ՎԱՐՉԱՊԵՏԻ ԼԵԶՈՒՆ ԲԱՑՎԵ՞Լ Է Եթե չլրանար վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պաշտոնավարության մեկ տարին, միգուցե, նա շարունակեր համեստորեն լռել 99-ի հոկտեմբերի 27-ին եւ դրանից հետո պաշտպանության նախարարությունում իր դրսեւորած «հերոսկան» կեցվածքի, նախագահի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու եւ Արամ Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակմանը դեմ լինելու մասին։ Համենայն դեպս, չենք հիշում, թե մինչ այդ երբեւէ պարոն Մարգարյանը դեմ արտահայտված լիներ ՊՆ-ում հրամկազմի եւ բանակի հրամանատարի ձեռնարկած որեւէ գործողությանը։ Ու հանկարծ, օրերս նա հայտարարում է, թե ինքը համարձակություն է ունեցել ՊՆ-ում լինել եւ իմանալով նախագահին դեմ տված պաշտոնացուցակի մասին՝ հրաժարվել է այն ստորագրել։ Մենք փորձեցինք ճշտել, հենց ՊՆ-ում եղած գործիչներից, թե ինչո՞ւ էր պարոն Մարգարյանը հրաժարվել դրա տակ ստորագրել կամ արդյոք դրան դեմ արտահայտվե՞լ էր, թե՞ ոչ։ Եվ հրամկազմի ներկայացուցիչներից մեկը հետեւյալն ասաց. «Անդրանիկ Մարգարյանին ոչ ոք չի առաջարկել որեւէ փաստաթղթի տակ ստորագրել նախ այն պատճառով, որ ստորագրված փաստաթուղթ չի էլ եղել, եղել է միայն անձանց ցուցակ։ Երկրորդ, նա այդ ցուցակում չի եղել եւ, ընդհանրապես, որեւէ բանի դեմ չի եղել»։ Կարծում ենք, վարչապետը պարզապես քաջ գիտակցում է, որ շատ մոտ ապագայում ինքն էլ է հրաժեշտ տալու այդ պաշտոնին եւ զուր ճիգեր է գործադրում քծնել ու իր պաշտպանության տակ առնել նախագահ Քոչարյանին։ Դիվիդենտներ քաղելու համար Ա.Մարգարյանը սխալ դաշտ է ընտրել. «27»-ը նման ձեւով շահարկելն անբարոյականություն է, առավել եւս, որ բոլորն են հիշում Ա.Մարգարյանի կեցվածքը 2000թ. մարտի 3-ին, երբ հենց ինքն էր իր կուսակցության գրասենյակում ընթերցել Քոչարյանին ուղղված հայտարարություն- վերջնագիրը՝ Սերժ Սարգսյանին ու Տիգրան Նաղդալյանին պաշտոններից ազատելու մասին։ Հիմա նա վերջիններիս հետ շատ հանգիստ համագործակցում է՝ մոռանալով քաղաքական գործչի առաջին կրեդոյի՝ սկզբունքայնության մասին։ Մարտի 3-ին լա՞վ էր մտածել Ա.Մարգարյանը. իր ընթերցած հայտարարությունը հարված չէ՞ր պետությանը։ Նախկին քաղբանտարկյալ Ա.Մարգարյանն այս դեպքում վարվեց ճիշտ այնպես, ինչպես 60-ականներին՝ հանդես եկավ մեղայականով ու պարզապես հերթական անգամ «գցեց» իր զինակիցներին։