«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»՝ «ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԻ» ՀԻՄՔ Ներկա իշխանությունը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խնդրում էական նահանջ է արձանագրել նախկինում եղած ձեռքբերումներից, որը, մեր համոզմամբ, դրսեւորվում է հետեւյալ հիմնական պարամետրերում:8221 Հայաստանը հրաժարվել է պաշտպանել ԼՂՀ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցություններից դուրս է մղվել ԼՂՀ-ն, հիմնահարցը փոխակերպվել է հայ-ադրբեջանական տարածքային վեճի: Այս ամենի հետեւանքով բանակցությունների սեղանին է դրված իր ամողջ տարածքում Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման հարցը: Մեզ համար անբարենպաստ ներկա վիճակը վերլուծելու տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում արձանագրել, թե ո՞ր կետից սկսվեց այս վտանգավոր բեկումը: Փաստ է, որ ներկայումս արտաքին քաղաքականության համար պատասխանատու անձինք պատահական մարդիկ չեն այդ բնագավառում: Ավելին, նրանք կարեւոր դերակատարություն են ունեցել 1992 թվականի գարնանից սկսած, այսինքն այն պահից, երբ հիմնահարցը միջազգայնացվեց եւ կարգավորմանը աջակցելու նպատակով ստեղծվեց ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը: Մասնավորապես, Ռ.Քոչարյանը, լինելով ԼՂՀ ՊՊԿ-ի նախագահ, ապա ԼՂՀ նախագահ, իսկ 97-ից՝ ՀՀ վարչապետ, անմիջական մասնակցություն է ունեցել ՀՀ արտաքին քաղաքական ուղեգծի մշակմանն ու իրականացմանը: Վ.Օսկանյանը 1994-98-ին եղել է ՀՀ ԱԳ փոխնախարար, իսկ 1998-ին նշանակվելով ԱԳ նախարար՝ անձամբ է ղեկավարել արտաքին քաղաքականության «ղարաբաղյան ուղղությունը»: Քոչարյանը եւ Օսկանյանը այն պաշտոնյաների շարքում են եղել, ովքեր, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բնորոշմամբ, Հայաստանում եւ Ղարաբաղում «փորձագետի մակարդակով» տիրապետել են հակամարտության կարգավորման գործընթացին: 1998-ի իշխանափոխությունը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի որդեգրած ուղիների նկատմամբ անհամաձայնության բաժանարար գիծ անցկացրեց նախկինների եւ ներկաների ղարաբաղյան հայեցակարգերի միջեւ: Նոր իշխանությունը սկզբում իրեն հռչակեց որպես «կոշտ գծի», «հաղթական լուծման» հետեւորդ, որի համար հավասարապես անընդունելի էին փաթեթային եւ փուլային տարբերակները, եւ համաձայնեց ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների կողմից 1998-ի նոյեմբերին առաջարկված «ընդհանուր պետություն» կոչվող ծրագրին: Հայկական կողմը մինչ օրս հարազատ է մնում «ընդհանուր պետության» հայեցակարգին: Մեր համոզմամբ, հենց այս հայեցակարգի մեջ են գտնվում ղարաբաղյան հիմնահարցում մեր դիրքերի թուլացման արմատները: Անկասկած, կարգավորման առումով գլխավորը ԼՂՀ-ի եւ Լաչինի միջանցքի կարգավիճակներն են: Ներկա իշխանության կողմից մերժված փաթեթային տարբերակում ԼՂՀ-ի եւ Լաչինի միջանցքի կարգավիճակների հարցը առաջարկվում էր լուծել միաժամանակ եւ միակ փուլում: Փուլային տարբերակում նշված կարգավիճակները առաջարկվում էր լուծել միաժամանակ, բայց երկրորդ փուլում: «Ընդհանուր պետության» տարբերակում այդ կարեւորագույն պարամետրերը առանձնացվում են ժամանակի մեջ՝ նախ, որոշվում է ԼՂՀ-ի կարգավիճակը, իսկ Լաչինի միջանցքի կարգավիճակի հարցը հետաձգվում է անորոշ ժամանակով: «Ընդհանուր պետությունը» ծնվել է ԼՂՀ-ի կարգավիճակի փաթեթային եւ Լաչինի միջանցքի կարգավիճակի փուլային լուծումների սիմբիոզից: Մերկապարանոց չհնչելու համար մեջբերենք համապատասխան ձեւակերպումները «ընդհանուր պետության» փաստաթղթից. «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Հանրապետության ձեւի պետական եւ տարածքային կազմավորում եւ Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում», «Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ անարգել հաղորդակցություն ապահովելու նպատակներով Լեռնային Ղարաբաղի կողմից Լաչինի միջանցքն օգտագործելու հարցը հանդիսանում է առանձին պայմանավորվածության առարկա…»: Ի՞նչ հետեւանքներ ունեցավ հայկական կողմի համար «ընդհանուր պետության» ծրագիրը, որն, ի դեպ, մերժել է Ադրբեջանը եւ այժմ փորձում է հայկական կողմից նոր զիջումներ կորզել: Ա. Հանուն ԼՂՀ-ի կարգավիճակի՝ անորոշ ժամանակով եւ հեռանկարով հետաձգելով Լաչինի միջանցքի կարգավիճակի հարցը, Հայաստանը, այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղը հանձնում է Ադրբեջանին՝ «նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Ուստի, «ընդհանուր պետության» գաղափարին փարվելուց հետո Հայաստանը ինքնաբերաբար եւ անառարկելիորեն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը (տես Ստամբուլի խարտիան, ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագիրը, Ռուս-հայկական հռչակագիրը): Բ. Անորոշ ժամանակով եւ հեռանկարով հետաձգված Լաչինի միջանցքի հարցով բանակցությունների հաջորդ փուլում բացվելու են նոր սակարկություններ: ԼՂՀ-ի անվտանգության գլխավոր երաշխիքը հանդիսացող Լաչինի միջանցքը հայկական կողմին տրամադրվելու է Մեղրիի, Շուշիի եւ այլ միջանցքների գնով: Գրավյալ տարածքներն առաջին փուլում հանձնելուց հետո Հայաստանը հանձնելու է միայն իր տարածքները: Երկու ամիս հետո Ժնեւում հրապարակ է հանվելու «չորրորդ» տարբերակը, եւ ինչպես էլ այն կոչվի, հայկական կողմը պետք է խուսափի Հայաստանի տարածքների նկատմամբ հսկողության կորստից եւ պայքարի հանուն ԼՂՀ-ի ու Լաչինի կարգավիճակների սինխրոն լուծման: ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ