչ վերաբերում է կոնֆերանսին՝ այն կազմակերպված էր ամենաբարձր մակարդակով։ Մասնակիցները տեղավորվեցին արտգործնախարարության հատուկ հյուրատանը։ Նրանք, թվում էր, ներկայացնում էին աշխարհի բոլոր գույները եւ նրբերանգները՝ մուգ սեւ աֆրիկացիներից մինչեւ մոնղոլոիդ ղրղըզները։ Իտալիա, Ռուսաստան, Հոլանդիա, Անգլիա, Ուզբեկստան, ԱՄՆ, Հունգարիա, Ադրբեջան, Ուկրաինա՝ ահա ոչ ամբողջական ցուցակը ներկայացված երկրների։ Արտաքուստ հանդարտ ընթացող կոնֆերանսը ուներ իր խորքային ջիղը, ներքին հատուկ լարումը, որը վառ արտահայտվեց վերջին օրը, երբ Տաջիկստանի ներկայացուցիչները վճռական գրոհի անցան թյուրքիզմի դեմ։ Տաջիկների բոցավառ ճառերը շփոթության մատնեցին դահլիճի աջ հատվածում հավաքված հիմնականում թյուրքալեզու երկրների ներկայացուցիչներին (Թուրքիա, Ադրբեջան եւն), բայց նրանց խիտ շարքերի մեջ ներթափանցած երկու սադրիչները (հայ դելեգացիան) բուռն ծափահարություններով էին ընդունում յուրաքանչյուր տաջիկական ելույթ։ Վերջում, իհարկե, կրքերը հանդարտվեցին։ Իրանական կողմը հավասարակշռություն մտցրեց կոնֆերանսի ընթացքի մեջ։ Օրվա վերջում մասնակիցները ճոխ ընդունելության արժանացան Իրանի արտգործնախարարի կողմից։ Հաջորդ առավոտ մենք հրաժեշտ տվեցինք Իրանին՝ լավագույն տպավորություններով։ ՀՐԱՆՏ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ