Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ քաղաքապետարանի կրթության վարչությունը կազմակերպել էր խորհրդակցություն մայրաքաղաքի դպրոցների տնօ

Մայիս 05,2001 00:00

Տնօրենները փո՞ղ են աշխատում Երեկ քաղաքապետարանի կրթության վարչությունը կազմակերպել էր խորհրդակցություն մայրաքաղաքի դպրոցների տնօրենների մասնակցությամբ։ Խորհրդակցության ժամանակ հիմնականում խոսվեց վերջին զանգի հետ կապված խնդիրների եւ, ընդհանրապես, տնօրենների թերացումների մասին։ Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը նշեց, որ շատ տնօրեններ ավարտական վկայականներ տալու համար յուրաքանչյուր աշակերտից 1500 դրամ են վերցնում։ Ինքը լավ տեղյակ է, թե ինչպես որոշ դպրոցների տնօրեններ իբր թե վկայականում առկա անճշտությունների պատճառով շրջանավարտներին տալիս են նորերը, որտեղ գնահատականները նախկինից բարձր են լինում կամ ասում են, որ շրջանավարտը իբր թե ատեստատը կորցրել է եւ տալիս են նորը, որտեղ դարձյալ գնահատականները անհամեմատ բարձր են։ Այսպիսի դեպքեր կան մայրաքաղաքի շատ դպրոցներում։ Պրն Վաթյանը շեշտեց, որ միայն մեկ դպրոցում իրենք գրանցել են 31 նման խախտում։ Խորհրդակցության ժամանակ քննարկված մի հարց վրդովմունք առաջացրեց։ Պարզվում է, որ այսուհետ դպրոցների ուսմասվարներին ընտրելու են ոչ թե դպրոցների տնօրենները, ինչպես դա արվում էր, այլ քաղաքապետարանի կրթության վարչությունը։ Մայիսի 10-ին կավարտվի դասագրքերի վարձավճարների գանձումը։ Կրթության վարչությունը դպրոցներին առաջարկեց կազմել 5-10 հոգուց բաղկացած խիստ կարիքավոր երեխաների ցուցակ, որոնք ամառային արձակուրդներին կմեկնեն Հայաստանի որեւէ հանգստավայր։ Քաղաքապետարանի կրթության վարչությունը ծրագրել է այս տարի 94 դպրոցի տանիք վերանորոգել։ Պրն Վաթյանն ասաց, որ այս տարի վերջին զանգը կլինի մայիսի 25-ին։ Դասղեկները պետք է հետեւեն իրենց շրջանավարտներին, որ ժամը 24-ից հետո մայրաքաղաքի փողոցներում ոչ մի շրջանավարտ չլինի։ Մայրաքաղաքը գտնվելու է ոստիկանների հսկողության ներքո։ Այդ օրը արգելվելու է ոգելից խմիչքի վաճառքը։ Եթե հայտնաբերվի որեւիցե մեկը, որն օգտագործել է ոգելից խմիչք, ապա խստագույնս կպատժվի ոչ միայն նա, այլեւ նրա դասղեկն ու տնօրենը։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել